Ճապոնացիները կենսաթոշակի կանցնեն 70 տարեկանում

Վիճակագրությունը վաղուց է փաստում, որ մոլորակի որոշ պետություններում կյանքի միջին տևողությունը նշանակալիորեն երկարել է: Իսկ որքան երկար է ապրում մարդը, այնքան երկար ժամանակ պետությունը հարկադրված է նրան կենսաթոշակ վճարել:
 
Ելնելով ԽՍՀՄ ավանդույթից՝ Ռուսաստանում դեռևս կենսաթոշակի տարիք է համարվում 50-60 տարեկանը, իսկ այդ շեմը մինչև 65 բարձրացնելու որոշումը երկրի բնակիչների շրջանում բուռն դժգոհություն է առաջացրել:
 
Վերջերս համացանցում հրապարակվել էր մի ցանկ, ըստ որի Ռուսաստանի համարյա ոչ մի շրջանում տղամարդկանց միջին տարիքը 65-ի չի հասնում: Ասել կուզի՝ կենսաթոշակ վճարելու, ավելի ճիշտ՝ չվճարելու խնդիրն այնտեղ դյուրին լուծում է գտնում: 
 
Իսկ ահա Ռուսաստանի արևելյան սահմանակից Ճապոնիայում ծրագրում են կենսաթոշակային տարիքը 65-ից հասցնել 70-ի: Այստեղ էլ խնդիրը բնակչության արագ «ծերացման» պայմաններում երկրի «արդյունաբերական աճը» շարունակելն է: Տեղեկությունը նոյեմբերի 22-ին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով այդ հարցով հանձնաժողովի զեկույցը: Նշվում է, որ կենսաթոշակային տարիքի ավելացման հարցը նոյեմբերի 26-ին քննվելու է Տնտեսական և ֆինանսական քաղաքականության խորհրդի նիստում, որպեսզի մինչև ամառ նախապատրաստվի վերահսկիչ փաթեթը:  
 
Կենսաթոշակային տարիքի բարձրացման օրինագիծը ենթադրվում է ընդունել 2020թ.: Այն պետք է հաշվի առնի աշխատանքային գործունեության տարբեր պայմանները, օրինակ՝ կարճ աշխատանքային օրերը, հեռակա աշխատանք տնից, տարեց աշխատակիցներ աշխատանքի ընդունելու համար ընկերություններին տրվող հավելավճարները:
 
Միայն թե, ի տարբերություն Ռուսաստանի, նույնիսկ 70 տարեկանում կենսաթոշակի գնացող ճապոնացիները պետության այդ նպաստից տասը տարուց ավելի օգտվելու հնարավորություն ունեն: Ճապոնիայում մահացության միջին տարիքը տղամարդկանց համար 80,89 տարին է, կանանց համար՝ 87,14-ը: Ճապոնական կառավարության տվյալներով՝ երկրի ամեն 4-րդ բնակիչ 65 տարին անց է: Ճապոնիայի բոլոր 47 պրեֆեկտուրաներում ավելի շատ տարեցներ են ապրում, քան մինչև 14 տարեկան երեխաներ: 
 
Իհարկե, լավ է, որ Ճապոնիայում մարդուն հնարավորություն են տալիս աշխատել մինչև 70 տարեկանը, քանի որ շատերն այդ տարիքում էլ գործունակ են: Բայց հազիվ թե նրանց այս փորձը կիրառելի լինի այլ երկրներում: Չէ՞ որ շատերն էլ ծանր աշխատանքի տարիներին կորցնում են գործունակությունը՝ կենսաթոշակային սահմանված տարիքին չհասած, և եթե պետությունը լավագույն դեպքում ընդամենը խորհրդանշական նպաստ սահմանի նրանց համար, ի՞նչ է մնում այդպիսի մարդկանց, եթե ոչ կյանքն ավարտել չքավորության մեջ: Կամ ապավինել մերձավոր ազգականների ողորմածությանը: