ԱՄՆ դաշնային գործակալություն․ Թուրքիան կրոնական ազատությունների ամենակոպիտ խախտողների ցանկում է

Հարութ ՍԱՍՈւՆՅԱՆ    
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի (USCIRF) տարեկան զեկույցը բացահայտել է, որ «2018 թ․ Թուրքիայում կրոնական ազատության վիճակը շարունակում է մնալ խորապես վրդովեցուցիչ՝ լուրջ մտահոգությունների տեղիք տալով, որ երկրի ներկայիս հետագիծն առաջիկա տարի կհանգեցնի պայմանների հավելյալ վատթարացման։ Կրոնական ազատության վաղեմի հիմնախնդիրների լուծման հարցում Թուրքիայի կառավարության կողմից որևէ լուրջ առաջընթացի բացակայությունը շարունակում է անհանգստության պատճառ դառնալ:
 
Կրոնական կամ հավատքի ազատության վերաբերյալ շատ լուրջ սահմանափակումները շարունակվում են՝ սպառնալով երկրում փոքրամասնությունների կրոնական համայնքների շարունակական կենսունակությանն ու գոյատևմանը։ Բացի այդ, պետական կառույցների և իշխանամետ լրատվամիջոցների կողմից դիվականացման աճը և արատավոր արշավը նպաստել են կրոնական փոքրամասնությունների շրջանում աճող վախի մթնոլորտին: Թուրքական կառավարությունը շարունակում է միջամտել կրոնական համայնքների ներքին գործերին՝ թույլ չտալով Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքական ընտրությունները և պահպանելով իր պահանջը, որ հունական ուղղափառ մետրոպոլիտները ձեռք բերեն Թուրքիայի քաղաքացիություն՝ եկեղեցու Սուրբ Սինոդին մասնակցելու համար»:
 
Բացի այդ, USCIRF-ը հայտարարել է, որ «ԱՄՆ-ում հաստատված հոգևոր առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդները», որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կողմնակիցն էր նրա ավելի վաղ կարիերայի ընթացքում, «շարունակվում են տասնյակ հազարներով հեռացվել պետական ծառայությունից, կալանավորվել և ձերբակալվել՝ հուլիսի 20-ին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձին ենթադրյալ մասնակցության կամ ահաբեկչության մեջ ներգրավված լինելու համար: Թուրքական կառավարությունը Գյուլենի հետ կապված անձանց անխտիր կերպով դիտել է որպես ահաբեկչական կազմակերպության մի մաս։ Պետական պաշտոնյաները շարունակում են ներգրավված լինել հակասեմիտիզմի մեջ՝ սոցիալական մեդիա հարթակներում հայտարարությունների և մեկնաբանությունների տեսքով, իսկ իշխանամետ թերթերն ու լրատվամիջոցները քարոզում էին ատելություն թե քրիստոնյաների, թե հրեաների դեմ»։
 
Վերջին երեք տարիների ընթացքում, 2016 թ․ հուլիսին նախագահ Էրդողանին տապալելու ձախողված հեղաշրջման փորձից հետո, Թուրքիայի կառավարությունը 150 հազար պետական ծառայողների ազատեց աշխատանքից և տասնյակ հազարավոր մարդկանց ձերբակալեց՝ նրանց մեղադրելով հեղաշրջման դավադրության և ահաբեկչության մեջ ներգրավված լինելու համար: Բացի այդ, 68 լրագրողներ, ամենաշատը բոլոր երկրների մեջ, բանտարկվեցին, ավելի քան 150 լրատվամիջոցներ փակվեցին, իսկ անկախ  լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվեցին կառավարության կողմից։
 
USCIRF-ը նաև ներկայացրել է հետևյալ կրոնական խախտումները Թուրքիայում.
 
1) Հանրակրթական դպրոցների աշակերտները, ներառյալ ալևիները, ստիպված են անցնել «Կրոնական մշակույթ և բարոյական գիտելիքներ» իսլամական առարկան։ Հայերը, հույները և հրեաները ազատված են դրանից։ Աշակերտները և նրանց ծնողները ազատվելու համար պետք է երկարատև դժվարին գործընթաց անցնեն կամ իրենց պահանջները ներկայացնեն դատարան։
 
2) Թուրքական կառավարությունը միջամտում է ինչպես հունական, այնպես էլ հայկական համայնքների ներքին գործերին՝ հոգևորականների ձեռնադրումը սահմանափակելով Թուրքիայի քաղաքացիությամբ։ Քանի որ Թուրքիայի հայոց պատրիարքը 2010 թվականից անգործունակ էր, թուրքական կառավարությունը թույլ չէր տալիս, որ հայկական համայնքը ընտրի նոր պատրիարք:
 
3) «Ալևիները կազմում են Թուրքիայի ամենամեծ կրոնական փոքրամասնությունը [գնահատվում է 10-25 միլիոն]: Այնուամենայնիվ, կառավարությունը երկար ժամանակ ալևիներին դասակարգում էր որպես մահմեդական և հետևաբար չկարողանալով նրանց ճանաչել որպես սուննի մահմեդականներից տարբերվող կրոնական համայնք։ Չնայած 2015 թ. փետրվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշմանը՝ կառավարությունը դեռևս քայլեր չի ձեռնարկել, որպեսզի ալևի ուսանողներն ազատվեն պարտադիր կրոնական դասերին մասնակցելուց, որոնք առաջին հերթին հիմնված են իսլամի սուննի հասկացության վրա»՝ ասված է USCIRF-ի տարեկան զեկույցում ։
 
4) Իշխանամետ տպագիր և սոցիալական լրատվամիջոցներում տարածված է հակասեմիտիզմը։ Համաձայն Հրանտ Դինքի հիմնադրամի՝ 2018 թ. հունվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում 427 ատելության խոսք է գրանցվել հրեաների դեմ։ Թուրք քաղաքական գործիչները ևս հաճախակի հակասեմական մեկնաբանություններ են անում: 
 
5) Բողոքական համայնքը շարունակում է ատելության խոսքի թիրախ լինել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտնում է, որ Թուրքիան խախտել է Յոթերորդ օրվա ադվենտիստների հիմնադրամի իրավունքները։ Բացի այդ, «Եհովայի վկաներին մերժում են  խղճի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը, նրանց սպառնում են հետապնդումներ, տուգանքներ և ազատազրկում», հայտնել է USCIRF-ը։
 
6) «Հայոց Պատրիարքարանը ձգտում է վերադարձնել Ստամբուլում գտնվող, նախկինում հայ երեխաների կրթության համար օգտագործված Սանասարյան Հանի անշարժ գույքը, որը կառավարությունը բռնագրավել էր 1935 թվականին։ Բոզջադա կղզու Հունական ուղղափառ հիմնադրամը դեռևս չի ստացել 11 անշարժ գույքի համար իրավունքը հաստատող փաստաթղթերը, չնայած 2014 թ․ սեպտեմբերին Հիմնադրամի խորհրդի ընդունած որոշման՝ գործերը փոխանցելու մասին։ Հալկիի հունական ուղղափառ աստվածաբանական դպրոցը, որը հայտնի նաև որպես Հալկիի ճեմարան, փակվել է և հնարավորություն չի ունեցել հոգևորականությանը ուսուցանել 1971 թ․ սկսած»՝  ըստ USCIRF-ի։
 
USCIRF- ը կոչ է արել ԱՄՆ կառավարությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ կրոնական ազատության բոլոր դրույթները պահպանելու և համապատասխան ուղղիչ միջոցներ ձեռնարկելու համար․․․ 
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի