ՆԱՏՕ-ի ժամանակներն անցե՞լ են

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ համաեվրոպական զինված ուժեր ստեղծելու առաջարկն արդեն բազմաթիվ առարկությունների է հանդիպել: Բան այն է, որ ըստ Մակրոնի՝ Եվրոպան կարիք ունի պաշտպանվելու Ռուսաստանից, Չինաստանից, անգամ Միացյալ Նահանգներից: Այս գաղափարն արդեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արձագանք  է հնչել Չինաստանից, թե իրենց երկիրը Եվրոպայի համար երբեք վտանգավոր չի եղել:
 
Մակրոնի առաջարկին բավական ուշագրավ է արձագանքել նաև Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Նոյը: Ընդ որում՝ նա իր կարծիքը հայտնել է ռուսական «Իզվեստիային»: 
 
Բունդեսթագի պատգամավորի համոզմամբ՝ Գերմանիային հարկավոր է կոլեկտիվ անվտանգության նոր համակարգ՝ առանց ՆԱՏՕ-ի, բայց Ռուսաստանի մասնակցությամբ: 
 
Բունդեսթագում մեկնաբանել են Ֆրանսիայի նախագահի գաղափարը՝ ստեղծել համաեվրոպական բանակ, որպեսզի պաշտպանվեն Արևելքից եկող վտանգից: Ինչպես «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է Նոյը, դա չի օգնի ապահովել Եվրոպայի անվտանգությունը: Ավելին, նա համոզված է, որ հասարակությանը փորձում են մոլորության մեջ գցել «եվրոպական» բառով: Եվ այդ ամենը նրա համար, որպեսզի սքողեն իերնց միապետական հակումները: 
 
- ՆԱՏՕ-ի ժամանակներն անցել են, և անհրաժեշտ է, որ  Գերմանիան դրանից հեռանա: Ավելին, այժմ կարևոր է Եվրոպայում ստեղծել կոլեկտիվ անվտանգության նոր համակարգ, այդ թվում՝ նաև Ռուսաստանի մասնակցությամբ,- հայտարարել է Ալեքսանդր Նոյը, ով «Ձախերի» կուսակցությունից Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի անդամ է: 
 
Ուժերի նման դասավորությունը կարծես թե կարող է իրոք Եվրոպան առավել ապահով դարձնել, սակայն պարզ է, որ ամեն գնով կցանկանան դրան խոչընդոտել Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի ղեկն իրենց ձեռքում պահողները: