Սոսկալի կոտորածներն ընդդեմ Հոլոքոստի

Ցեղասպանության հարցով Թել Ավիվ-Անկարա բանավեճը վերարծարծվել է այս անգամ առաջին դեմքերի մակարդակով:
 
Իսրայելի վարչապետը խորքում արձագանքել  է Թուրքիայի  նախագահի հայտարարությանը, որտեղ Իսրայելը մեղադրվում էր Գազայում արաբների նկատմամբ Հոլոքոստ իրականացնելու համար:
 
Իսրայելի վարչապետի հակազդեցությունը չուշացավ։
 
- Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդեր կոտորողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը, չի կարող և չպետք է դասեր տա Իսրայելին. Էրդողան, վերջ տուր ստերիդ,- ասել էր Նեթանյահուն։
 
Խնդիրը երկկողմանիորեն գերքաղաքական ընկալում և մոտեցում ունի և որևէ ձևով ցեղասպանությունների ժխտման կամ կանխարգելման առաջադրանք չունի:
 
Պարզ է, որ համաիսլամական-համաարաբական համակրանք վաստակելու վարքագծի հերթական դրսևորում է, որը դրսևորում է Անկարան՝ նման ամբաստանություն ուղղելով Իսրայելին: Իրավաքաղաքական եզրը այստեղ չի խնայվել․ Հոլոքոստի ենթարկված ժողովրդի պետությունը հոլոքոստ է կազմակերպել  այլ ժողովրդի նկատմամբ: Խորքում ոչ միայն ցեղասպան պետություն որակումը տրվում է Իսրայելին, այլ նաև ժխտողին՝ մանավանդ, երբ ստի մեղադրանքով  Իսրայելի վարչապետը դիմում է Թուրքիայի նախագահին:
 
Ուշագրավ է Էրդողանի կողմից Հոլոքոստ եզրի օգտագործումը նաև այն պատճառով, որ Նեթանյահուն շրջանցում է ցեղասպանություն բառը, երբ խոսում է հայկական սոսկալի կոտորածների մասին:
 
Այստեղ պարզ է տրամաբանությունը․ ցեղասպանությունը Քնեսեթի կողմից չունի ճանաչում, և հետեւաբար վարչապետը խուսափում է այն օգտագործել: Թուրքիայի դեպքում, հայտնաբար նույն երանգավորումը պարտադիր չէ: Թուրքիայի համար նշանակություն չունի, թե արաբների նկատմամբ Իսրայելի կիրառած քաղաքականությանը խորհրդարանը ինչ տեսակի գնահատական է տվել կամ ընդհանրապես չի տվել․ նախագահն իրեն իրավասություն է վերապահել ցանկացած եզրույթ օգտագործելու, մանավանդ երբ քաղաքական բանավեճերին ուզում է մագլցողականություն ապահովել:
 
Նեթանյահուն  հերքում է իր պետության դեմ եղած ամբաստանությունը, Թուրքիային ամբաստանում է  քրդերին կոտորելու և Հայոց Ցեղասպանությունը  ժխտելու մեջ՝ առանց եզրույթի օգտագործման։ Այս հիմնավորումները ծառայում են Թուրքիային ասելու, որ դաս տալու իրավունք չունի․ իսկ «Էրդողան վերջ տուր ստերիդ» կոչը խորքում ոչ միայն Հայոց Ցեղասպանության ժխտմանն  է վերաբերում, այլ Իսրայելին՝ Հոլոքոստ գործադրած լինելու Անկարայի մեղադրանքին:
 
Հակառակ նրան, որ հռետորաբանական մակարդակում նոր նշաձող կարելի է նկատել՝ նման բանավեճի օգտագործված փոխադարձ մեղադրանքների առկայությամբ, այդուհանդերձ կողմերը գիտակից են յուրաքանչյուրի մոտեցման շարժառիթին:
 
Թել Ավիվը գիտակցում է, որ արաբական աշխարհի վրա թուրքական ազդեցության տարածման մղումն է, որ Անկարային առաջնորդում է հայտարարության առաստաղի բարձրացմանը․ մինչ, Անկարան իրազեկ է այս դեպքում քրդական գործոնի իսրայելյան շահարկման նկրտումներին տարածաշրջանում անուղղակի վերահսկողության քաղաքականության իրականացման շրջածիրում:
 
Հոլոքոստ, սոսկալի կոտորած, ժխտում, սուտ և նման բառակապակցություններ քաղաքական զինանոնցներում պահվող և պահանջված պահին օգտագործվող գործիքներ են պարզապես: Պետք չէ մոռանալ, որ փոխմեղադրանքների  խորապատակերի վրա շարունակում է գործել Թել Ավիվ-Անկարա ռազմավարական հատուկ գործընկերությունը:
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր