Արմին Վեգները խնդրել է Ֆրանց Վերֆելին չգրել իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը

ՄԱՍ ՎԵՐՋԻՆ

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Սա պատմական երկու գործիչների՝ Արմին Վեգների և Ֆրանց Վերֆելի միջև նամակների փոխանակման վերջին՝ չորրորդ մասն է։
Արմին Վեգները գրել է Ֆրանց Վերֆելին․
- Իհարկե, ես չգիտեմ Ձեր անձնական կապի մասին Փոքր Ասիայի հետ և կարող եմ սխալ գուշակություն անել: Տարօրինակ է, բայց ես հայտնաբերեցի, որ հրեական հոգին գերմանական և պրուսական նկարագրի շրջանակներում նրանց հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել, քան կարող են գերմանացի բանաստեղծները, որ այս ասիական հոգին սովորաբար շատ ավելի հեռու և ավելի խորթ է մնում եվրոպացի խաչակիրների սերունդների համար: Սա, հավանաբար, իր խորքային հիմքն ունի հակառակության օրենքում:
 
Ես իրավունք չունեմ խնդրել, որ հրաժարվեք Ձեր նախագծից: Դա, հավանաբար, այնքան էլ չի օգնի: Բայց Դուք, անշուշտ, երախտապարտ չեք լինի ինձ, եթե ես, ով մեր հանդիպման առաջին իսկ պահից, կրքոտ կերպով սիրեց և պաշտեց Ձեր բանաստեղծական գործը, խնդրեմ Ձեզ դիտարկել իմ բոլոր մտքերը, որոնք ներկայացնում եմ Ձեզ այստեղ: Հենց այն պատճառով, որ ես գնահատում եմ Ձեզ, ոչ միայն որպես գրող, այլ նաև գիտեմ ձեր մարդկային ամբողջ խորությունը, ես դա կարող եմ անել մաքուր խղճով: Միգուցե դա կստիպի Ձեզ հրաժարվե՞լ անավարտ նախագծից, որը նոր եք սկսել, կամ անցնել ավելի կարճ վիպական ուսումնասիրություն մշակման, ինչպես այն ի սկզբանե սկսվել էր:
 
Ես պետք է շեշտեմ այն խորին երախտագիտությունը և խորը վստահությունը, որը կբավարարեր ինձ, հնարավորություն ունենալով ավարտել և շուկա հանել իմ աշխատանքը՝ առանց վախենալու մրցակցությունից: Անկեղծորեն, ես չեմ կարող հրաժարվել իմ նախագծից, որն իմ առաքելությունն է դարձել իմ խորը և զորեղ փորձառությունից, հանուն որի ես զոհաբերել եմ աշխատանքով ծանրաբեռնված տարիներ՝ մեծ դժվարությունների և պայքարի գնով, և հանուն դրա այսքան երկար կանգնել եմ հետին պլանում:
 
1932 թ․ դեկտեմբերի 23-ին Վերֆելը պատասխանեց Վիեննայից․
 
- Նախ թույլ տվեք համառոտ պատմել իմ հայկական վեպի ձևավորման պատմությունը: Պատերազմից հետո երկու անգամ եղել եմ Մերձավոր Արևելքում (մի քանի ամսով)․ առաջին անգամ՝ 1925 թվականին, երկրորդ անգամ՝ 1929-ին։ Դամասկոսում ես ցնցող ապրումներ ունեցա հայ երեխաների հետ, որը որոշ իմաստով, առասպելական անողոք ծրագիր առաջացրեց իմ մեջ, որն արդեն գոյություն ուներ, երբ առաջին անգամ լսեցի այս բաների մասին, գուցե հենց պատերազմից հետո: Հաստատ չգիտեմ, թե որքան ժամանակ։ Հաճախ, իմ գրելու եղանակով, թատերական և առասպելական ծրագրերը տարիներ շարունակ հասունանում են մթության մեջ, նախքան բավականաչափ ուժեղ դառնալը, որպեսզի ինձ դրդեն աշխատել։ (Ես Վերդիի մասին վեպը մաս-մաս գրել եմ 1911-ին և ավարտել 1923-ին)։ Իմ հայերեն վեպի դեպքում, ես միայն անցյալ տարի սկսեցի ուսումնասիրել և ուրվագծել այն։ Իհարկե, աշխատանքը ամռան ընթացքում արագ առաջընթաց ապրեց, և այսօր ես արդեն ավարտել եմ գրքի կեսից ավելին (շուրջ 400 տպագիր էջ)։
 
Ինչ էլ լինի, բնականաբար, ես ցանկանում եմ ընդունել Ձեր մտահոգությունը և խոնարհվել Ձեր առջև, քանի որ Դուք ականատես եք։ Այնուամենայնիվ, ես գրեթե դժկամորեն նշում եմ, որ ստեղծագործական բնագավառում չկա նյութական օրինավորություն: Դուք մի քանի անգամ դա նշում եք Ձեր նամակում։ Գուցե կան «անձնական» նյութեր, որոնք կարող են պատկանել որոշակի գրողի առանձնահատկությանը` Համաշխարհային պատերազմը, իր բոլոր գլուխներով, որոնցից մեկը հայկական ողբերգությունն է, որը ոչ մի դեպքում չի կարող հիմնվել այս նյութերի վրա: Արդարացիորեն հաշվի առնելով, որ Ձեր ունեցած մեծ փորձառությամբ և ճակատագրական կապակցվածությամբ, Դուք վիթխարի առավելություն ունեք իմ նկատմամբ, որը չի կարող իր գործը ստեղծել՝ հիմնվելով փորձի, ուղղակի ազդեցության, զգայական ընկալման վրա, այլ միայն երևակայության, հնարամտության և այսպիսով պատմական որոշ փաստաթղթերի հիման վրա։ Հետևաբար, այդպիսի մրցակցության դեպքում ավելի շատ անհանգստություն պետք է լինի իմ կողմից։
 
Սակայն, հարգելի Վեգներ, ես հավատում եմ, որ երկուսս էլ կարող ենք շատ հանգիստ լինել, քանի որ մեր գործերը, անշուշտ, բոլորովին այլ կլինեն։ Իմը օգտագործում է միայն մեկ դրվագի փաստագրված փաստերը, որոնք ընդգրկված են մի քանի էջ Լեփսիուսի «Ալստեր» հավաքածուի մեջ: Դրվագը ինձ ծառայում է որպես համընդհանուր մարդկային իրադարձություն, խորհրդանշական զարգացման, զուտ հորինված կերպարների շրջանակ, որը ինքնանպատակ չէ, այլ միայն հնարավորություն: Իմ գրքում շատ չի խոսվի վայրագությունների և կոտորածների մասին: Ես մի կողմ կդնեմ վավերագրական բոլոր նյութերը: Կարևոր կլինի միայն հորինված կերպարների մարդկային ճակատագիրը: Այն տեսարանը, որի մասին ես նկատի ունեմ, որի բովանդակությունը ձեզ հայտնի է դարձել թերթերի միջոցով, շատ քիչ կապ ունի իրական վեպի հետ: Ձեր բազմամյա աշխատությունը կներկայացնի հայկական ճակատագրի հսկայական և հոյակապ պատկերը՝ տասը հազար մանրամասնություններով: Մինչ իմը, հուսով եմ՝ կլինի պատմություն, որը կսահմանափակվի որոշակի տարածաշրջանով և մարդկանց մի փոքր հատվածով: Շեշտը դրվելու է առասպելական մարդկային կողմի վրա, այլ ոչ թե հայկական հարցի:
 
Վերջապես, ես զարմացած եմ այն մեղմ կասկածից, որը հնչում է ձեր նամակի որոշ  տողերից:
 
Դուք ենթադրում եք, որ ես լսել էի Ձեր նամակագրության մասին Պրուսիայի ակադեմիայի և Պոլ Զսոլնայի հրատարակչության հետ, և գուցե ոգեշնչված եմ եղել իմ հայկական վեպը գրելու համար: Իրականում, ես իմ կյանքում առաջին անգամ մտել եմ բանաստեղծների ակադեմիայի նիստերի սենյակ 14 տարի առաջ, իսկ ինչ վերաբերում է նամակագրության հրապարակմանը, ապա իմ սեփական նյութերն արդեն բավականաչափ ձանձրացնող են: 
Բայց հնարավո՞ր է արդյոք, որ Դուք լրջորեն հավատում եք, որ ձեր աշխատանքի փաստերը կարող էին խթանել նյութի իմ ընտրությունը և հեռացնել Ձեզ աշխատանքից: Դուք բանաստեղծ եք, և, հետևաբար, գիտեք, որ մենք չենք ընտրում նյութը, այլ նյութն ընտրում է մեզ: Չկա ավելի խելամիտ բան, քան այն, ինչ ես գրում եմ, որը կարևոր է, այսինքն՝ թելադրվում է ներսից:
 
Մինչև երեկ ես Ձեր գրքերից ունեի միայն «Քաղաքների դեմքը» գեղեցիկ հատորը, որը ես սիրում եմ և դրանով հիանում:
 
Դժբախտաբար, ես չեմ կարդացել ձեր արձակներից որևէ մեկը: Քանի որ շատ եմ աշխատում, գրեթե ոչ մի վեպ և պատմվածք չեմ կարդում: Ես պարզապես ստացա Ձեր բաց նամակը՝ ուղղված [նախագահ] Վիլսոնին: Ձեր խոսքերի իրական փայլը խորապես հուզեց ինձ։ Խնդրում եմ մի գերագնահատեք մեր աշխատանքների մրցակցությունը: Նրանք գնում են տարբեր ուղիներով:
 
Ինձ համար և ամբողջ աշխարհում, Դուք մեծ հեղինակություն եք հայկական հարցով՝ գիտելիքների, փորձառության և կապվածության միջոցով: Սա ես հասկացա երեկ, ընդամենը մի քանի էջ կարդալով: Սակայն այս էջերի բուռն զգացումը նաև խոսում է այն մասին, որ Ձեր հրատարակիչը չի կարող դժբախտ լինել, նույնիսկ այն դեպքում, երբ մեկ ուրիշը, լինի նա ոչ պրոֆեսիոնալ կամ արվեստագետ, փորձում է իրականացնել նույն առաքելությունը:
 
Բարեբախտաբար, Վեգներին չի հաջողվել համոզել Ֆրանց Վերֆելին հրաժարվել «Մուսա լեռան քառասուն օրը» գրելուց: Մյուս կողմից, Վեգները հրատարակեց իր ծրագրած քառահատորի միայն առաջին հատորը՝ աշխարհին զրկելով ականատեսի իր արժեքավոր պատմություններից Հայոց ցեղասպանության մասին:
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի