Ուկրաինայում «ցրտային ահաբեկչություն» է

Ուկրաինայում արդեն սկսել է հետևանքներ թողնել «Սպանության արտոնագիրը»՝ ինչպես գազն անջատելու համար «Նավթագազին» տված թույլտվությունը դիպուկ բնորոշել էր Ռադայի պատգամավար Ալեքսանդր Վիլկուլը: Նոյեմբերյան ցրտերին ջեռուցումից զրկված բազմաթիվ քաղաքացիներ այս օրերին ցույցի են դուրս գալիս, իսկ նախագահի ենթադրյալ թեկնածուներից ամենաբարձր վարկանիշն ունեցող Յուլյա Տիմոշենկոն նոր առիթ է ստացել մի լավ քննադատելու Պյոտր Պորոշենկոյի իշխանությանը: Ընդդիմադիր «Բատկովշչինա» կուսակցության առաջնորդը երկրում ստեղծված իրավիճակն անվանել է «ահաբեկչություն ցրտի միջոցով»:
 
Ըստ Յուլյա Տիմոշենկոյի՝ Ուկրաինայի որոշ քաղաքներում ջերմամատակարարման բացակայությունը «ցրտային ահաբեկչություն» է, իսկ այդ իրավիճակի պատասխանատուն նախագահ Պյորտր Պորոշենկոն է: «Նավթագազի» պարտքերի պատճառով առանց գազի են մնացել և չեն կարողացել ջեռուցման տարեշրջանն սկսել Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ և
Չերկասկի մարզի Սմելա քաղքաները, խնդիրներ են եղել նաև Խերսոնում: 
 
Կրիվոյ Ռոգում երկուշաբթի բնակիչներն անկարգություններ են կազմակերպել «Կրիվոռոժգազի» մոտ, Սմելայում ստիպված են եղել արտակարգ իրավիճակ հայտարարել, իսկ Խերսոնում առանց ջեռուցման է մնացել դպրոցների մի մասը: Հնարավոր է՝ արդեն դադարեցվել է նաև Շեպետովկայի գազամատակարարումը: 
 
- Այն, ինչ այսօր անում են մարդկանց  կյանքի հետ, ահաբեկչություն է ցրտի միջոցով, դա ծաղրուծանակ է զրոյական թոշակների և նպաստների պայմաններում,- Տիմոշենկոյի խոսքերն է տարածել նրա ղեկավարած կուսակցության մամուլի ծառայությունը: 
 
Քաղաքական գործիչը վրդովմունք է՝ հայտնել, որ այժմ ամբողջ Ուկրաինայում կան բանկավայրեր, որտեղ երեխաները դպրոցներում մնացել են առանց ջեռուցման, չեն տաքացվում հիվանդանոցներն ու բնակարանները: Տիմոշենկոյի բերած տվյալների համաձայն՝ մեկ ամիս է, ինչ ջեռուցման տարեշրջանն սկսվել է, և այդ ընթացքում 22 ջերմամատակարարման համակարգեր բնական գազ չեն ստանում, որի պատճառով ցրտի են մատնվել դրանցից օգտվող բազմաթիվ մարդիկ: 
 
- Հանքավայրերը, որոնք երբևէ պատկանել են պետությանը, Յանուկովիչի ժամանակ հանձնվել են մասնավոր անձանց, ինչպես նաև Պորոշենկոյին շրջապատին՝ կաշառքի դիմաց: Նրանք, որպես սեփականություն ունենալով մեր բնական հանքավայրերը, մյուս կողմից էլ ազդեցություն ունենալով ամբողջ իշխանության վրա՝ գազ են մատակարարում խելքից-մտքից դուրս գներով: Մարդիկ նման գին վճարել չեն կարողանում: Մարդկանց զրկել են ջերմություն ստանալու իրավունքից,- հայտատարել է կուսակցապետը: 
 
Մնում է միայն զարմանալ, թե էլ ինչի՞ համար էին հազարավոր մարդիկ մայդաններում սառչում ու իշխանության բերում Պորոշենկոյին: Որպեսզի հիմա էլ տներում, դպրոցներում, հիվանդանոցներում սառչեն քաղաքականությունից անտեղյակ նրանց երեխաները: