216 բանտարկյալ՝ 100 հազար մարդու հաշվով

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ Է

Եվրոպայի խորհուրդը հրապարակել է Լոզանի համալսարանի կողմից պատրաստված «Բանտերի բնակչությունը- 2022» զեկույցը։
 
Զեկույցի համաձայն՝ 2022 թվականի վերջին Եվրոպայի բանտերում իր պատիժն է կրել ընդհանուր առմամբ 981 575 մարդ։ Ամենաշատ բանտարկյալները եղել են Թուրքիայում՝ 303 հազար 945, այնուհետև Մեծ Բրիտանիայում՝ 79 հազար 092, Լեհաստանում՝ 71 հազար 874, Ֆրանսիայում՝ 69 հազար 964:
 
Ինչպես զեկույցը մեկնաբանել է փաստաբան Խալիդ Աղալիևը, Թուրքիայում յուրաքանչյուր 100 հազար մարդուն բաժին է ընկնում 355 կալանքի տակ կամ արդեն ազատազրկման դատապարտված անձ։
 
«Այս ցուցանիշով Թուրքիային հաջորդում է Վրաստանը, որտեղ 100 հազար մարդուն բաժին է ընկնում 237 բանտարկյալ։ Ադրբեջանը երրորդ տեղում է՝ 100 հազար մարդու հաշվով 216,8 բանտարկյալ»,- շարունակել է Աղալիևը։
 
Նրա խոսքով՝ Ադրբեջանում կա 22 334 բանտարկյալ, այդ թվում՝ 21 713 տղամարդ և 621 կին։ Ադրբեջանի բանտերում կան նաև օտարերկրյա քաղաքացիներ՝ 436 տղամարդ և 11 կին։ Բանտարկյալների 12,6%-ը դատապարտվել է 1-3 տարի ժամկետով, 39,6%-ը՝ 3-5 տարի, 32,7%-ը՝ 5-10 տարի, 13,1%-ը՝ 10-20 տարի, 1,7%-ը՝ ցմահ։ Ադրբեջանի բանտերում կա 25471 տեղ և դրանք 87,7%-ով համալրված են։
 
Սակայն բանտերի ծանրաբեռնվածության մասին տվյալները չեն համընկնում բանտարկյալների հարազատների հաղորդագրությունների հետ։ Նրանք պնդում են, որ քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են, և մասնավորապես՝ խցերում ավելի շատ դատապարտյալներ կան, քան նախատեսված է։
 
«Ադրբեջանի իշխանությունները, հղում անելով գաղտնիությանը, տեղեկություններ չեն տրամադրում քրեակատարողական ծառայության աշխատակիցների թվի մասին»,- նշել է փաստաբան Աղալիևը։
 
2020 թվականին Ադրբեջանում 100 000 մարդուն բաժին էր ընկնում 208 բանտարկյալ, իսկ 2021 թվականին՝ 215։
 
2021 թվականին Ադրբեջանում բանտարկյալների պահման վրա ծախսվել է 64,8 միլիոն եվրո՝ մեկ բանտարկյալի համար օրական 7,97 եվրոյի չափով։ Դա Ուկրաինայից հետո ամենացածր ցուցանիշն է Եվրոպայի խորհրդի երկրների շարքում։
 
Թուրքիայում մեկ բանտարկյալի վրա ծախսվում է օրական 9,81 եվրո, Վրաստանում՝ 10,55 եվրո, Մոլդովայում՝ 12,7 եվրո։ Հայաստանում, որտեղ կա ընդամենը 2128 բանտարկյալ (100 հազար բնակչի հաշվով՝ 71,6), մեկ բանտարկյալի համար օրական ծախսվում է 32 եվրո։ Բանտարկյալների պահպանման համար հատկացված միջոցների քանակով առաջատարը Իռլանդիան է, որտեղ այս ցուցանիշը կազմում է օրական 1207 եվրո՝ մեկ բանտարկյալի համար։ Հաջորդում են Նորվեգիան՝ 378 եվրո, Լյուքսեմբուրգը՝ 327 եվրո, Լիխտենշտեյնը՝ 300 եվրո։
 
Եվրոպայի միջին ցուցանիշը 81,41 եվրո է։
 
JAMnews