Առևտրային պատերազմում հաղթողներ չեն լինում

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ընթացող առևտրային պատերազմը լուծումներ է պահանջում, և չինական կողմը, ըստ էության, բանակցությունների նոր հնարավորություններ է որոնում: Միայն թե այդտեղ կարևոր են համարում նախ և առաջ իրավահավասար պայմանները: Այդ մասին Սինգապուրում G20-ի առաջնորդների հանդիպումից առաջ խոսել է Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը, իսկ նրա սինգապուրյան ելույթը հեռարձակվել է հեռուստատեսությամբ:
 
- Ամերիկաչինական հարաբերություններում ամենանկատելին այժմ առևտրատնտեսական խնդիրն է: Սակայն մենք առաջվա նման հույս ունենք, որ կարող ենք հավասարության ու հարգանքի վրա հիմնված բանակցություններ վարել, որպեսզի գտնենք երկու կողմի համար էլ ընդունելի լուծումներ,- հույս է հայտնել Լի Կեցյանը:
 
Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ առևտրային պատերազմում հաղթողներ չկան: 
 
- Ես հավատում եմ, որ մենք՝ Չինաստանն ու ԱՄՆ-ը, կարող ենք փոխընդունելի լուծումներ գտնել,- հավելել է Կեցյանը:
 
Պետխորհրդի վարչապետի այս ելույթը հաջորդել է կառույցի փոխվարչապետ Լյու Հեի և ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի անարդյունք հեռախոսազրույցին: Ինչպես հաղորդել է South China Morning Post  պարբերականը, վարչապետ Լի Կեցյանը մոտ ժամանակներս մտադիր է այցելել ԱՄՆ, որպեսզի ամերիկյան գործընկերների հետ բանակցություններ վարի առևտրային տարաձայնությունները մեղմելու նպատակով: Wall Street Journal պարբերականի տվյալներով՝ բանակցությունների նորացումը ցույց է տալիս, որ երկու կողմն էլ փորձում են պայմանավորվածության գալ: Պարբերականը գրում է, թե ԱՄՆ-ը հայտարարել է, որ Չինաստանի հետ առևտրային գործարքի կայացման պայման է նրա կողմից որոշակի առաջարկություններ ներկայացնելը:
 
Չինաստանի իշխանություններն իրենց հերթին պնդում են, թե բանակցությունները պետք է կայանան մինչ որևէ առաջարկություն ներկայացվելը: Չինաստանը մտահոգություն ունի, որ եթե առաջարկություններ ներկայացնի մինչև բանակցություններն սկսելը, կզրկվի «ճնշման լծակներից»: 
Իսկ Ամերիկայի հայտարարած այս պատերազմի վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման պատերազմում հաղթողը կարող է լինել մարդկային զանգվածների աղքատացումը, գնաճից և վերջին եկամուտներից զրկվելու ահից առաջացած հուսազրկությունը, տնտեսական քաոսը… 
 
Երկու երկրների միջև առևտրային պատերազմը ծագել է 2018թ. հուլիսի 6-ին, երբ գրեթե ամբողջ աշխարհի համար բարձր մաքսատուրքեր սահմանող Վաշինգտոնը 25% մաքսատուրք է սահմանել Չինաստանից ներմուծվող 818 անուն ապրանքների վրա, որը ընդհանուր հաշվով հավասար է տարեկան 34 մլրդ դոլարի ապրանքի մատակարման ծավալի: Որպես պատասխան՝ նույն օրը Չինաստանը 25% մաքսատուրք է դրել ամերիկյան նույն ծավալի ապրանքների ներմուծման վրա: Սեպտեմբերի վերջին ուժի մեջ են մտել ԱՄՆի 10%-անոց նոր մաքսատուրքերը, այս անգամ՝ 200 մլրդ դոլարի չափով: Չինաստանը սրան պատասխանել է 10% և 5% մաքսատուրքերով՝ 60 մլրդ դոլարի ընդհանուր ծավալով: 
 
Իհարկե, միայն բանակցությունները կարող են այս անհեթեթ մրցավազքի համար որևէ լուծում գտնել: Սակայն Միացյալ Նահանգների համար հավասար իրավունքների դիրքերից խոսելը, ինչի կոչ է անում Չիանասատնը, կարծես թե ամենաանընդունելին է: Դա այնքան ակնհայտ է, որ օրերս անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն է ԱՄՆ-ին նախազգուշացրել, թե համաշխարհային տերության դերը նրա համար արդեն ժամանակավրեպ է: