Գուտերեշ. «Աշխարհում այլևս միակ համաշխարհային տերություն չկա»

Քանի որ այս օրերին Փարիզում խաղաղության անվան տակ հավաքվել են աշխարհի ամենառազմատենչ պետությունների ղեկավարները, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նրանց բացարձակ առաջատարին կոչ է արել քաղաքականության մեջ հաշվի առնել բազնակողմանիության սկզբունքի կարևորությունը: Նա հայտարարել է, թե աշխարհում այլևս չկա միակ համաշխարհային տերություն: Գուտերեշն այդ մասին խոսել է France Inter-ի եթերում:
 
- Բազմակողմանիությունը հենց ԱՄՆ-ին է անհրաժեշտ: Արդի աշխարհում այլևս չկա միակ համաշխարհային տերություն: Աշխարհը դարձել է առավել հատվածական և շատ ավելի համակշռված, քան էր 90-ականներին: ԱՄՆ-ի կողքին կան այնպիսի տերություններ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը: Կան նաև տարածաշրջանային տերություններ, ինչպես Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան: Այդ պատճառով էլ բազմակողմանիությունը բոլորի շահերից է բխում,- նշել է Գուտերեշը: 
 
Նրա կարծիքով՝ հարկավոր է աշխատանքներ տանել միջազգային կառույցների բարեփոխման ուղղությամբ: ՄԱԿ-ը, ըստ կառույցի գլխավոր քարտուղարի, «պետք է ավելի մոտ դառնա ժողովուրդներին, երկխոսություն ունենա քաղաքացիական հասարակությունների հետ»:
 
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ ժամանած Գուտերեշը նաև աշխարհում տիրող իրավիճակն է քննարկել «տանտիրոջ»՝ Ֆրասիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ելնելով արդի աշխարհում տեղի ունեցող գործընթացներից՝ թերևս չարժե հույսեր փայփայել, թե Փարիզում հրապարակայնորեն հնչած խոսքերի հետևում Առաջին համաշխարհայինից ավելի կործանարար պատերազմի դավեր չեն նյութվում: