Ամենակարևորը` ապահովել երկրների քիբերանվտագությունը

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

Մինչ մարդկությանը համաշխարհային նոր պատերազմ է սպառնում` Սիրիայի շուրջը վերստին սրված հարաբերությունների ու գործողությունների համապատկերին, նախորդ երկու համաշխարհային պատերազմների մեղավոր Գերմանիայի պաշտպանության նախարարը բոլորին զգուշացնում է աշխարհի կայունությանն սպառնացող մեծագույն վտանգի` քիբերգրոհների մասին: 

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի մտահոգությունը հրապարակել է ամերիկյան  CNBC հեռուստաալիքը: Նախարարը նշել է, որ պետությունների քիբերանվտանգությանը կարող են սպառնալ ամենատարբեր հակառակորդներ, այդ թվում նաև ահաբեկիչները: Անգամ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ըստ գերմանուհի նախարարի, քիբերտարածությունն օգտագործում է տարբեր երկրների դեմ պայքարելու նպատակով:

- Շատ երկրների համար ամենակարևոր խնդիրը կդառնա քիբերանվտանգության ապահովումը,- շեշտել է Լյայենը:

Այսօր ո՞վ կարող է կյանքը պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների: Եվ ո՞վ կարող է երաշխավորել, որ թվայնացված տեղեկություններն ու տվյալներն ամեն րոպե չեն ոչնչնանա, չեն աղավաղվի կամ չեն դառնա սոցցանցերի միլիոնավոր օգտատերերի կամ գաղտնի ծառայությունների սեփականությունը: Ամեն ինչ ոչնչնացնող գերհզոր զենքերի առկայությանը զուգահեռ` ստեղծվել են գաղտնազերծող, ապատեղեկացնող, խուճապ տարածող այսպիսի թվային գործիքներ, որոնց համար ժամանակն ու տարածությունը գրեթե սահմանաբաժանումներ չունեն:

Անցած աշխարհամարտերի դառնությունը ճաշակած Գերմանիայում, երևում է, հասկացել են, որ աշխարհի կայունությունը ամենակարևորն է, և զգուշացնում են` սկսեք ձեր անվտանգությունը կառուցել քիբերգրոհներից պաշտպանվելու շեշտադրումով:

Ինչ խոսք` շատ ողջամիտ կոչ է, միայն թե մարդկության անվտանգությունը տնօրինողները երբևէ ողջամտությամբ աչքի չեն ընկել: Բայց արդյո՞ք այն կսթափեցնի երկրների ռազմական պատասխանատուներին, որոնք նման վտանգների դեմն առնելու փոխարեն շարունակում են աշխարհի տարբեր կետերում հուր ու կրակ թափել կամ միջուկային զինանոցներով իրար սպառնալ: