Ռուս պատգամավորը դատապարտվել է «զինված ուժերը վարկաբեկելու» համար

«ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ» ՀԱՄԱՐ ԱԼԵՔՍԵՅ ԳՈՐԻՆՈՎԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 7 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Մոսկվայի Մեշչանսկի դատարանը Ռուսաստանի մայրաքաղաքի Կրասնոսելսկի շրջանի մունիցիպալ պատգամավոր Ալեքսեյ Գորինովին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի և Ուկրաինայում պատերազմի մասին կեղծ լուրեր տարածելու համար։ Այդ մասին դատարանի դահլիճից հաղորդել է «Նովայա գազետա Եվրոպայի» թղթակիցը։
 
Դատավոր Օլեսյա Մենդելեևան Գորինովին մեղավոր է ճանաչել մի խումբ անձանց կողմից Ռուսաստանի զինված ուժերի մասին «գիտակցաբար կեղծ տեղեկություններ» տարածելու մեջ՝ նշելով, որ նա օգտագործել է իր պաշտոնեական դիրքը ատելության կամ թշնամանքի դրդապատճառներից ելնելով։
 
Ըստ մեղադրող կողմի՝ մարտի 15-ին Գորինովը և Կրասնոսելսկի մունիցիպալ շրջանի ղեկավար Ելենա Կոտենոչկինան պատգամավորների խորհրդի նիստի ժամանակ իրենց թույլ են տվել անել մի շարք հայտարարություններ, որոնք «պարունակում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասին»։
 
Մասնավորապես՝ Գորինովն Ուկրաինայում «հատուկ օպերացիան» անվանել է «պատերազմ» և խոսել է ուկրաինացի երեխաների մահվան մասին։ Այս տեղեկությունները, ըստ պետական մեղադրողի, հակասում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվությանը, այդպիսով՝ Գորինովն ու Կոտենոչկինան մոլորության մեջ են գցել անսահմանափակ թվով մարդկանց։
 
Նմանատիպ գործ է հարուցվել նաև Կոտենոչկինայի դեմ, սակայն նրան հաջողվել է հեռանալ Ռուսաստանից։ Նրան հեռակա ձերբակալել են՝ հայտարարելով միջազգային հետախուզում։
 
- Ռուսաստանը հինգ ամիս շարունակ ռազմական գործողություններ է իրականացնում հարևան պետության տարածքում՝ դա ամոթխած կերպով անվանելով «հատուկ ռազմական գործողություն»։ Մեզ հաղթանակ ու փառք են խոստանում։ Այդ դեպքում ինչո՞ւ է իմ համաքաղաքացիների մի զգալի մասը ամոթի ու մեղքի զգացումներ ունենում,- դատավարության ընթացքում՝ իր վերջին խոսքի ժամանակ հայտարարել է Գորինովը։- Ինչո՞ւ են շատերը հեռացել Ռուսաստանից և շարունակում են հեռանալ։ Եվ ինչո՞ւ հանկարծ մեր երկիրը այդքան թշնամիներ ունեցավ։ Միգուցե մեզ հետ ինչ-որ բան այն չէ՞: Եկեք մտածենք։ Մեզ հնարավորություն տվեք գոնե քննարկելու այն, ինչ կատարվում է: Կարծիքներ փոխանակելու։ Վերջիվերջո դա մեր սահմանադրական իրավունքն է։ Իրականում ես հենց դա էլ արել եմ:
 
2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա զինված ներխուժումից հետո Ռուսաստանի իշխանությունները քրեական պատասխանատվություն են սահմանել Ուկրաինայի պատերազմի մասին պաշտոնական տեսակետից տարբերվող տեղեկությունների տարածման համար։ Դրա համար պատիժը մինչև 15 տարվա ազատազրկումն է։
 
Գորինովի գործն այս հոդվածով առաջիններից է, որ դատարան է հասել։ Իրավապաշտպանների փոխանցմամբ՝ հարյուրավոր գործեր հետաքննության փուլում են։
 
Լրատվության աղբյուր՝ JAMnews