Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարումը Վրաստանում

ԻՆՉՊԵ՞Ս Է ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ ՕԼԻԳԱՐԽԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Այն մասին, որ օլիգարխ և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հանդիսանում է Վրաստանի ոչ պաշտոնական կառավարիչը, հաճախ բարձրաձայնում են տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունները, քաղաքական գործիչներն ու փորձագետները։
 
JAMnews-ը դիտարկում է նրա ոչ պաշտոնական կառավարման մի քանի նշաններ՝ հիմնվելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի» հետաքննության վրա: Եզրակացությունները մեկնաբանում է Վրաստանի Սոցիալական արդարության կենտրոնի ծրագրերի տնօրեն, իրավաբան Գուրո Իմնաձեն։
 
Բիձինա Իվանիշվիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրն է։ Նա վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2012-2013 թվականներին։ Դրանից հետո նա հրապարակավ հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին, բայց հետո պաշտոնապես «վերադարձավ» կուսակցություն 2018 թ.-ին: Մոտ երեք տարի անց նա հանդես եկավ նամակով՝ հայտարարելով քաղաքականությունից «վերջնական հեռանալու» մասին։ Դա, ըստ էության, տեղի չի ունեցել, ինչը հաստատում են բազմաթիվ փաստեր Վրաստանի քաղաքական կյանքից։
 
Կարևոր կադրային որոշումները կայացվում են միայն Իվանիշվիլիի հետ համաձայնեցմամբ
 
Վրաստանում ոչ մի լուրջ քաղաքական որոշում չի կարող կայացվել առանց ոչ պաշտոնական կառավարիչ Բիձինա Իվանիշվիլիի համաձայնության։ Սահմանադրական ինստիտուտները՝ խորհրդարանը և նախարարությունները, որոշումներ ընդունելիս անտեսվում են։
 
Դա հատկապես ակնհայտ է դառնում վարչապետների նշանակումների և հրաժարականների ժամանակ:
 
Այն փաստը, որ Իվանիշվիլին անձամբ է նշանակում և պաշտոնից ազատում բարձրաստիճան պաշտոնյաների, հաճախ կարելի է պարզել հենց պաշտոնյաների հետ հարցազրույցների ժամանակ։
 
Կառավարության նախկին կամ ներկա անդամները հաճախ ուղղակիորեն ասում էին, որ կադրային որոշումները կայացվելու են Իվանիշվիլիի անմիջական մասնակցությամբ։
 
Օրինակ՝ էկոնոմիկայի նախկին նախարար Գիորգի Քոբուլիան, ով ստանձնեց պաշտոնը 2018 թվականին, իսկ Իվանիշվիլին այն ժամանակ այլևս վարչապետ չէր, ասում է, որ որոշ տեսակետների շուրջ համաձայն է նրա հետ: Նրա խոսքով՝ ինքը Իվանիշվիլիի հետ հանդիպել է աշխատանքից ազատվելուց առաջ:
 
Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ Գիորգի Գախարիան «Բիձինա Իվանիշվիլիի լիազորագրով» նախ նշանակվել է բիզնես օմբուդսմեն, ապա էկոնոմիկայի նախարար, ներքին գործերի նախարար, իսկ հետո՝ վարչապետ։
 
Պաշտոնյաների որոշումներին միջամտությունը բազմիցս հաստատել է անձամբ Բիձինա Իվանիշվիլին։ Նա ասել է, որ «լինում են դեպքեր, երբ իր հետ խորհրդակցում են»։
 
Իվանիշվիլին ասել է. «Իհարկե, ես մասնակցել եմ դրան, բայց այնպես չէ, որ ինչ-որ մեկին հավաքագրել եմ բանակ և ոստիկանություն: Հնարավոր է՝ տվել եմ խորհուրդ, որը կարող էին հաշվի չառնել։
 
«Ես մի քանի անգամ ասել եմ թիմին՝ ինձնից նկատողություններ մի սպասեք, այդ առումով դուք բացարձակապես ազատ եք լինելու»։
 
Կառավարությունը հերքում է ոչ ֆորմալ կառավարման փաստը, սակայն մշտապես ընդգծում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առանձնահատուկ դերը և չի թաքցնում, որ կուսակցության հիմնադիրից հաճախ են կարծիք հարցնում, այդ թվում՝ կադրային կարևոր որոշումներ կայացնելիս։
 
Առանցքային պաշտոններում նշանակվում են Իվանիշվիլիի հետ կապ ունեցող մարդիկ
 
Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բարձրաստիճան քաղաքական գործիչները Վրաստանում չունեն ակնհայտ քաղաքական կամ կուսակցական փորձ, այլ նշանակվում են միայն Բիձինա Իվանիշվիլիի հետ մտերիմ լինելու աստիճանով պայմանավորված:
 
Օրինակներ՝
 
● Երկրի ներկայիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իվանիշվիլիի «Կարտու» ընկերությունում է աշխատում 2004 թվականից։ Հարցազրույցներից մեկում Իվանիշվիլին պատմել է, որ Ղարիբաշվիլին օգնել է իրեն բիզնես գործընկերների հետ հարաբերություններում, օրինակ՝ մի անգամ ուղղաթիռ է գնել։
 
Իվանիշվիլիի խոսքով՝ Ղարիբաշվիլին իր համար հեղինակություն չի եղել։ Նա նաև ասում է, որ Ղարիբաշվիլին չունի ոչ իրավաբանական, ոչ ֆինանսական կրթություն։
 
● Վրաստանի մեկ այլ վարչապետ (2015-2018 թթ.) Գիորգի Կվիրիկաշվիլին նույնպես ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Իվանիշվիլիին պատկանող «Կարտու» բանկում։
 
● Ներկայիս ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին նախկինում եղել է Իվանիշվիլիի թիկնազորի պետը։
 
● Նախկին գլխավոր դատախազ Շալվա Թադումաձեն Իվանիշվիլիի անձնական փաստաբանն է եղել:
 
● Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Բիձինա Իվանիշվիլիին պատկանող մի շարք ընկերություններում՝ «Կարտու-բանկ», «Բուրջի» ՍՊԸ և այլն։
 
«Գործադիր իշխանությունն ամբողջությամբ գտնվում է մեկ անձի ազդեցության տակ»
 
Թրանսփարենսի Ինթերնեշնլը հայտնում է, որ Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարումը Վրաստանում արտահայտվում է նաև մի շարք այլ ոլորտներում, այդ թվում՝ դատական համակարգում: Կազմակերպությունը եզրակացնում է, որ «այսօր Վրաստանի կառավարության գործադիր իշխանությունն ամբողջությամբ գտնվում է մեկ անձի ազդեցության տակ»։
 
- Գործադիր իշխանությունը քանդել է զսպման և հավասարակշռության դեմոկրատական մեխանիզմները թույլ խորհրդարանական վերահսկողության և իշխող կուսակցության ու դատական համակարգը վերահսկող մի խումբ ազդեցիկ դատավորների միջև ոչ պաշտոնական գործարքի պատճառով:
 
 Բիձինա Իվանիշվիլին, ով տարիներ շարունակ ոչ մի պետական պաշտոն չի զբաղեցրել և հաշվետու չէ հասարակությանը, հաջողությամբ կարողացել է Վրաստանի հիմնական պետական կառույցները, այդ թվում՝ պաշտոնապես անկախ մարմինները, ծառայեցնել իր բիզնես շահերին և անձնական անվտանգությանը,- ասվում է զեկույցում։
 
Խաթիա ԳՈԳՈԲԵՐԻՁԵ
Թբիլիսի