Ձերբակալվել է աջ արմատական ռուսամետ խմբավորման 26 անդամ

«ԱԼՏ-ԻՆՖՈ»-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է ռուսամետ աջ արմատական «Ալտ-Ինֆո» խմբավորման 26 անդամի, այդ թվում՝ դրա առաջնորդներ Զուրաբ Մախարաձեին և Իրակլի Մարտինենկոյին, ինչպես նաև Գուրամ և Ալեքսանդր Փալավանդիշվիլիներին։ Ձերբակալությունը տեղի է ունեցել Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ՝ ընդդեմ Pride շաբաթվա շրջանակներում հայտարարված փառատոնի։ (Լրատվության աղբյուր՝ JAMnews)
 
Նշված անձինք վարչական կալանքի են ենթարկվել՝ խուլիգանության և ոստիկանության հրամաններին չենթարկվելու մեղադրանքով։ Եվ, ամենայն հավանականությամբ, դա որևէ կապ չունի սպառնալիքների և բռնության կոչերի առնչությամբ սկսված հետաքննության հետ, որի առնչությամբ հունիսի 27-ին ոստիկանությունը հարցաքննել է Զուրաբ Մախարաձեին, Կոնստանտին Մորգոշիային և Շոթա Մարտինենկոյին։
 
Հուլիսի 2-ին Թբիլիսիում պլանավորված էր անցկացնել «Փրայդ շաբաթվա» վերջին միջոցառումը՝ քվիր երաժշտության փառատոնը։
 
Հաշվի առնելով անցյալ տարվա իրադարձությունները, երբ արմատականները հաշվեհարդար տեսան լրատվամիջոցների ավելի քան 50 ներկայացուցիչների նկատմամբ, այս տարի Tbilisi Pride-ը հրաժարվեց հրապարակային ակցիա անցկացնելուց։
 
Չնայած դրան, Pride շաբաթվա մասին հայտարարությունից անմիջապես հետո ռուսամետ խմբավորումները հայտարարեցին այն խափանելու ծրագրերի մասին։
 
«Ալտ-Ինֆո»-ի հիմնադիրներ Կոնստանտին Մորգոշիան, Զուրաբ Մախարաձեն և Շոթա Մարտինենկոն հունիսի 27-ին կանչվել են հարցաքննության Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչություն։
Իրավապահների հարցերը վերաբերում էին հուլիսի 2-ին տեղի ունենալիք ԼԳԲՏ համայնքի դեմ նախատեսված ակցիային։ «Ալտ-Ինֆո»-ի հիմնադիրները պնդել են, որ բռնի գործողություններ չեն լինելու, թեև չեն բացառել որոշակի սադրանքների հավանականությունը։
 
Հունիսի 27-ին Tbilisi Pride-ն արտակարգ ճեպազրույց է անցկացրել և խնդրել է Վրաստանի իշխանություններին ապահովել բոլոր մասնակիցների անվտանգությունը։ Հայտարարությանը միացել է նաև Վրաստանի ՄԻՊ Նինո Լոմջարիան։
 
Ուկրաինայի պատերազմին զուգահեռ Վրաստանում հատկապես ակտիվացել է ռուսամետ ծայրահեղ արմատական կողմնորոշում ունեցող «Ալտ-Ինֆո» մեդիա ընկերությունը, որի ներկայացուցիչները անցյալ տարվա վերջին քաղաքական կուսակցություն են ստեղծել։
 
«Ալտ-Ինֆո»-ն իր լսարանին մատուցում է ուկրաինական պատերազմի բացառապես ռուսական վարկածը, որտեղ Արևմուտքը ներկայացվում է որպես սադրիչ, իսկ Զելենսկին՝ նախագահ, որը չի խնայել իր ժողովրդին հանուն ՆԱՏՕ-ի։ Իսկ Վրաստանի համար, իբր, միակ փրկությունն ու խելամիտ լուծումը Ռուսաստանի հետ երկխոսությունն է, և միայն Ռուսաստանը կարող է երկրին վերադարձնել օկուպացված տարածքները՝ Աբխազիան և Հարավային Օսիան։ Այդպես են իրադարձությունները մեկնաբանում հեռուստաալիքի հաղորդավարները։
 
Վրաստանի ընդդիմությունը կարծում է, որ այս կազմակերպության թիկունքում կանգնած են իշխանությունները, իսկ դրա հզորացումը վնասում է երկրի անվտանգությանը։ Կառավարության հետ «Ալտ-Ինֆո»-ի կապը հաստատում են նաև հասարակական կազմակերպություններն ու փորձագետները։
 
Նկարում՝ Նրանք վարչական կալանքի են ենթարկվել Tbilisi Pride փառատոնին խոչընդոտելու փորձի համար։