«Օտարերկրյա գործակալների» վրացական խնդիրը և մենք

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

Վրաստանի իշխող ուժը խորհրդարան էր բերել «Օտարերկրյա գործակալների» մասին մի օրինագիծ, որը մարտի 7-ին առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Թբիլիսիում բողոքի զանգվածային ցույցեր սկսեցին: Ընդդիմադիրներն այն անվանեցին ռուսական նախագիծ՝ նկատի ունենալով 2012թ.-ին ՌԴ պետդումայի կողմից ընդունված համանուն օրենքը, ըստ որի՝ նման կարգավիճակ Ռուսաստանում տրվում է օտարերկրյա աջակցության կամ օտարերկրյա ազդեցության տակ գտնվող անձանց:
 
Բացի դրանից, Ռուսաստանում գործող նմանատիպ օրենքը երբեմն օգտագործվում է իշխանության կարծիքից տարբերվող կարծիք արտահայտող ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով։ Թերեւս դրանով էր գլխավորապես պայմանավորված ցուցարարների դժգոհությունը, որոնք կառավարությանը մեղադրում էին ռուսական շահեր սպասարկելու փորձերի մեջ։ Ռուսական կողմի պնդմամբ՝ այդ օրենքն ընդամենը ամերիկյան համապատասխան փաստաթղթի՝ 1938-ին ընդունված «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի» (FARA) կրկնօրինակն է:
 
Պաշտոնական պարզաբանումների համաձայն՝ վրացական տարբերակի առանցքում դրված է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» խնդիրը, և այն վերաբերում է բացառապես արտերկրի ֆինանսավորմամբ աշխատող կառույցների գործունեությանը։ Ըստ այդմ՝ դրսից «սնվող» վրացական ոչ կառավարական կազմակերպությունները ստիպված կլինեն մուտք գործել «օտարերկրյա գործակալների» ռեեստր։
 
Որո՞նք են, այնուամենայնիվ, հարևան երկրում բողոքի հուժկու ալիք բարձրացրած օրենքի գործառույթն ու կարգավորման առարկան: Շահույթ չհետապնդող անձինք (իրավաբանական ու ֆիզիկական) և  լրատվամիջոցները ստանալու են օտարերկրյա գործակալի կարգավիճակ, եթե նրանց եկամտի 20%-ից ավելին ներհոսի արտերկրից։ Նման կազմակերպությունները պարտավոր են գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, հակառակ դեպքում կտուգանվեն։
 
Ամեն տարի նրանցից պահանջվելու է հաշվետվություն ներկայացնել իրենց ծախսերի մասին: «Օտարերկրյա գործակալի» կարգավիճակ ունեցող իրավաբանական անձը՝ տվյալ դեպքում խոսքը ԶԼՄ-ների ու իրավապաշտպան կազմակերպությունների մասին է, կարող է ենթարկվել խիստ մշտադիտարկման, գուցե նաև՝ պատժամիջոցների։ Իշխանությունը պնդում է, որ օրենքը միտված է թափանցիկությանը, մինչդեռ քաղհասարակությունը համոզված է, որ այն լուրջ հարված է վրացական ժողովրդավարությանն ու քաղաքական, քաղաքացիական այլընտրանքին։
 
Նմանատիպ օրենքի ամերիկյան տարբերակը, որը փոփոխության էր ենթարկվել 1966-ին, շատ ավելի խստապահանջ է. այն օտարերկրյա գործակալի կարգավիճակ է նախատեսում ոչ միայն դրսի ֆինանսավորմամբ շահույթ չհետապնդող իրավաբանական անձի, այլև, ընդհանրապես, բոլորի՝ այդ թվում ֆիզիկական անձանց համար: Պահանջների չկատարումը կարող է քրեական պատասխանատվության հանգեցնել: Ամեն դեպքում ակնհայտ է, որ ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Ռուսաստանը, խնդրո առարկա օրենքով պաշտպանում են իրենց երկրների անվտանգությունն արտաքին միջամտությունից:
 
Նույնը փորձում է անել Վրաստանը՝ հաշվի առնելով օտար ֆինանսավորմամբ տարբեր կազմակերպությունների գոյությունը, ինչը, սակայն, «ժողովրդավար» երկրների կողմից որակվում է որպես հակաժողովրդավարական քայլ: Ինչպես տեսնում ենք, տարբեր երկրներ ունեն տարբեր կարգավիճակներ, և ոմանց դա թույլ է տրվում, մյուսներին՝ ոչ: Գուցե հենց սրանո՞վ է որոշվում, թե որ երկրներն են իրապես ինքնիշխան, և որոնք ավելի համեստ ինքնիշխանության տեր:
 
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզանում նման հարցադրում կամ ձեռնարկ դեռեւս չկա եւ պարզ չէ, թե այդպիսի փորձի դեպքում ինչպիսին կլինի «միջազգային հանրության» արձագանքը: Հետաքրքիր է նաեւ, թե ինչպես դրան կվերաբերվի բուն Հայաստանի հասարակությունը, որն այսօր համազգային լեթարգիական նիրհի մեջ է: