Եվրոպական սոցիալիստներն իրենց շարքերից հեռացրել են Վրաստանի իշխող կուսակցությանը

Եվրոպական սոցիալիստների կուսակցությունը (PES) իր շարքերից հեռացրել է Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությանը։ Հունիսի 29-ին կայացել է PES-ի ղեկավարների հանդիպումը, որոշումն ընդունվել է միաձայն (տեղեկացնում է JAMnews-ը)։
 
Հաղորդվում է, որ կուսակցության ղեկավարությունը քննարկել է Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, իսկ PES քաղխորհրդի անդամները վերահաստատել են իրենց մտահոգությունը՝ կապված այն դիրքորոշումների և հայտարարությունների հետ, որոնք վերջին շրջանում առաջ է մղում «Վրացական երազանքը»:
 
«PES-ի ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ իր գործունեությամբ և դիրքորոշումներով «Վրացական երազանքը» մեծ անհամապատասխանություն ունի PES-ի արժեքների հետ։ Հաշվի առնելով դա՝ PES-ի ղեկավարությունն առաջարկել է անհապաղ, այն է՝ որոշման ընդունման պահից դադարեցնել «Վրացական երազանքի» հետ բոլոր հարաբերությունները։ Քաղխորհրդի անդամները միաձայն վավերացրել են որոշումը»,- ասված է եվրոպական սոցիալիստների հայտարարության մեջ։
 
Այս տարվա մայիսի սկզբին Բուդապեշտում կազմակերպված Պահպանողական քաղաքական գործողությունների կոնֆերանսի ժամանակ ունեցած ելույթում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել էր, որ հունգար ժողովրդի բախտը բերել է՝ «նման իմաստուն և հեռատես» առաջնորդ ունենալ։ «Ճշմարտությանը հակառակվող ուժերը փորձում են հասնել իրենց նպատակներին ԼԳԲՏ քարոզչության միջոցով»,- ընդգծել էր Ղարիբաշվիլին։
 
Մայիսի 8-ին Եվրոպական սոցիալիստների կուսակցության փոխնախագահ Քեթի Փիրին դատապարտել էր Ղարիբաշվիլիի ելույթն ու հայտարարել, որ քաղաքական միությունում կա լիակատար համաձայնություն «Վրացական երազանքի» կարգավիճակի կասեցման հարցում։ Իսկ հունիսի 11-ին Վրաստանի իշխող կուսակցությունն ինքն էր լքել եվրոպական սոցիալիստներին՝ չսպասելով մինչ իրեն կհեռացնեն:
 
Հատուկ ճեպազրույցում «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն պարզաբանել է, որ PES-ից դուրս գալու որոշումն ընդունվել է կոլեգիալ՝ քաղխորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ PES-ը սպառնացել է վտարել «Վրացական երազանքը» Աստծո, հայրենիքի և ընտանիքի հանդեպ իրենց կուսակցության տածած հարգանքի պատճառով: