Կարիքավորներին միջոցներ հատկացնել պետությունների ռազմական բյուջեներից

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100 տարին այս օրերին հանդիսավորապաես նշվում է Փարիզում: Ըստ էության` դա խաղաղության հաղթանակի տոն է, որին մասնակցում են աշխարհի շատ պերությունների ղեկավարներ և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խաղաղության այս առիթով  Փարիզ են եկել քաղաքական գործիչներ, որոնք իրենց պետությունների եկամուտների հսկայական մասը տրամադրում են` նոր պատերազմների պատրաստվելու համար: Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը դրան հակադրում է նույն պետություններում ապրող աղքատ խավերի կարիքները: Նա մտադրություն է հայտնել Փարիզում այսօր բացվող համաժողովում միաջազգային հանրությանը մի շատ ուշագրավ առաջարկ անել:

Այդ մասին նա դեռևս նոյեմբերի 10-ին ասել է լրագրողներին: Չեխիայի վարչապետը մտադիր է առաջարկել, որ կարիքավորներին օգնություն տրամադրվի այն միջոցների մի մասից, որոնք պետությունները ծախսում են ռազմական նպատակներով:

- Ես մտադիր եմ համաժողովի մասնակիցներին առաջարկել ռազմական ծախսերի մի մասը վերաբաշխել աղքատներին օգնելու ուղղությամբ: Ամեն տարի սպառազինությունների համար ծախսվում է 1750 մլրդ դոլար: Դա հսկայական գումար է: Հարկավոր է մտածել, թե ինչու ենք մենք, մեր մեջ ասած, թափ հաղորդում սպառազինությունների մրցավազքին, և թե ով է մեր թշնամին,- ասել է Բաբիշը:

Վարչապետի խոսքով` խաղաղության փարիզյան համաժողովը  հիանալի վայր է, որտեղ հավաքված պետական առաջնորդները պետք է այդ հարցով մտահոգ լինեն:

Փարիզյան համաժողովում նախատեսվում է աշխատանքներ տանել միջազգային լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Աշխարհում նոր թափ առնող սպառազինությունների մրցավազքը դժվար թե դրան նպաստի: Հիշենք, որ վերջերս ՆԱՏՕ-ի անդամ պետություններից պահանջում են իրենց երկրների ռազմական բյուջեները հասցնել ՀՆԱ-ի առնվազն 2%-ին:

Դեռ լավ է, որ Անդրեյ Բաբիշի նման քաղաքական գործիչներ կան: Նրանք գոնե համարձակվում են ռազմական մարդակործան ծրագերին հակադրել աղքատ մարդկանց կարիքները: Դա դժվար թե միանգամից գործնական քայլերի մղի, սակայն նման ներկայացուցչական համաժողովում գոնե ոմանց մտքերին նոր ընթացք կհաղորդի: Դրա համար, իհարկե, հռետորական ձիրք է հարկավոր, որպեսզի կարողանա իր խոսքին հաղորդել թեմայի համար անհրաժեշտ կշիռն ու համոզչականությունը: Թե Բաբիշը այդ հատկությամբ որքանով է օժտված` կերևա նրա առաջարկի ունեցած ներգործությունից: