Դեպի ո՞ւր կգնան Սիրիա-Թուրքիա հարաբերությունները

 «Ձիթենու ճյուղ» խաղաղասիրական արտահայտությունը ծաղրելով՝ Թուրքիան հունվարի 20-ից ի վեր Սիրիայի քրդերի դեմ այս անունով ռազմական գործողություն է վարում Արֆինում, որտեղ, ի դեպ, ձիթենու հսկայական ծառաստաններ են տարածվում:
 
Այսպիսով, Սիրիայում նշմարվող պատերազմի ավարտը Թուրքիան կանխեց՝ խառնելով նաև շատերի խաղաթղթերն ու գործողությունների ծրագրերը: Ու հիմա Սիրիան պետք է կարողանա հակահարված տալ նոր մարտահրավերին:
 
Փետրվարի 15-ին Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայի կառավարության և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» խմբակցության միջև՝ Արֆինում տեղակայելու սիրիական զինուժի ստորաբաժանմումները, որպեսզի կարողանան հակահարված տալ թուրքական հարձակումներին: 
 
Արֆինում 1,5 մլն քուրդ բնակիչներ ու փախստականներ կան, որոնց Թուրքիան ահաբեկիչներ է անվանում՝ իրեն իրավունք վերապահելով նրանց ոչնչացնել: Իբր՝ ահաբեկիչների դեմ պայքար է մղում, հո վատ բան չի՞ անում:
Ռուսական ՏԱՍՍ-ը հայտնում է, որ պաշտոնական Դամասկոսը հեռուստաալիքի այս հաղորդումը դեռևս չի հաստատել: Սակայն դժվար է երևակայել, թե նման հաղորդումը կարող էր հիմքից զուրկ լինել: Բայց եթե Թուրքիայի դեմ դուրս գան արդեն Սիրիայի կառավարական ուժերը, այլ ոչ թե ահաբեկիչներ հռչակված արֆինցիները, դա կնշանակի պատերազմ Թուրքիայի ու Սիրիայի միջև: Ճիշտ է՝ Դամասկոսը դատապարտել էր թուրքական հարձակումները, սակայն հակահարված չէր տվել:  
 
«Օսմանյան բռունցքով» անգամ ԱՄՆ-ին սպառնացող Թուրքիան Օսմանյան կայսրության երբեմնի տարածքները վերադարձնելու համար շատ ջրեր կարող է պղտորել, կարող են շատ սահմաններ վերափոխվել: Տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող ուժերը, թերևս, կարող են նրան զսպել, սակայն երևում է՝ Սիրիայի ու Թուրքիայի միջև պատերազմը կանխելը նրանց ծրագրերի մեջ չի մտնում: