Չեզոքության «ուխտ» ունեցող Ավստրիան ԵՄ միացյալ բանակին չի անդամակցի

Համաեվրոպական բանակ ստեղծելու մասին Էմանուել Մակրոնի առաջարկին այժմ էլ արձագանքել է Ավստրիայի պաշտպանության նախարարությունը: Նման բանակի միանալու հնարավորությունը Ավստրիան բացառում է: Իսկ պատճառը մեկն է՝ այդպես է կանխորոշել երկրի սահմանադրությունը:
 
Իր մշտական չեզոքությունը նկատի ունենալով՝ Ավստրիան չի կարող մասնակցություն ունենալ Եվրամիության բանակին: Այդ մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: 
 
- Ավստրիան չեզոք է: Մենք այդ ծրագիրը գնահատելու հիմքեր չունենք: Դա հակասում է Ավստրիայի սահմանադրության դրույթներին,- նրա խոսքերն է մեջբերել Kurier լրագիրը:
 
Երբ նոյեմբերի 6-ին Մակրոնը հայտարարել էր, թե Եվրոպան պետք է սեփական միացյալ զինուժն ստեղծի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այդ ծրագրին հավանություն էր տվել՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նիստի ժամանակ: 
 
1995թ.-ից Եվրամիության անդամ Ավստրիայում մշտական չեզոքության մասին դաշնային սահմանադրական օրենքն ընդունվել է դեռևս 1955թ.: Դրա նպատակն է եղել ամրապնդել երկրի անկախությունը և ապահովել տարածքների անձեռնմխելիությունը: Այնտեղ նշված է, թե Ավստրիան իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավորություններով պետք է պահպանի և պաշտպանի իր չեզոքությունը, երբեք չներգրավվի ոչ մի ռազմական միության մեջ և թույլ չտա, որ իր տարածքում արտասահմանյան պետությունների ռազմական հենակետեր ստեղծվեն: 
 
Մինչև 1918թ. Եվրոպայում թելադրող դիրք ուներ Ավստրո-Հունգարիան, որից էլ հետագայում ձևավորվեց Ավստրիա պետությունը: Չեզոքությունն այժմ ոչ միայն նրա սահմանադրության դրույթներից մեկն է, այլ կարծես թե, իրոք, գործելակերպ է: Դեռ հայտնի չէ՝ Եվրամիության այդ ենթադրյալ զորքերը որքանով կնպաստեն աշխարհի խաղաղությանը, սակայն ռազմական չեզոքություն պահպանելն ու այլ պետությունների դեմ սեփական հողում ռազմական հենակետերն արգելելն արդեն իսկ դրական է:  
 
Այս օրերին համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարին  դեմ էր արտահայտվել նաև Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Նոյը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ժամանակներն անցել են: Ըստ էության՝ դա են ապացուցում նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջարկը և Գերմանիայի կանցլեր Մերկելի հավանությունը: Եթե ՆԱՏՕ-ն իրեն վերապահված դերը կատարեր ինչպես հարկն է, նրա անդամ պետությունների մտքով չէր անցնի ռազմական նոր միավորում ստեղծել: