Ռուս զինվորականները սպանել են Վրաստանի քաղաքացու

ԹԲԻԼԻՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Վրաստանի կառավարությունը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել ռուսական օկուպացիոն ուժերի կողմից երկրի տարածքում Վրաստանի քաղաքացու սպանությունը։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղի ունեցածն անվանել է «դաժան հարձակում վրացական պետականության վրա»։
 
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Գորիի շրջանի Կիրբալի գյուղի մոտ՝ վրաց-օսական հակամարտության գոտում։ Ռուս զինվորականները կրակել և սպանել են Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրին և առևանգել Վրաստանի մեկ այլ քաղաքացու։
 
«Մտավարի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ Թամազ Գինտուրին հատուկ նշանակության ուժերի նախկին սպա է, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վետերան։ Հեռուստաալիքը հրապարակել է նաև սպանվածի լուսանկարը։
 
 
Ազատություն ռադիոկայանի վրացական խմբագրությունը գրում է, որ սպանվածը Գորի քաղաքի քաղաքային խորհրդում ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության [ստեղծվել է Միխայիլ Սաակաշվիլիի կողմից] խմբակցության անդամ Նիկոլոզ Գինտուրիի եղբայրն է։
 
Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ ժամը 21։00-ից ոստիկանները փակել էին Կիրբալի գյուղի մուտքը, լրագրողներին թույլ չէին տվել մտնել գյուղի կենտրոն և շարժվել դեպի օկուպացիոն գիծ։ Տեղում էին գտնվել տեղական իշխանությունների և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչներ։ Գյուղ էին մուտք գործել նաև Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները։
 
Ինչպե՞ս է տեղի ունեցել սպանությունը
 
Կիրբալիում Գորիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Դավիթ Ցերցվաձեն հայտնել է, որ նոյեմբերի 6-ին Թամազ Գինտուրին և Լևան Դոթիաշվիլին եկել են գյուղի գերեզմանատուն, ապա գնացել Լոմիսի եկեղեցի՝ այնտեղ մոմ վառելու։ Ցերցվաձեն պատմել է, որ ռուս զինվորականները փորձել են բերման ենթարկել իրենց և կրակ են բացել իրենց ուղղությամբ։
 
Թամազ Գինտուրին մահացել է հրազենային վնասվածքից, իսկ Լևան Դոթիաշվիլին առևանգվել է։
 
«Հակաօկուպացիոն շարժման» առաջնորդ Դավիթ Կացարավան նույնպես իր ֆեյսբուքյան էջում հաստատել է, որ Լոմիսի եկեղեցու մոտ Վրաստանի քաղաքացի է սպանվել։
 
 
◤ Ռուսական ռազմական ուժերը հարավօսական կողմից վերահսկում են վրաց-օսական հակամարտության գոտում կողմերի բաժանարար գիծը, որը Վրաստանում անվանում են օկուպացիոն գիծ։ Կիրբալի գյուղը գտնվում է այս գծի մոտ և 2023 թվականի հոկտեմբերի վերջին հայտնվել է վրացական լրատվամիջոցների վերնագրերում: Այդ ժամանակ տեղեկություն տարածվեց, որ ռուս զինվորականները մտել են Լոմիսի վանքի տարածք և արգելափակել դրա մուտքը։ Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջագմաիձեն այդ ժամանակ հայտարարել էր, որ ռուս զինվորականները «եկել էին, քանի որ ինչ-որ մեկն այնտեղ վրացական դրոշ էր կախել»։ ◢
 
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 109-րդ և 143-րդ հոդվածներով՝ «դիտավորյալ սպանություն» և «ապօրինի ազատազրկում»:
 
Կառավարության արձագանքը
 
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղի ունեցածն անվանել է «դաժան հարձակում վրացական պետականության վրա»։
 
- Ես խորապես վրդովված եմ Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից անօրինական ձերբակալման ժամանակ Վրաստանի քաղաքացու սպանությունից,- գրել է Զուրաբիշվիլին Twitter-ում և կոչ է արել միջազգային հանրությանը «անվերապահորեն դատապարտել Ռուսաստանի գործողությունները, որը կոպտորեն և անամոթաբար խախտում է բոլոր միջազգային նորմերը»։
 
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ «տեղի է ունեցել ամենասարսափելի միջադեպը Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում» և դիմել է ռուս զինվորականներին՝ պահանջելով «համագործակցել մեղավորներին բացահայտելու և պատժելու հարցում»։
 
Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը «համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին»։ «Կիրբալի գյուղում ռուսական օկուպացիոն ուժերի արձակած կրակոցների հետևանքով Վրաստանի քաղաքացու սպանությունը ևս մեկ անգամ հաստատում է տեղում ստեղծված անվտանգային դժվար իրավիճակը և վկայում օկուպացիայի ծանր հետևանքների մասին»,- գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։
 
Վրաստանի քաղաքացու սպանության և մեկ այլ քաղաքացու առևանգման մասին տեղեկությունն առաջինը հրապարակել էր պետական անվտանգության ծառայությունը։
 
 
Կիրբալի գյուղը գտնվում է Գորիից 30 կիլոմետր հեռավորության վրա՝ բաժանարար գծին շատ մոտ։ 2022 թվականին ռուսներն այստեղ նոր անցակետ են կառուցել։ Ի նշան օկուպանտների գործողությունների դեմ բողոքի՝ տեղի բնակիչներն ապամոնտաժել են ռուսների կողմից «Պետական սահման» գրությամբ պաստառը և հանձնել այն որպես մետաղի ջարդոն։
 
JAMnews․ Թբիլիսի