Դեմոկրատները Թրամփի նախաձեռնություններն արգելափակելու հնարավորություն ստացան

Երեքշաբթի Միացյալ Նահանգներում անցկացված միջանկյալ ընտրությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվանել է «շլացուցիչ հաջողություն:
 
Թրամփի ներկայացրած հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է ապահովել Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում: Սակայն դժվար է ԱՄՆ նախագահի ոգևորությունն անկեղծ համարել, քանի որ  քվեների հաշվարկը դեռևս չավարտած՝ արդեն իսկ պարզ է եղել, որ Ստորին պալատում վերահսկողությունն անցել է դեմոկրատներին:
 
 
- Այսօր երեկոյան հսկայական հաջողության ենք հասել: Շնորհակալություն բոլորին,- «Թուիթերի» իր էջում գրել է Թրամփը:
 
Փորձագետների կարծիքով՝ եթե դեմոկրատներին հաջողվի մեծամասնություն ունենալ Կոնգրեսի թեկուզ մեկ պալատում, նրանք կարող են սահմանափակել հանրապետական նախագահի քաղաքական նախաձեռնությունները: Մասնավորապես, կարգելափակվի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նրա նախաձեռնությունը, քանի որ նման ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է Կոնգրեսի հավանությունը: 
 
Ելնելով Թրամփի ոգևորության չափից՝ կարելի է ենթադրել, որ նա մեծ մտավախություն է ունեցել, թե Վերին պալատում նույնպես հանրապետականները պարտություն կկրեն: Իսկ աշխարհին այս պարագայում հետաքրքրուղը մեկ բան է՝ ամբողջ մոլորակն անվերապահորեն իր հսկողության տակ առնել ձգտող Թրամփի վարչակազմին զսպող գործոնի հանդես գալը:
 
Ճիշտ է, փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում հերթականությամբ իշխանության եկող դեմոկրատներն ու հանրապետականները մշտապես նույն քաղաքականությունն են վարում, սակայն եթե դեմոկրատների ջանքերով վերջերս Ամերիկայում Թրամփից պաշտոններ ստացած «ռազմամոլ» պաշտոնյաների եռանդը չափերի մեջ առնվի, դարձյալ աշխարհի համար մեծ բարիք կլինի: