Պատմական փաստերը ճանաչելը՝ բարոյական քայլ

Պատմական փաստ է, որ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին հրեա առանձին անհատներ համագործակցել են նացիստների հետ և օգնել են նրանց:  Սա պնդում է Լեհաստանի կառավարության ղեկավարի գրասենյակի պետ Միխալ Դվորչիկը՝ ակնարկելով կիրակի Մյունխենում Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մուրավեցկու ելույթին, որին «Ավանգարդն» արդեն անդրադարձել է:
 
- Վարչապետը, անտարակույս, խոսել է այն մասին, որ նացիստների հետ համագործակցողների մեջ եղել են ինչպես լեհեր, այնպես էլ այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք այդ ժամանակ ապրել են Լեհաստանի տարածքում: Համագործակցողների մեջ հրեաներ ևս եղել են: Սա ցավալի ճշմարտություն է,- լեհական հեռուստատեսության եթերում ասել է Դվորչիկը՝ շեշտելով, որ նման քննարկումներ տեղի են ունենում նաև Իսրայելում.   
 
- Վարչապետը խոսել է պատմական փաստի մասին: Սա փաստ է, որի մասին գրում են լեհ, հրեա պատմաբանները, նաև արտասահմանցի փորձագետները: 
 
Հիշենք, որ Լեհաստանը 2005թ. արիություն է ունեցել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ հակառակ պատմական փաստերն աղավաղել ձգտող Թուրքիայի սպառնալիքների: Նույն Իսրայելին պատմական փաստերը չեն հետաքրքրում: Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթում մերժելուց հետո այնտեղից մեկնաբանություն է հնչել, թե իրենք իրավասու չեն գնահատական տալու 100 տարի առաջ Թուրքիայում կատարված դեպքերին: 
 
Սա, իհարկե, նրանց պաշտոնական դիրքորոշումն է: Սակայն այս դեպքում նույնպես հրեական հասարակության մեջ կան այլախոհներ, որոնք փորձում են պատմական ճշմարտությունն ընդունելը բարոյական հարթակ բերել: Հարցը խորհրդարան մտցրած կուսակցության ղեկավար Լապիդը նշել է, որ չկա մի պատճառ, հանուն որի Քնեսեթը՝ ներկայացնելով Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դրան նվիրված հիշատակության օր չունենա: Իսկ Լապիդի խոսնակ Յաիր Զիվանը հայկական «Արմենպրեսին» տված հարցազրույցում հաստատել է, որ իրենք պայքարը շարունակելու են, քանի որ դա «ճիշտ և բարոյական քայլ է, որը պետք է անենք»: 
 
Պատմական փաստերը վկայակոչելով՝ լեհական կողմը թերևս նշանակետին է խփել: Այսօր հենց պատմական փաստերի աղավաղումն է աշխարհը հասցրել ամենօրյա ահաբեկչական հարձակումների ու օրեցօր խտացող հակամարտությունների իրավիճակին: Ու հենց բարոյականությունն է, որ աշխարհին պակասում է, որպեսզի դրանք ճանաչվեն և արդար մեկնաբանվեն: