«Ֆրանկլինի ակումբը»․ ինչո՞ւ չի գոհացնում Վրաստանի իշխանություններին

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ JAMnews

«Z սերունդ»-ը կամ ինչպես այն անվանում են՝ Gen Z-ը, դարձավ մարտի 7-9-ը Թբիլիսիում տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերի դեմքը։ Անգամ միջնակարգ դպրոցի աշակերտները դուրս էին եկել ցույցերի՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքին նմանվող օրինագծի ընդունման։ Մինչև 26 տարեկան շատ երիտասարդների համար դա իրենց կյանքի առաջին բողոքի ակցիան էր։ Ի զարմանս բոլորի՝ այն սերունդը, որը մինչ այդ համարվում էր պասիվ և երկրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ անտարբեր, հայտնվեց պայքարի առաջնագծում և ցույց տվեց զարմանալի խիզախություն և քաջություն նույնիսկ այն ժամանակ, երբ հանրահավաքները ցրում էին ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով։ Ջրի շիթի տակ «պարող» անչափահաս աղջիկը, ինչպես նաև կադրերը, որտեղ երիտասարդները պարում են ազդանշանների ձայնի տակ, դարձել են բողոքի ակցիաների խորհրդանիշները։
 
Այս ամենի ֆոնին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստիպված եղավ հետ կանչել աղմկահարույց օրինագիծը։ Հանրության մեծ մասը համաձայնեց, որ դա «Z սերնդի» խփած «գոլի» արդյունք էր:
 
Սակայն այդ զիջումներից ընդամենը մի քանի օր անց «Վրացական երազանքը» անցավ հարձակման և սկսեց զբաղվել բողոքի ակցիաներին մասնակցած երիտասարդների սև PR-ով։
 
Ծայրահեղական խմբավորում, անարխիստներ, սադրիչներ, սատանայի երկրպագուներ. սա այն էպիտետների թերի ցանկն է, որոնցով վարչապետը, իշխող խմբակցության ղեկավարը և պետական այլ պաշտոնյաներ բնորոշել են երիտասարդներին։
 
Զուգահեռաբար սկսվեց քաղաքացիական սեկտորի դեմ ուղղված սև PR, որը, ըստ կառավարության, փորձում է եկող սերնդին կրթել՝ որպես հեղափոխականների և անարխիստների։
 
Այս հիմքով երկրի ղեկավարությունը առանձնացնում է «Ֆրանկլինի ակումբը»։ Իշխանությունները հայտարարում են, որ ակումբում, որտեղ ուսանողները ոչ ֆորմալ կրթություն են ստանում, «երիտասարդներին հավաքագրում են»:
 
JAMnews-ը հետաքրքրվել է, թե ինչ է իրենից ներկայացնում Թբիլիսիում գործող «Ֆրանկլինի ակումբը», ինչ է տեղի ունենում այնտեղ և ինչպես են այնտեղ «լվանում երիտասարդների ուղեղները»։ 
 
․․․ Այս ակումբի գոյությունը Վրաստանում շատերին հայտնի դարձավ միայն մարտի սկզբին, երբ վարչապետ Ղարիբաշվիլին մարտի 7-9-ի ցույցերին մասնակցած երիտասարդներին անվանեց սատանիստներ, որոնց «ուղեղը լվացել» են «Ֆրանկլինի ակումբի» հատուկ դասախոսություններով և գրականությամբ.
 
- Այն, ինչ կատարվում է «Ֆրանկլինի ակումբում», հատուկ ծառայությունների կողմից կազմված սովորական պլան ու ծրագիր է։ Երիտասարդների, դպրոցականների, ուսանողների «ուղեղը լվանում» են։
 
Նա այդ երիտասարդներին անվանեց նաև անարխիստներ, որոնց «հրահանգված էր ուղիղ առճակատման մեջ մտնել հատուկ ջոկատայինների հետ»։
 
Վարչապետի հայտարարությունների մասին կատակներ հորինելը վերջերս դարձել է Ֆրանկլինի ակադեմիայի ուսուցիչների և ուսանողների հիմնական զվարճանքներից մեկը։
 
- Այժմ մենք շատ ավելի հայտնի ենք, քան նախկինում,- ասում է Ֆրանկլինի ակադեմիայի ղեկավար 22-ամյա Դավիթ Մումլաձեն ու հավելում,- շատ լրատվամիջոցներ մեզ եթեր են տրամադրել, բաժանորդագրվածների թիվն աճել է, գրանցվել ցանկացողների թիվը՝ գրեթե կրկնապատկվել»։
 
Ի՞նչ է «Ֆրանկլինի ակումբը»
 
Թբիլիսիում գործող «Ֆրանկլինի ակումբը» կազմակերպություն է, որը հիմնադրվել է տասնինը երիտասարդների կողմից, 2020 թվականին, այն բանից հետո, երբ «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրությունների արդյունքում երրորդ անգամ դարձավ խորհրդարանական մեծամասնություն։
 
- Մենք շատ հիասթափված էինք և մտածեցինք, որ վատ չէր լինի ունենալ մի կազմակերպություն, որը մարդկանց տեղեկատվություն կտրամադրի դասական ազատական թեմաների վերաբերյալ,- ասում է 29-ամյա Ալեքսանդր Զիբզիբաձեն՝ «Ֆրանկլինի ակումբի» հիմնադիրներից մեկը:
 
Ակումբն աշխատում է տարբեր մեդիա նախագծերի և հրապարակումների վրա, սակայն ակումբի ամենամեծ և հավակնոտ նախագիծը Ֆրանկլինի ակադեմիան է, որտեղ արդեն իսկ գրանցվել է ավելի քան հազար ուսանող։
 
Ակադեմիայի հիմնական գործառույթը երիտասարդների շրջանում գիտելիքների տարածումն ու քննադատական մտածողության զարգացումն է։
 
Որպես ունկնդիր կարող են գրանցվել ինչպես ուսանողները, այնպես էլ ավագ դպրոցի աշակերտները: Դասախոսությունները սովորաբար տեղի են ունենում հանգստյան օրերին: Դպրոցականների կրթությունն անվճար է, ուսանողների համար մեկ ամիսն արժե 100 լարի [մոտ 40 դոլար]։
 
Առաջին մակարդակն իրենից ներկայացնում է ընդհանուր կրթական դասընթաց, որի շրջանակներում մեկ ամսում ուսումնասիրվում է յոթ առարկա։ Երկրորդ մակարդակում ուսանողն ընտրում է կոնկրետ ուղղություն, օրինակ՝ տնտեսագիտություն, իրավագիտություն և այլն։ Երրորդ փուլը ենթադրում է եռամսյա պրակտիկա՝ երիտասարդները գործնականում կիրառում են այն, ինչ սովորել են։
 
Երեք մակարդակներն ավարտելուց հետո, այսինքն՝ մի քանի ամիս անց, ակադեմիայի ուսանողները ստանում են ընդհանուր՝ հիմնական կրթություն տնտեսագիտության, քաղաքականության, միջազգային հարաբերությունների, բիզնեսի, կառավարման, բանավեճի, իրավունքի և արվեստի ոլորտներում։ 
 
Երիտասարդները սովորում են նաև բիզնես նախագծեր գրել, ծանոթանում են նկարիչների, ռեժիսորների և լուսանկարիչների հետ, սովորում շնորհանդեսներ անել, ելույթներ ունենալ և այլն։
 
Ընդհանուր առմամբ ակադեմիան ունի մինչև 320 ուսանողից բաղկացած 11 խումբ, որոնք գործում են զուգահեռ։
 
- Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է, որ մարդն իմանա իր հիմնարար իրավունքների մասին, հասկանա տնտեսագիտության հիմունքները, կարողանա քննադատաբար մտածել և հաղորդակցության մեջ լինի արվեստի տարբեր ուղղությունների հետ։ Հենց այս բազային կրթությունն ենք տալիս 16-17 տարեկան երիտասարդներին, որոնց վարչապետն անվանում է անարխիստ,- ասում է Դավիթ Մումլաձեն։
 
 
Ըստ Զուկայի՝ Ֆրանկլինի ակադեմիայի վրա վարչապետի հարձակումները ոչ այլ ինչ են, քան քննադատաբար մտածող երիտասարդ սերնդի մեջ վախի բորբոքում:
 
«Երիտասարդները միշտ փոփոխություն են բերում, և մեր վարչապետը հենց դրանից է վախենում»
 
Զուկան սովորում է տասներկուերորդ դասարանում [Վրաստանի դպրոցներում 12-ամյա կրթություն է, 12-րդ դասարանն է ավարտական - JAMnews]։ Ու թեև դպրոցում հետաքրքիր ընտրովի առարկաներ կան, նա ասում է, որ Ֆրանկլինի ակադեմիայում ստացել է բոլորովին այլ մակարդակի կրթություն՝ ավելի հիմնավոր։ Զուկան անցել է բոլոր մակարդակները և մինչ օրս հաճախում է տարբեր դասախոսությունների։
 
- Ի տարբերություն դպրոցի՝ այստեղ մենք կողպված չենք։ Դասախոսների հետ ընկերական հարաբերություններ ունեմ, և որ ամենակարևորն է, նրանք մեզ հետ շփվելու հետաքրքիր ձևեր են գտնում։ Այստեղ մենք սովորում ենք մտածել ստանդարտից դուրս: Սա եվրոպական կրթություն է, որը կենտրոնացած է երիտասարդների զարգացման վրա: Վարչապետը պայքարում է այս ամենի դեմ, չնայած այն բանին, որ ինքը կրթություն է ստացել Ֆրանսիայում, իսկ որդին սովորում է Ամերիկայում։
 
Ինչո՞ւ «Ֆրանկլին»
 
«Ի՞նչ կապ ունի Ֆրանկլինը Վրաստանի հետ»,- հարցրեց վարչապետը՝ խոսելով Ֆրանկլինի ակադեմիայի մասին։
 
- Մենք չէինք ուզում շատ բանալ լինել, բայց մյուս կողմից ուզում էինք գրավիչ անուն ընտրել: Բենջամին Ֆրանկլինը դասական լիբերալ անձնավորություն էր, և նրա կենսագրությունը շատ ընդհանրություններ ունի մեր մեծագույն լիբերալ և մտածող Իլյա Ճավճավաձեի կենսագրության հետ,- ասում է Ալեքսանդր Զիբզիբաձեն:
 
Ալեքսանդրի կարծիքով՝ «Ֆրանկլինի ակումբը» նսեմացնելու կառավարության փորձը կարող է ունենալ երկու պատճառ՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» հետ կապված խոշոր պարտությունից հետո կառավարությունը փորձում է ուշադրություն հրավիրել այլ թեմաների վրա, թշնամիներ փնտրել և չխոսել սեփական հանցագործությունների մասին։
 
- Անունը վրացական չէ, այն ասոցացվում է Ամերիկայի հետ, և դա օգտագործվել է ռուսամետների կողմից՝ որպես ագրեսիայի ավտոմատ հիմք։
 
Նաև, ըստ Ալեքսանդրի, իշխանությունների համար վտանգավոր է ցանկացած տարածք, որտեղ շատ երիտասարդներ են հավաքվում, տարբեր հարցեր են քննարկում ու կրթություն ստանում։
 
- Պետական քարոզչությունը չի կարող ներթափանցել նման տարածքներ, մարդիկ այստեղ քննադատաբար են վերաբերվում թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, ուստի նման վայրերը նրանց համար վտանգավոր են։ Եվ ամենակարևորը՝ մեզ մոտ սովորում է Z սերունդը, որն ակտիվորեն մասնակցելու է բողոքի ակցիաներին։
 
Դավիթ Մումլաձեի խոսքով՝ ակումբի վրա իշխանամետ լրատվամիջոցների հարձակումն սկսվել է անցյալ տարվա վերջին։ «Ասավալ-Դասավալի» քարոզչական թերթում հրապարակվել էր «Թբիլիսիում ստեղծվել է մասոնական օթյակ» վերնագրով հոդված։ Կարճ ժամանակ անց «Իմեդի» հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց մի տեսանյութ, որտեղ «Ֆրանկլինի ակումբի» անդամներին կոչում էին ռեինկառնացիա և ժառանգորդներ «Կմարա»-ի՝ երիտասարդական շարժման, որը մասնակցել է 2003 թվականի Վարդերի հեղափոխությանը:
 
 
- Կազմակերպվել է քարոզչական հարձակում։ Զավեշտալին այն է, որ մենք, օրինակ, ընդհանրապես չենք հիշում, թե ինչ է «Կմարա»-ն,- ասում է 22-ամյա Դավիթ Մումլաձեն։
 
- Կառավարության կողմից քարոզչական հարձակումներ եղել են նաև նախկինում, ուստի մենք շատ չզարմացանք, թեև իսկապես չէինք սպասում վարչապետի կողմից նման հայտարարության,- ասում է Ֆրանկլինի ակադեմիայի ուսուցիչ 23-ամյա Գիորգի Անդրոնիկաշվիլին:
 
- Ակնհայտ է, որ սա կապված է հանրահավաքների հետ, սակայն Ակադեմիան այդ ուղղությամբ ոչինչ չի արել։ Բոլոր նրանք, ովքեր ներկա են եղել հանրահավաքներին, ինքնուրույն են այդ որոշումը կայացրել։
 
«[Չնայած իշխանության կողմից կազմակերպված սև PR-ին] հաճախելիությունը ոչ թե նվազել է, այլ զգալիորեն աճել։ Մենք փորձեցինք ճիշտ տեղեկատվություն փոխանցել լսարանին և խնդրեցինք «Իմեդի» հեռուստաընկերությանը եթերային ժամանակ հատկացնել, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չկա»։
 
Ակումբի և Ֆրանկլինի ակադեմիայի մասին խոսակցություններից հետո թիմը որոշեց լքել University of Georgia-ի շենքը, որպեսզի այդ մասնավոր հաստատությունը հարվածի տակ չհայտնվի։
 
University of Georgia-ն իր հիմնադրման օրվանից եղել է ակումբի հիմնական գործընկերներից մեկը՝ մի քանի միջազգային դոնորների հետ միասին: Հանգստյան օրերին համալսարանն անվճար ակադեմիային էր տրամադրում իր տարածքը և ֆինանսավորում դպրոցականների կրթությունը։
 
- Մեր միջոցով նրանք հարված հասցրին նաև համալսարանին։ Նրանք ուսանողներին պիտակավորեցին որպես «Ֆրանկլինի ակումբի» անդամ, և, հետևաբար, մենք կայացրինք դժվար, բայց անհրաժեշտ որոշում՝ հեռանալ համալսարանի պատերի ներսից,- պատմում է Դավիթ Մումլաձեն։
 
Նրա խոսքով՝ ակումբը դադար կվերցնի՝ մտածելու համար, թե որտեղ և ինչպես շարունակել աշխատանքը.
 
- Այժմ մենք շատ համախոհներ ունենք։ Շատ կազմակերպություններ կապ են հաստատում մեզ հետ և համագործակցություն առաջարկում: Մենք մի փոքր դադար կվերցնենք, իսկ հետո կսկսենք աշխատել նոր դոնորների հետ։
 
Մարադիա Ցաավա
Թբիլիսի