Աջակցություն Լեռային Ղարաբաղի հայերին

Բրյուսել, 8 հունիսի 2023թ․ Բելգիայի հայերի կոմիտեն մեծ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը։ Այս տարածաշրջանի հայ բնակչությունը, որը խիզախորեն պայքարել է խաղաղության, ազատության և ժողովրդավարության մեջ ապրելու համար, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հայտնվել է շրջափակման մեջ։ Այս խայտառակ իրավիճակը դատապարտվել է մասնավորապես Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի, ինչպես նաև Եվրախորհրդարանի կողմից։  Այս պայմաններում միջազգային հանրության պարտականությունն է բոլոր անհրաժեշտ միջոցները գործադրել՝ վերացնելու շրջափակումը և ճանաչել Լեռնային Ղարաբաղի բնակիչների խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքը։
 
Ցավով նշում ենք, որ ոչ միայն կոնկրետ ջանք չի գործադրվում այս ուղղությամբ, այլ, ընդհակառակը, այս քննարկումներում ներգրավված միջազգային խաղացողները կարծես թե բանակցում են տարածաշրջանի հազվագյուտ ժողովրդավարություններից մեկի կազմաքանդման պայմանների շուրջ, այն ամենավատ բռնապետություններից մեկի լծի տակ անցկացնելու համար։ Ի վերջո, կասկած չկա, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցումը կհանգեցնի նրա բնակիչների էթնիկ զտումներին և հայկական քաղաքակրթության բնօրրան պատմական մշակութային ժառանգության անհետացմանը։ Հայաստանի պատմությունը՝ Ցեղասպանությունից առաջ և հետո, մեզ ցույց է տվել դրա բազմաթիվ օրինակներ։  Կեղծ կարճաժամկետ առևտրային  շահերի քողի տակ նույնքան բացահայտ և անփութորեն խրախուսելով  ամենաթողությունն ու բռնությունը, մենք հող ենք պատրաստում տարատեսակ սանձարձակությունների համար։
 
Ուստի կոչ ենք անում Բելգիային, նրա գործընկերներին և ընթացող քննարկումներում ներգրավված միջազգային խաղացողներին չտրվել բռնապետությունների շանտաժին և սակարկությանը, այլ վերանայել իրենց ներկայիս դիրքորոշումը և լիովին ձեռնամուխ լինել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց հայրենիքում խաղաղ, անվտանգ և ազատ ապրելու իրավունքի գործին։ Հայաստանի վարչապետի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, չեն ազատի բանակցությունների գործընթացում անմիջականորեն ներգրավված միջազգային հանրությանը և Եվրոպային այն մոտալուտ ողբերգությունից, որին բախվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։
 
Ռոբերտ Ունուսյան
Բելգիայի հայերի Կոմիտեի նախագահ