Որքանո՞վ է ապահով մե՛ր մոլորակի պտույտը

Արեգակի շուրջը պտտվող մոլորակների հետ միլիարդավոր տարիներ առաջ տեղի ունեցած աղետի ապացույցներ է գտել Մեծ Բրիտանիայի Դարեմի համալսարանի աշխատակից Ջեյքոբ Քեհերեյը: Խոսքը Ուրանի մասին է, որը մի կողմից հարևան է Արեգակնային համակարգի երկրորդ հսկա մոլորակ Սատուրնին, մյուս կողմից՝ չափերով համարյա իրեն հավասար, իսկ Երկրից գրեթե 4 անգամ խոշոր Նեպտունին: Ըստ գիտնականի՝ այդ աղետի հետևանքով այն ժամանակ փոխվել է Ուրանի առանցքը (հաղորդում է  Phys.org-ը):
 
Գիտնականը պարզել է, որ երեք-չորս միլիարդ տարի առաջ Ուրանի մեջ է խրվել Երկրից կրկնակի խոշոր տիեզերական մարմին: Աղետը տեղի է ունեցել նախքան սառցե հսկայի արբանյակների ձևավորումը: 
 
Համակարգչային նմուշավորումը ցույց է տալիս, որ բախումը և մոլորակի առանցքի փոփոխությունը տևել է ընդամենը ժամեր: Դրա պատճառով Ուրանն սկսել է պտտվել գործնականում «կողքի պառկած»: Քեհերեյը համոզված է, որ դա ներգործել է նաև նրա արբանյակների թեքման անկյունների վրա, ինչպես նաև սառցե թաղանթ է կազմավորել այդ երկնային մարմնի շուրջը:
 
Ըստ էության, բրիտանացի գիտնականի հետազոտությունն անարձագանք չի մնացել: NASA-ի աշխատակից Ջիմ Գրինի խոսքով՝ բացառված չէ, որ այդ հսկայական տիեզերական մարմինը դեռևս գտնվում է Արեգակնային համակարգության սահմաններում, և կարող է պարզվել, որ այն մեր աստղային տարածքի տասներորդ մոլորակն է: (Մինչդեռ այժմ շատ է խոսվում նաև այն մասին, թե Պլուտոնը լիարժեք մոլորակ համարել չի կարելի, այլ այն պետք է համալրի Արեգակի շուրջը պտտվող գաճաճ մարմինների շարքը: Այնպես որ՝ տասներորդ մոլորակի մասին թերևս դժվար է միանշանակ խոսք ասել):
 
Իսկ Ուրանի կրած փորձությունը, որքան էլ միլիարդավոր տարիներ առաջ է եղել, ցույց է տալիս, որ տիեզերական հսկաներն իրար բախվելու հատկություն ունեն, և դրանից զերծ չէ նաև մեր մոլորակը: Երբ տարիներ առաջ դեպի Երկիր շարժվեղ հսկայական երկնային մարմինն ընկավ ամենախոշոր մոլորակի՝ Յուպիտերի ձգողականության դաշտը և «վնասազերծվեց», եղան մարդիկ, որ ասացին, թե այդ մեր մոլորակային համակարգությունում առկա բանականությունն է մարդաբնակ Երկիրն ազատել ստույգ կործանումից: 
 
Իսկ մարդկությունը, որն իրեն համարում է գոնե Արեգակի շուրջը պտտվող ամենայն ինչից միակ բանականը, ինչո՞վ է զբաղված սեփական տանը, եթե ոչ այնպիսի զենքեր արտադրելով ու բախումներ հրահրելով, որոնց ներգործությունը հաստատ ավելի մեղմ չի լինի, քան այն նույն կրկնակի երկրաչափ մոլորակի բախումը կլիներ, այս անգամ՝ Երկրի հետ: