Ո՞ր երկրներն են գերադասում փախստականները

Երբ տասնամյակներ առաջ «կապիտալիստական» և «սոցիալիստական» երկու ճամբարների առաջնորդ երկրները ամեն գնով միջամտում էին ուրիշ երկրների ներքին գործերին՝ դրանցում իրենց ժողովրդավարությունն ու սոցիալիզմը իբր տարածելու, երևի չէին էլ երևակայում, թե ինչ ապագա են պատրաստում հենց իրենց համար: Այսօր արդեն ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքի չկայացած ժողովրդավարացումը Եվրոպան ողողել է օրվա ապրուստ փնտրող օտարալեզու և օտարակրոն փախստականներով: Նրանց սովամահ չանելու, նաև հնարավոր գողություններն ու ավազակային հարձակումները կանխելու համար հիմա պետք է գրպանները լայն բացեն:
 
Եվրամիության տարածքում ապաստան հայցողներին սոցիալական վճարներ են հատկացվում, սակայն ամեն երկիր ինքն է որոշել դրա չափը: 
Բնականաբար, մշտական եկամուտ չունեցող փախստականները բնակության համար ընտրում են այն երկրները, որոնք ավելի շատ են վճարում: Եվ ամբողջ Եվրոպայով անընդհատ տեղաշարժվելով՝ լրացուցիչ բարդություններ են ստեղծում: Ահաև Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզիերը կոչ է արել հավասարեցնել Եվրամիության անդամ պետություններում ապաստան հայցողների սոցիալական նպաստները: 
 
Դժվար չէ կռահել, որ Գերմանիայում սահմանված բարձր սոցվճարները մագնիսի պես այնտեղ են ձգում բազմաթիվ ներգաղթյալների՝ բազմապատկելով ներքին գործերի աշխատակիցների հոգսերը: 
 
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հավանություն է տվել դրան («Եվրանյուս»-ն է հաղորդել): Նա ասել է, թե հարկավոր է անհապաղ վերջ տալ ԵՄ տարածքում փախստականների տեղաշարժի այդ գործելակերպին:  
 
- Սա համաեվրոպական ճգնաժամ է, որը մենք կարող ենք լուծել միայն միասնական ջանքերի շնորհիվ- ասել է Տայանին։
 
Այն մարդիկ, ովքեր հիմա ստիպված են հաշվել եվրոպացիների տրամադրած սոցնպաստների գումարները՝ հանուն ավելորդ գռոշի թափառելով Եվրոպայով մեկ, անկասկած կգերադասեին ապրել իրենց հայրենիքում, մարդավարի տունուտեղ, աշխատանք ունենալ, իսկ Եվրոպա մեկնել՝ միայն աշխարհ տեսնելու համար: 
 
Ժամանակին, երբ նույն Եվրոպան կարող էր կանխել հայերի տեղահանություններն ու ջարդերը, թուրքերի հետ քաղաքական կեղտոտ շահերը գերադասեց մարդկության ապահով ապագայից: Ու հիմա խփշտում է այն մածունը, որը սեփական ձեռքերով է բրդել: