«Եթե Սաակաշվիլին ազատ չարձակվի, նրա հովանավորներին կմնա միայն ազատվել նրանից՝ որպես վկա»

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից առանձնացած և «Ժողովրդի իշխանություն» շարժումը հիմնած պատգամավորները հայտարարություն են տարածել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ։ Նրանց կարծիքով՝ եթե «տերերին» չհաջողվի ազատ արձակել Սաակաշվիլիին, ապա նրանք ստիպված կլինեն ազատվել նրանից՝ իբրև վկա։ Պատգամավորները պնդում են, որ Սաակաշվիլին շանտաժի է ենթարկում իր հովանավորներին և սպառնում է ճշմարտությունը պատմել 2008 թվականի պատերազմի և 2021 թվականին Վրաստան ժամանելու մասին։
 
- Միխեիլ Սաակաշվիլիի տերերն ավելի ու ավելի հաճախ են ասում, որ նրա հնարավոր մահը բանտում կարող է որոշել Վրաստանի ապագան: Մայքլ Մաքֆոլն այս թեմայով հրապարակավ խոսեց: Ինչպես գիտենք, նույն ուղերձը Սաակաշվիլիի հովանավորները հնչեցրել են կառավարության ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ, որոնք անցկացվում են փակ դռների հետևում։ Այս հաղորդագրությունը հաստատում է այն տեղեկությունը, որ Միխեիլ Սաակաշվիլին շանտաժի է ենթարկում իր հովանավորներին։ Նա սպառնում է ոչ միայն ամեն ինչ պատմել 2008 թվականի պատերազմի մասին, այլև հրապարակել համապատասխան ապացույցներ։ Նույնը վերաբերում է հեղափոխություն կազմակերպելու համար Սաակաշվիլիին Վրաստան բերելու հատուկ գործողությանը։ Նման պայմաններում, իհարկե, տերերն ամեն բան կանեն Սաակաշվիլիին ազատելու համար և կշարունակեն շանտաժի ենթարկել իշխանություններին։ Սակայն, եթե նրանք չկարողանան հասնել իրենց նպատակին, տրամաբանական կլինի «պլան Բ»-ն՝ ազատվել Սաակաշվիլիից՝ որպես վտանգավոր վկա,- ասում են «Ժողովրդի իշխանության» ներկայացուցիչները:
 
Պատգամավորները պնդում են, որ եթե Սաակաշվիլին մահանա, նրա հովանավորները մեկ գնդակով երկու նապաստակ կխփեն.
 
- Նախ՝ նրանք կազատվեն վկայից, ով բանտում զրոյական քաղաքական արժեք ունի, երկրորդ՝ և ամենակարևորը՝ Սաակաշվիլիի մահվան մեղքը կբարդեն վրացական իշխանությունների վրա և այս պատրվակով կփորձեն երկրում կազմակերպել զանգվածային անկարգություններ, որոնց վերջնանպատակը լինելու է բռնի իշխանափոխությունն ու Վրաստանում երկրորդ ճակատի բացումը։
 
Շարժումը իշխանություններին կոչ է անում «առավելագույն զգուշավորություն ցուցաբերել», որպեսզի Սաակաշվիլիի հովանավորները հնարավորություն չունենան իրականացնել այս ծրագրերից և ոչ մեկը։
 
 «Վրացական երազանքի» երեք պատգամավորներ՝ Սոզար Սուբարին, Միխայիլ Կավելաշվիլին և Դմիտրի Խունդաձեն, հունիսի 28-ին լքեցին կուսակցական և խորհրդարանական պաշտոնները և հետագայում հիմնեցին «Ժողովրդի իշխանություն» շարժումը:
 
Միխեիլ Կավելաշվիլին բաց նամակով դիմել էր Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանին՝ կոչ անելով նրան հրապարակայնորեն հեռու մնալ ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության սադրանքներից և Ամերիկայի իմիջը պաշտպանելուն ուղղված տեխնիկական կառավարություն ստեղծելու պահանջներից։
 
2021 թվականի հուլիսի 22-ին երեք պատգամավոր դիմել էին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսին։ Նրանց խոսքով՝ իրենք չեն ցանկանում, որպեսզի այլ երկրներ կոպտորեն խառնվեն Վրաստանի «ներքին գործերին»։ Պատգամավորների այս հայտարարությունը հաջորդել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանին աջակցություն հայտնելուն։
JAMnews Թբիլիսի