Հրթիռային հարվածներ Իրանին

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ (JAMnews)

Հունվարի 29-ի գիշերը հզոր պայթյուններ են տեղի ունեցել Իրանի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներում։ Հրթիռային հարձակումներից տուժածների թվում կան անօդաչու թռչող սարքերի գործարաններ, որոնք, ըստ բազմաթիվ աղբյուրների, մատակարարվում են Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմ վարելու համար:
 
Միջազգային լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը կարծում են, որ գիշերային հրթիռային հարձակումները հատուկ գործողություն են կամ «պատասխան գործողություն» Իսրայելի կողմից: Թել Ավիվը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։
 
 
Պայթյունները գրանցվել են Իրանի մի քանի շրջաններում: Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ խոսքը գնում է արդյունաբերական և ռազմական նշանակության առնվազն 14 օբյեկտների մասին։
 
Դեռևս չհաստատված տվյալների համաձայն՝ նախնական ցուցակը հետևյալն է՝
 
• ԻՀՊԿ-ի շտաբ-բնակարան,
• ԻՀՊԿ «Կուդս» հատուկ նշանակության ուժերի բազա,
• Զինամթերքի և անօդաչու թռչող սարքերի արտադրության կենտրոն,
• Նավթի վերամշակման գործարան,
• Զենք արտադրող գործարան,
• Ռազմական բազաներ Համադանում և Քերեջում։
 
Իրանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերի հարձակմանն են ենթարկվել ռազմական պահեստն ու զինամթերքի արտադրության կենտրոնը, ինչպես նաև Շահիդ Սալիմի քաղաքում գտնվող շարժիչային յուղերի արտադրության խոշոր գործարանը։
 
- 2023 թվականի հունվարի 28-ի երեկոյան՝ ժամը 23:30-ի սահմաններում, անօդաչու թռչող սարքերի միջոցով անհաջող հարձակում է իրականացվել պաշտպանության նախարարության կենտրոններից մեկի վրա,- ասվում է Իրանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ - Նրանցից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, իսկ մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել։
 
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան։
 
ԶԼՄ-ներ. Հրթիռային հարվածներին զուգահեռ՝ մի քանի անձ թիրախավորվել է
 
Սակայն կոնկրետ անուններ չեն հնչեցվում։ Իսկ Թեհրանը չի հաստատել այս տեղեկությունը։
 
Պայթյունների ձայներ են լսվել նաև Թեհրանում։ Ականատեսները հայտնել են, որ Իրանի մայրաքաղաքից երկինք են բարձրացրել ինքնաթիռներ։ Տեղի բնակիչների խոսքով՝ Թեհրանում հարձակման են ենթարկվել կառավարական շենքերը։
 
Առավոտյան տեղեկություններ են ստացվել Իրանի ազգային միջուկային կենտրոնի տարածքում հնչած կրակոցների մասին։
 
Երկրաշարժ՝ հրթիռի հարվածից հետո
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքում 5,9 մագնիտուդով երկրաշարժի մասին։ Խոյ և Սալմաս քաղաքներում մահացել է երկու մարդ, վիրավորվել՝ առնվազն 307-ը։
 
Սոցցանցերում պնդում են, թե երկրաշարժը պայմանավորված է եղել նրանով, որ հրթիռային հարվածներից մեկն ուղղվել է լեռներում գտնվող իրանական գաղտնի գործարանի վրա։
 
Ո՞ր երկրին են պատկանում իրանական ռազմական
օբյեկտի վրա հարձակված անօդաչու սարքերը
 
Իրանի իշխանությունները դեռ չեն նշել, թե ով է հարձակվել երկրի մի քանի օբյեկտների վրա։
 
«Ալ Արաբիա» լրատվական հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելն է հատուկ ռազմական գործողություն սկսել Իրանում՝ նպատակ ունենալով ոչնչացնել նրա ռազմական արդյունաբերությունը։
 
Իսրայելը չի մեկնաբանել այս հայտարարությունը։ Սակայն աշխարհի շատ լրատվամիջոցներ մեջբերում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ հունվարի 28-ին արված հայտարարությունը.
 
- Մեր պատասխանը [Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին] կլինի ուժեղ, արագ և ճշգրիտ։ Ով էլ որ փորձի մեզ վնասել, մենք վնաս կհասցնենք նրան և ցանկացածին, ով նրան կօգնի: