Արմին Վեգները խնդրել է Ֆրանց Վերֆելին չգրել իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը

(ՄԱՍ I)

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Գերմանացի զինվոր և բժիշկ Արմին Վեգներն Օսմանյան կայսրություն էր ուղարկվել Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ երկու երկրները դաշնակիցներ էին: Վեգները տեղակայվել էր Սիրիայի և Միջագետքի Բաղդադի երկաթուղու շրջակայքում, որտեղ նա ականատես է եղել հայերի տեղահանություններին ու զանգվածային սպանություններին՝ հետագայում հայտնի որպես Հայոց ցեղասպանություն: Նա մի քանի գիրք է գրել՝ նկարագրելով ականատեսի իր վկայությունները:
 
Հակառակ Հայոց ցեղասպանության տարիներին լուսանկարներ չանելու Օսմանյան կայսրության արգելքին, Վեգները հարյուրավոր բացառիկ լուսանկարներ է արել և դրանք թաքուն տեղափոխել Գերմանիա: Օսմանյան կառավարության պահանջով նրան ձերբակալեցին, իսկ նրա որոշ լուսանկարներ՝ ոչնչացվեցին: Սակայն նրան հաջողվեց իր գոտում թաքցնել շատ այլ նեգատիվներ: 1919 թ.-ին Վեգները Խաղաղության համաժողովում նամակ ուղարկեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին՝  հանդես գալով ի պաշտպանություն Հայաստանի անկախության: 1921-ին Վեգները վկայություն տվեց Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ժամանակ, որը մեղադրվում էր Բեռլինում Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշայի սպանության մեջ: Գերմանիայի դատարանը անմեղ ճանաչեց Թեհլիրյանին և ազատեց բանտից: 1927-28-ին Վեգներն իր կնոջ հետ այցելեց Խորհրդային Միություն և Խորհրդային Հայաստան: 1968-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան հրավիրեց Խորհրդային Հայաստան և պարգևատրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով: Վեգները մահացավ Հռոմում 1978-ին, 91 տարեկան հասակում: Նրա մոխիրների մի մասը թաղված է Հայաստանում: 
 
Վեգների ականավոր գործընկերն էր հրեա-ավստրիացի վիպասան, դրամատուրգ և բանաստեղծ Ֆրանց Վերֆելը: Նա հայտնի էր իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով, որը նկարագրել է հայերի դիմադրությունը օսմանյան զորքերին ցեղասպանության տարիներին: 
 
Վերֆելը 1925 և 1929 թվականներին երկու անգամ այցելել է Մերձավոր Արևելք:  Գտնվելով Սիրիայի Դամասկոս քաղաքում, նա հանդիպել է ցեղասպանությունից մազապուրծ եղած և անմխիթար վիճակում գտնվող հայ երեխաներին, ինչը ոգեշնչել է նրան գրել «Մուսա լեռան քառասուն օրը»: Աշխարհահռչակ վեպը լույս է տեսել Գերմանիայում 1933 թվականին: Վերֆելը դասախոսություններ է կարդացել Հայոց ցեղասպանության մասին ամբողջ Գերմանիայում, որի հետևանքով նրան մեղադրեցին հակաթուրքական քարոզչություն տարածելու մեջ: Նացիստական Das Schwarze թերթը դատապարտեց նրան այն բանի համար, որ նա քարոզչություն է իրականացրել «հայերի դեմ գործած ենթադրյալ թուրքական սարսափների» դեմ: Նույն գերմանական թերթը, ակնարկելով հայերի և հրեաների միջև կապը, դատապարտեց «Ամերիկայի հայ հրեաներին՝ ԱՄՆ-ում Վերֆելի գրքի վաճառքին նպաստելու համար: Նացիստներն այրել են նրա գրքերը: Նա ստիպված է եղել փախչել և ի վերջո հաստատվել է Լոս Անջելեսում, որտեղ մահացել է 1945-ին: Նրա մարմինը վերաթաղվել է Վիեննայում 1975 թվականին:
 
Հետաքրքիր է, որ այս երկու նշանավոր հայամետ գրողները բախվեցին միմյանց, երբ Արմին Վեգները 1932 թ․ դեկտեմբերի 14-ին ծավալուն նամակ գրեց՝ խնդրելով Ֆրանց Վերֆելին չգրել իր վեպը՝ «Մուսա լեռա քառասուն օրը», քանի որ ինքը հայ ժողովրդի մասին քառահատոր աշխատություն գրելու ընթացքի մեջ է։ Վերֆելը 1932-ի դեկտեմբերի 23-ին կարճ նամակով պատասխանեց Վեգներին՝ բացատրելով, որ իրենց ծրագրած գրքերը չեն հակասում միմյանց, քանի որ դրանք վերաբերում էին Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտներին: Ես կցանականայի շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի Արմին Թ. Վեգների ընկերության նախագահ Զավեն Խաչատրյանին, որը գերմաներենից անգլերեն է թարգմանել երկու նամակները: Երկու նամակների գերմաներեն բնօրինակները պահվում են Շիլեր Ազգային թանգարանում (Shiller-Nationalmuseum) և Գերմանական գրականության արխիվում (Deutsches Literaturarchiv) Մարբախ/Նեքար, Գերմանիա։  Ահա հատվածներ այս երկու պատմական նամակներից․
 
Վեգները Բեռլինի իր տնից գրել է Վիեննայում գտնվող Վերֆելին․«Երբ մի քանի օր առաջ, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո ես Մերանից վերադարձա Բեռլին, առաջին բանը, որ իմ ընկերներն ասացին ինձ, և այն, որ կարդացի թերթում դրանից հետո այն էր, որ Ֆրանց Վերֆելը վեպ է գրում հայ ժողովրդի կործանման մասին։ Ես ընկերներիս աչքերում տեսա, որ նրանք վախենում էին ինձ վշտացնել այդ լուրով, որը նրանք չէին ուզում թաքցնել ինձանից։
 
Դուք պետք է իմանաք սիրելի ընկեր և վարպետ, որ ես ինքս մի ծավալուն վեպ էի գրում հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Ես զարմացած եմ, որ Դուք չեք լսել դրա մասին իմ բազմաթիվ հրապարակումների միջոցով, եթե ոչ այլ կերպ՝ Պրուսիայի արվեստի ակադեմիայի Պոեզիայի բաժնին ուղղված իմ նամակից։ 1930-ի աշնանը ես ավելի մանրամասն ներկայացրեցի իմ հայկական վեպի նախագիծը: Այս նամակը պատճառ հանդիսացավ, որ Ակադեմիան ինձ ավելի մեծ աջակցություն ցուցաբերեց դրա վրա աշխատելու համար։ Կամ, թերևս, Հայաստանի մասին գրած իմ գրառումների և գրական շրջանակներում հանրահայտ փաստով, որ ես կապված եմ եղել հայ ժողովրդի ճակատագրի զարգացումներին, ոգեշնչել եմ Ձեզ՝ անդրադառնալ այս ահռելի հարցին Ձեր սեփական ձևով։ 
 
Դուք կարող եք արդարացիորեն պատասխանել, որ պատմությունը յուրաքանչյուր մարդու և արվեստագետի գործունեության ոլորտն է, և որ ոչ ոք չի կարող խոչընդոտել տարածք ընտրելու նրանց գեղարվեստական ստեղծագործության համար, որը դուր է գալիս և հրապուրում է նրանց։ Այնուամենայնիվ, Դուք կհասկանաք, որ Ձեր ծրագրի ուղերձն ինձ մոտ որոշակի անհանգստություն առաջացրեց, երբ լսեք իմ և հայ ժողովրդի կործանման միջև ցկյանս կցորդի ճակատագրի մասին որպես մարդկային և գեղարվեստական փորձառություն։
 
Կարող է պատահել, և բազմիցս պատահել է, որ միևնույն նյութը գրավել է երկու բանաստեղծների միաժամանակ և միմյանցից անկախ (կամ նույնիսկ գիտակցաբար)։ Դա տեղի է ունեցել վերջերս, երկու դրամատուրգ, գրեթե միաժամանակ, պիես են գրել Պանամայի ջրանցքի մասին (նույն կերպ, երկու գրողներ գրել են «Կոպենիկի կապիտան» պիեսը): Այսպիսին է դժբախտությունը նրա, ով գալիս է ավելի ուշ, նույնիսկ եթե նա ավելի ուժեղ արվեստագետ է, և որպես հետևանք, նրա ստեղծագործության հաջողությունը տուժում է։ Նման դեպքում, նա կարող է կամ չի կարող հեշտությամբ հրաժարվել արվեստագետի գործերից մեկից։  Այնուամենայնիվ, վաղ թե ուշ նա պետք է հաղթահարի ձախողությունը։ Իմ դեպքում՝ սա իմ կյանքի գործն է։ 
 
1915-1917 թվականներին ես Թուրքիայի բանակի անդամ էի և սակավաթիվ եվրոպացի ականատեսներից մեկը դարձա հազարամյակների ընթացքում տեղի ունեցած մարդկության ամենասարսափելի ողբերգություններից մեկի, որը միգուցե զիջում էր միայն Առաջին աշխարհամարտի ողբերգությանը, որի մի մասն էր։ Քանի որ իմ հարաբերությունները Հայաստանի հետ ձգվում են դեպի մանկության տարիներ և իմ ընտանիքի կապերը Մերձավոր Արևելքի հետ գոյություն ունեին արդեն մի քանի սերունդ, ես անպատրաստ չէի զբաղվելու այս կործանիչ փորձառության մեջ: Իմ գրած առաջին վկայություններն ավելի շատ մարդկային էին, քան բանաստեղծական։  1919 թ․ գարնանը, նախքան Լեփսիուսի գրքերը կարող էին բացեիբաց հայտնվել գրախանութներում, Թեոդոր Վոլֆը հրատարակեց Berliner Tageblatt-ում իմ այն ժամանակվա հայտնի նամակը Վիլսոնին՝ հայ ժողովրդի կործանման մասին։ Ես Ձեզ ուղարկում եմ այդ նամակի պատճենը»։
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի