«Ռուսաստանը Վրաստանին առաջարկում է գործարք սատանայի հետ». Ուկրաինայի ԱԳՆ

Ռուսաստանը Վրաստանին առաջարկում է գործարք սատանայի հետ, իսկ նման գործարքում հաղթում է սատանան։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել Ուկրաինայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։ Նա այսպես է մեկնաբանել Պուտինի մայիսի 10-ի որոշումը, ըստ որի՝ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ է մտցվում, վերականգնվում է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցությունը։
 
Նիկոլենկոն ընդգծում է, որ Ուկրաինան Պուտինի այս որոշումները դիտարկում է որպես քաղաքական փոխհատուցում Վրաստանի ներկայիս կառավարության՝ հակառուսական պատժամիջոցներին միանալուց հրաժարվելու դիմաց և որպես եվրաինտեգրման գործընթացի դանդաղում։
 
- Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Թբիլիսիի կուրսի փոփոխությունը տեղի է ունենում Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի 20 տոկոսի օկուպացիայի, սողացող «սահմանագծման», Վրաստանի քաղաքացիների առևանգման, օկուպացված տարածքներում մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների և Վրաստանը ռուս քաղաքացիներով լցնելու ֆոնին։ Կրեմլը զիջումների է գնում Թբիլիսիին՝ առանց վրաց ժողովրդին պատճառած վշտի համար պատասխանատվություն ստանձնելու։
 
2008 թվականին ռուսական ինքնաթիռները Վրաստան էին թռչում՝ ռմբակոծելու խաղաղ բնակիչներին։ Հիմա նրանք ծրագրում են ռմբակոծել վրացիների եվրոպական ապագան,- գրում է Նիկոլենկոն։
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված չէ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությամբ, նրա բարգավաճմամբ ու զարգացմամբ։ Ինչպես բացատրում է Նիկոլենկոն, Մոսկվայի նպատակը առաջընթացի համար անհնարին պայմաններ ստեղծելն է, և դա ապացուցեց Բելառուսի փորձը, որի ինքնիշխանությունն ու անկախությունը կլանել է Ռուսաստանի Դաշնությունը։
 
- Ագրեսորի հետ մերձեցման քաղաքականությունը, ինչպես և ակնկալվում էր, աջակցություն չի գտնում վրաց քաղաքական գործիչների և բնակչության շրջանում, որոնք բազմիցս հրապարակային կերպով արտահայտել են իրենց դիրքորոշումը, հատկապես բողոքի ցույցերի ժամանակ։
 
Այս համատեքստում մենք մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում վրացիներին՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում հաջողակ եվրոպական պետություն կառուցելու իրենց օրինական ձգտման մեջ։
 
Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը սինխրոնիզացնել Եվրամիության քաղաքականության հետ, ինչպես նաև զերծ մնալ գործողություններից, որոնք բացառում են Վրաստանի ընթացքը դեպի Եվրոպա,- ասում է Նիկոլենկոն։
 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին փաստաթուղթ էր ստորագրել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու և Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին։
 
Բացառություն են կազմում «այն քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնություն են մուտք գործելու աշխատանքի նպատակով կամ 90 օրից ավելի ժամկետով, այդ թվում՝ կրթություն ստանալու համար»։
 
Ռուսաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմը միակողմանի գործում էր 2000 թվականից, իսկ ուղիղ օդային հաղորդակցությունը դադարեցված էր 2019 թվականի հուլիսից։
JAMnews
Թբիլիսի