Արմին Վեգները խնդրել է Ֆրանց Վերֆելին չգրել իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը

(ՄԱՍ II)

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Սա Արմին Թ. Վեգների նամակի շարունակությունն է, գրված 1932 թ. Ֆրանց Վերֆելին, որը հրապարակվում է առաջին անգամ.
 
«Արդեն 1915 թ․ ես ընկերացել էի Յոհաննես Լեփսիուսի հետ։ Երբ գնացքով ճանապարհորդում էի Կոստանդնուպոլսից  Փոքր Ասիայի տարածքով դեպի Բաղդադ, ականատես եղա ամբողջ տեղահանությանը: Ես բազմիցս նյութեր եմ ուղարկել Լեփսիուսին՝ իր հավաքածուի համար։ Մի քանի տարի շարունակ սերտ հարաբերությունների մեջ եմ եղել հայերի ու թուրքերի հետ, խոսել նրանց  լեզվով, թեպետ շատ անկատար։ Լուսանկարները, որոնք ես արել էի անապատի սարսափելի տեսարաններից, թաքուն տեղափոխել եմ՝ թաքցնելով ստամոքսիս վիրակապի տակ։ Մահվան վտանգի տակ ես դրանք անցկացրել եմ սահմանով՝ փախստականների նամակների հետ միասին, որոնք ուղղված էին ամերիկյան դեսպանատներին։
 
1919-ին Ուրանիայում [Բեռլինի գիտական հասարակություն] հանրային միջոցառման ժամանակ, Յոհաննես Լեփսիուսի օգնությամբ ես ցուցադրեցի այդ լուսանկարները զգայացունց դասախոսության ժամանակ։ Դրա հետևանքով գրեթե ջարդ սկսվեց ներգաղթյալ հայերի և թուրքերի միջև։ Շատ չանցած ես հրապարակեցի իմ «Ճանապարհ առանց վերադարձի» (“Der Weg Ohne Heimkehr”) գիրքը՝ բացահայտելով այդ ժամանակվա անձնական փորձառությունները: Ես շարադրեցի տեղահանության օրերից իմ ունեցած փորձառությունների մեծ մասը իմ հայկական վեպի համար։ 
 
Կարճ ընդմիջումներով լույս տեսան ևս երկու գրքեր՝ «Երջանկության տանը» («Im Hause der Glückselligkeit») և իմ «Թուրքական վեպերը» («Tiscrkische Novellen»), որոնք նույնպես պարունակում էին երկու պատմություններ հայերի հալածանքների մասին։ Գրեթե միաժամանակ, 1921 թ․ իմ «Փոթորիկ կանանց լոգարանում» (“Der Sturm auf das Frauenbad”) նովելը՝ հայոց կոտորածների նկարագրությամբ, հայտնվեց Berliner Tageblatt-ում։ Նույն թվականին ես տպագրեցի «Թալեաթ փաշայի դատական գործը» («Der Prozess Talaat Pascha»), որին որպես վկա հրավիրված էի Հովհաննես Լեփսիուսի և այլոց  հետ։
 
1925-ին ես սկսեցի գրել իմ հայկական վեպը, որն արդեն ծրագրել էի պատերազմի ժամանակ։ Աշխատության առաջին հայտարարությունները կարելի է գտնել միևնույն ժամանակ՝ Կիրշներ և Ալբերտ Սորգելի գրականության պատմության մեջ, որտեղ գիրքը հայտարարված էր «Արտաքսում» վերնագրով («Die Austreibung»): Սակայն, քանի որ ես նպատակադրվել էի պատկերել մարդկանց մի ամբողջ ռասայի տեղահանության և ոչնչացման հսկայածավալ էպոսը, ես շուտով հասկացա, որ իմ աշխատությունը կլինի մասնակի, եթե ինքս ինձ սահմանափակեմ միայն այս ողբերգության ավարտի նկարագրությամբ։
 
Այսպիսով, աշխատությունն ավելի ու ավելի էր հասունանում իմ ձեռքի տակ, քան այն, ինչ ի սկզբանե ծրագրել էի։ Դրանում պետք է ներկայացվեր մի ամբողջ ժողովրդի ճակատագիրն ու Մերձավոր Արևելքի ժողովուրդների պայքարը: Մերկացվել էր ռասաների, կրոնների և դասերի թշնամությունը։ Դա ոչ թե իմ կամքն էր, այլ այդ ստեղծագործության ներքին բնույթը, որը դարձավ քառահատոր վեպ։ Ես հակիրճ կներկայացնեմ նախագծի ուրվագիծը, որով կիսվեցի ակադեմիայի հետ երկու տարի առաջ։ 
 
Առաջին հատորը նվիրված է վեպի նախապատմությանը՝ գլխավոր հերոսի երիտասարդությանը, որը ծնվել էր 1890 թ․ ասիական մի փոքր քաղաքում: 1896 թ․Աբդուլ Համիդի կոտորածների ժամանակ նա կորցնում է ծնողներին և որբ մեծանում Երուսաղեմի սիրիական որբանոցում։ Այնուհետև, առաջին հատորի իրական բովանդակությունը նկարագրում է ասիական փոքր քաղաքի կյանքը, թուրքերի և հայերի հակադրությունը, նրանց հակամարտությունը, ինչպես նաև ընդհանուր հեղափոխական գործունեությունը, և վերջապես տանում է դեպի Կոստանդնուպոլիս՝ Աբդուլ Համիդի պալատը։ Հատորը կունենա «Աստծո ստվերում» խորագիրը:
 
Երկրորդ հատորը ՝ «Հավերժական ատելություն» խորագրով, սկզբում տանում է դեպի հայկական գյուղի լեռները: Այն ցույց է տալիս քրդերի և հայերի միջև եղած տարբերությունները և, ի վերջո, պատկերում է Փոքր Ասիայում և Կոստանդնուպոլսում 1908-ի հեղափոխության բռնկումը, Աբդուլ Համիդի տապալումը, Երիտթուրքերի հաղթանակը, և ավարտվում է թուրքերի ու հայերի ընդհանուր եղբայրացմամբ ու հաշտեցմամբ Սահմանադրության դարաշրջանում:
 
Երրորդ հատորը, որը, հավանաբար, կրելու է «Ճիչ Արարատի» վերնագիրը, սկսվում է Համաշխարհային պատերազմի բռնկման նկարագրությունից: Այս հատորը պարունակում է նաև Լեփսիուսի և Էնվեր փաշայի զրույցը, որն ինքը՝ Լեփսիուսն է այդքան տպավորիչ արձանագրել։ Վեպը մշտապես տեղաշարժվում է իշխող դասերի, իշխանությունների և մարդկանց միջև։ Իրենց դերն են ունեցել Երիտթուրքերի ղեկավարները և Եվրոպայի ողջ դիվանագիտությունը։ Գիրքն ավարտվում է տեղահանության փաստացի մեկնարկով։
 
Չորրորդ հատորը ՝ «Անապատը» խորագրով, նվիրված է հայ ժողովրդի բնաջնջմանը Միջագետքի տափաստաններում: Այս հատվածը պարունակում է նաև այն երկու հազար փախստականների տեսարանները, որոնք փրկվեցին լեռան վրա, իսկ այնուհետև Անտանտի նավերով բերվեցին Եգիպտոս՝ տեսարաններ, որոնք կարծում եմ ոգեշնչել են Ձեր ծրագրած գրքի վերնագիրը՝ «Մուսա լեռան քառասուն օրը»։ Վերջին հատորի վերջաբանը նկարագրում է Թալեաթ փաշայի սպանությունը Բեռլինի փողոցներում:
Ակնկալվում է, որ ամբողջ աշխատությունը կպահպանի բազմիցս հայտարարված «Արտաքսում» վերնագիրը:
 
Չնայած ես սկսեցի վեպը գրել դեռ 1924 թվականին, այն ընդհատվեց իմ այլ բանաստեղծական և լրագրողական գործերով: 1925-1927 թթ․նախագիծը հասունացավ իր ամբողջ ծավալով, և 1930-ի սկզբից ես ստիպված էի մեկ անգամ ևս սկսել ամբողջ աշխատանքը: 1928 թ․ իմ  «Մոնի» վեպը (երկու տարեկան երեխայի մասին) հրատարակվեց Berliner Tageblatt-ում։ Միևնույն ժամանակ ես գիրքն առաջարկեցի Վիեննայի «Զսոլնայ» հրատարակչությանը (1928-ի մարտ) և հայտարարեցի պայմանագրով իմ պատրաստակամության մասին՝ իմ ծրագրած աշխատանքի՝ հայկական վեպի, որպես ժողովրդի հրաշալի պատկերում։  Բայց «Զսոլնայը» հրաժարվեց: Այնուհետև ես պայմանագիր կնքեցի Deutsche Verlags-Anstalt-ի հետ Շտուտգարտում (1928 թ․ գարնանը)՝ հայկական տեղահանության վերաբերյալ իմ
բազմահատոր վեպի համար, և այդ ժամանակ զգալի ավանդ ստացա։
 
Տնտեսական մեծ դժվարությունները, ընտանիքին կերակրելու ճնշումը և իմ մյուս գրքերի ոչ այնքան գոհացուցիչ վաճառքը, դանդաղեցրեցին իմ աշխատանքը: Ֆինանսական պարտավորություններից ելնելով՝ ես ստիպված էի նորից ու նորից ընդունել լրագրողական մեծածավալ աշխատանքը, որը պահանջում էր երկարատև ուղևորություններ արտասահմանյան երկրներ։ 1930 թ․ Թոմաս Մանը իմ անունից դիմեց Պրուսիայի արվեստի ակադեմիա (պոեզիայի բաժին)՝ հիշատակելով իմ աշխատությունը: Նրա նախաձեռնությամբ ես Ակադեմիա ներկայացրեցի իմ մեծ հայկական վեպի ավելի մանրամասն ծրագիրը։ Ես թվարկեցի վերոնշյալ անհատական հատորների տարբեր հատվածները։ Բարեբախտաբար, Ակադեմիան ինձ զգալի աջակցություն ցուցաբերեց այս աշխատանքի համար: Սակայն, ցավոք, այդ բոլոր գումարները բավարար չէին, որպեսզի թույլ տային ինձ՝  հանգիստ մտքով աշխատել այս հսկայածավալ աշխատանքի վրա»:
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի