Առաջին աշխարհամարտի տարիներին հայ և թուրք ռազմագերիները պահվել են Հնդկաստանում և Բիրմայում

 Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ      
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Օսմանյան կայսրությունը Առաջին աշխարհամարտի մեջ մտավ Գերմանիայի կողմից՝ ընդդեմ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և մի քանի այլ երկրների:
2.6 միլիոն օսմանցի զինվորներից 250 հազարը գերեվարվեցին Դաշնակից տերությունների կողմից որպես ռազմագերիներ: Գերության մեջ նրանցից տասնյակ հազարավորները մահացան հիվանդություններից, սովից և եղանակային ծանր պայմաններից: Օսմանցի զինվորների մեծ մասը թուրքեր էին, բայց կային նաև քիչ թվով հայեր, ասորիներ, հույներ, հրեաներ, լազեր, չերքեզներ և արաբներ: Հայ զինվորների մեծ մասը զինաթափվել էր կամ սպանվել կամ հարկադրաբար աշխատել աշխատանքային գումարտակներում: Առաջին աշխարհամարտի տարիներին մոտ կես միլիոն օսմանցի զինվորներ լքել էին բանակը:
 
Դոկտոր Համիդ Հուսեյնը Պակիստանի «Defense Journal» ամսագրում տպագրել է մի հետաքրքրաշարժ պատմություն Իրաքում գերեվարված օսմանցի ռազմագերիների ճակատագրի մասին, որոնց այնուհետև ուղարկել էին Հնդկաստան և Բիրմա (ներկայումս՝ Մյանմա): Բիրման այն ժամանակ Հնդկաստանի մի մասն էր, մինչև 1937 թ. նրա անջատումը։
Ամենամեծ թվով թուրք ռազմագերիներ գերեվարվել էին բրիտանացիների կողմից և պահվել Կիպրոսում, Եգիպտոսում ու Մալթայում, բացի Իրաքից, Հնդկաստանից և Բիրմայից: Ռուսաստանը, Ֆրանսիան, Ռումինիան և Իտալիան նույնպես գրավել էին մեծ թվով թուրք ռազմագերիների:
 
Դոկտ. Հուսեյնը գրել է, որ բրիտանացիների կողմից Իրաքում գերեվարված թուրք ռազմագերիներին սկզբում պահել են Բասրայի երկու ճամբարներում՝ մեկուսացման ճամբարում՝ «կարանտինի մեջ պահելով հիվանդ ռազմագերիներին և դիտորդական ճամբարում: Սովորաբար ռազմագերիները 2-4 շաբաթ մնացել են դիտորդական ճամբարում, նախքան Հնդկաստան և Բիրմա տեղափոխվելը: Նրանց նավերով տեղափոխել են Կարաչի և Բոմբեյ, իսկ այնուհետև՝ երկաթուղով Հնդկաստանի երկու ճամբարներ: Բելարիում ռազմագերիների մեծ մասը ազգությամբ էթնիկ թուրքեր էին, մինչդեռ Սումերպուրի [3336] ռազմագերիների մեծ մասը ոչ թուրքեր էին (արաբներ, քրիստոնյաներ և հրեաներ)»:
 
Հետաքրքիր է՝ դոկտ. Հուսեյնը բացահայտել է, որ Սումերպուրի ճամբարում «երկու հայեր, որոնք վարժ տիրապետում էին անգլերենին, ֆրանսերենին և արաբերենին, գործել են որպես թարգմանիչներ: Մահմեդականները աղոթել են ճամբարի փոքրիկ մզկիթում: Մի ֆրանսիացի վանական պարբերաբար եկել է ճամբար պատարագի համար՝ ճամբարի կաթոլիկ քրիստոնյաների համար: Կահիրեի հայոց եպիսկոպոս Թորգոմ Քուշագյանը այցելել է ճամբար 1916 թ. Սուրբ Ծննդյան տոներին:
 
Դոկտ. Հուսեյնը նաև տեղեկացրել է, որ Հնդկաստանի Բելարի քաղաքում գտնվող ռազմագերիների ճամբարում պահվում էին ընդամենը 137 օսմանցի ռազմագերի, գրեթե բոլորը սպաներ: Հետագայում ավելի շատ բանտարկյալներ բերվեցին այնտեղ: «Թուրք սպաները ռազմական բարեփոխումների արդյունք էին և աշխարհիկ՝ մտահորիզոնով: Շատերը պարբերաբար օգտագործում էին ալկոհոլ, ինչն արգելված էր մահմեդականներին։ Անհրաժեշտ էր բժշկի կարգադրությունը, և սպան կարող էր գնել ամսական երեք շիշ լիկյոր: Վիսկին և գազավորված ջուրը սիրված էին սպաների կողմից: Այստեղ մահացած որոշ ռազմագերիների թաղել էին ճամբարից դուրս: Գերեզմանների մեծ մասը վերացել են ռազմական օդանավակայանի ընդլայնման ընթացքում: 1997 թ. Թուրքիայի կառավարությունը հուշարձան կանգնեցրեց ճամբարի տարածքում և վերականգնեց մնացած երկու գերեզմանները»:
 
Բիրմայի Թայեթմիո քաղաքում գտնվող ճամբարում «կային 3591 օսմանցի ռազմագերիներ, որոնց մեծ մասը թուրքեր էին, սակայն կային որոշ հայեր, սիրիացի քրիստոնյաներ և հրեաներ: Ռանգունի մահմեդական, հայկական և հրեական կրոնական համայնքները նվերներ էին ուղարկում իրենց հավատակից ռազմագերիներին», գրել է դոկտ. Հուսեյնը։
 
Հետաքրքիր է, որ «բրիտանական ճամբարի պարետը խորհուրդ էր տվել թուրք սպաներին մզկիթ կառուցել, սակայն Սուբի բեյը, որը նշանակալից ազդեցություն ուներ բանտարկյալների շրջանում, դեմ էր արտահայտվել առաջարկությանը՝ կրոնական նկատառումներով: Նա հայտարարել էր, որ երբ ռազմագերիները հեռանան, մզկիթը լքված կլինի, իսկ դա չի թույլատրվում կրոնական կանոններով» (գրել է դոկտոր Հուսեյնը):
 
Բիրմայի Մեիքթիլ քաղաքի ճամբարում գտնվում էին շուրջ 10 հազար օսմանցի  ռազմագերիներ: «Բանտարկյալների մեծ մասն օրն անցկացնում էր պարապ նստած և խաղաթուղթ կամ նարդի խաղալով: Որոշ օսմանցի ռազմագերիների օգտագործում էին որպես աշխատողներ ծխախոտի պլանտացիաներում, ամբարտակ փորելու և Շանի երկաթուղին կառուցելու համար», գրել է դոկտ. Հուսեյնը:
 
Բիրմայի երկու ճամբարներում մահացել է շուրջ հազար օսմանցի ռազմագերի: «2012 թ. հարաբերությունները Մյանմայի և Թուրքիայի միջև բարելավվել էին, և երկու կառավարություններ պայմանավորվել էին վերականգնել գերեզմանատները: Թայեթմիոյի գերեզմանատունը վերականգնվել էր թուրքական ֆինանսավորմամբ և աշխատանքներն ավարտվել էին 2016 թվականին», հայտնում է դոկտ. Հուսեյնը:
 
Այնուամենայնիվ, Բիրմայում հակաիսլամական տրամադրությունների պատճառով կեղծ լուրեր տարածվեցին, որ մզկիթ կկառուցվի՝ «հին և քանդված գերեզմանոցը վերականգնելուց բացի, որտեղ Մեիքթիլայում թաղված են օսմանցի ռազմագերիները.... Թուրքիայի  կառավարությունը համաձայն էր վերականգնել գերեզմանատունը, սակայն մզկիթ կառուցելու ծրագիր չկար: Այս լուրը հանգեցրեց հակաիսլամական բռնությունների և գերեզմանոցը վերականգնելու ծրագիրը հետաձգվեց.... Գերեզմանոցները թալանվեցին Երկրորդ աշխարհամարտի տարիներին, իսկ 70 տարիների բարձիթողի վիճակը ջնջեց անցյալի հետքերի մեծ մասը: Տարիների ընթացքում տեղի մահմեդականները հավաքեցին շուրջ 200 գերեզմանաքարեր և դրանք տեղափոխեցին տեղի մզկիթի բակը: 2013-ին Թուրքիայի կառավարությունը նախատեսեց նաև վերականգնել ռազմագերիների գերեզմանատունը Սումերպուրում [Հնդկաստան], որն ուներ մոտ 149 գերեզման: Այս շրջանը հպարտ ռաջպուտների կենտրոնն է, որոնք Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում կռվել էին բրիտանական կողմում: Տեղացիներից ոմանք բողոքել էին վերականգնման նախագծի դեմ՝ պնդելով, որ ռաջպուտների հուշահամալիր չկա, որոնք կռվել են ամբողջ աշխարհում, մինչդեռ նախատեսվում է հուշարձան կառուցել օտարերկրյա զինվորների համար»:
 
Շատ ցավալի է իմանալ, որ օսմանյան բանակում գտնվող հայ զինվորները Հայոց ցեղասպանության տարիներին գերեվարվել և պահվել են Հնդկաստանում ու Բիրմայում: Նրանք խուսափել են մեկ աղետից՝ հայտնվելով մեկ այլ արհավիրքում՝ գերության մեջ: Նրանցից շատերը մահացել ու թաղվել են այդ հեռավոր երկրներում:
 
Հայ, թուրք և այլ էթնիկ խմբերի զինվորներն ահավոր տուժել են երիտթուրքական խունտայի անխոհեմ որոշումների պատճառով՝ Առաջին աշխարհամարտի մեջ մտնելով Գերմանիայի կողմից և մահվան դատապարտելով միլիոնավոր հայերի, ասորիների ու հույների:
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի