Վրաստանի միտրոպոլիտը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ

5 ԿԱՆԱՅՔ ՎՐԱՑ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

Հինգ կին սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրում Վրաստանի ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորական, միտրոպոլիտ (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցու բարձրագույն կոչում, ինչպես նաև այդ կոչումը կրող անձ) Նիկոլոզ Պաչուաշվիլիին։
 
«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է լրագրող Նաստասյա Արաբուլիի նյութը, որտեղ մի կին բացահայտ և չորս կին անանունության սկզբունքով պատմում են այն մասին, թե ինչպես են տարբեր ժամանակներում դարձել միտրոպոլիտի կողմից սեռական ոտնձգությունների զոհ:
 
Կինը, ով բացահայտ հայտարարել է, որ ինքը բարձրաստիճան հոգևորականի զոհն է դարձել, 33-ամյա Լելա Կուրտանիձեն է։ Նա ասել է, որ իրենից ավելի քան մեկ տասնամյակ է պահանջվել քաջություն հավաքելու և այդ մասին բարձրաձայնելու համար: Ինքը՝ միտրոպոլիտը, կնոջ պատմությունը համարում է զրպարտություն, որի նպատակն իր հեղինակությանը վնաս հասցնելն է։
 
Բացի Լելայից «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը զրուցել է այլ կանանց հետ, որոնցից ոմանք խոսում են ոտնձգությունների, ոմանք՝ սեռական բռնության մասին։ Նրանցից մեկը պնդում է, որ ինքը անչափահաս է եղել, երբ միտրոպոլիտի կողմից սեռական ոտնձգությունների զոհ է դարձել։ Մյուսի պատմությունը տեղի է ունեցել Վրաստանի սահմաններից դուրս՝ Գերմանիայում։ Երկու կանայք այնպես, ինչպես Լելան, ծանոթացել են Նիկոլոզ Պաչուաշվիլիի հետ Ջավախեթի կատարած արշավի ժամանակ, երբ ուսանող են եղել։
 
Բացի Լելայից բոլորն իրենց պատմությունները ներկայացրել են անանունության պայմանով, ուստի հոդվածում նրանց անունները փոխված են։ Որոշ դեպքերում չեն մատնանշվում վանքերը, տարեթվերը և կանանց մասնագիտությունները՝ նրանց ինքնությունն անուղղակիորեն չբացահայտելու համար։
 
Բոլոր կանանց միավորում է այն փաստը, որ նրանք տարբեր ժամանակներում մասնակցել են Թբիլիսիի պետական համալսարանի՝ դեպի Ջավախեթի արշավին։ Ջավախեթիի արշավը ուսանողական ամառային ճամբար է, որի մասնակիցները երկու շաբաթով օգնում են Ախալքալաքի թեմի եկեղեցիներին ու վանքերին։ Նիկոլոզն այդ թեմի միտրոպոլիտն է։
 
Ըստ Լելա Կուրտանիձեի պատմածի՝ Ջավախք կատարած արշավի ժամանակ նա լողալ չի իմացել, և միտրոպոլիտն առաջարկել է սովորեցնել։
 
«Երբ նա ձեռքն անհարմար տեղ մտցրեց, ես սկսեցի ցնցվել, փորձեցի ազատվել ու ընկա ջուրը։ Այդ պահին նա ինձ հարցրեց. «Ի՞նչ ես անում։ Ինչո՞ւ ես ամեն բան փչացնում»։ Նա ինձ այնպես հարցրեց, կարծես ես ինչ-որ անտեղի բան էի անում։ Երբեմն մի կողմ էի քաշվում, երբեմն փորձում էի ազատվել, բայց հնազանդվում էի։ Առաջին օրը նա համբուրեց ինձ՝ ոչ շուրթերս, բայց չափազանց ինտիմ ձևով»։
 
Հոդվածի մեկ այլ հերոսուհի պատմել է, որ արշավի ավարտից հետո միտրոպոլիտը կանչել է իրեն՝ խոսելու «ապագայի պլանների» մասին։
 
«Նա ինձ տարավ ննջասենյակ և խնդրեց նստել անկողնու վրա: Ես շատ զարմացա, բայց մտքովս անգամ չէր անցնում, որ այնտեղ ինչ-որ վատ բան կարող է տեղի ունենալ։ Նա ինձ հարցեր տվեց իմ սեռական կյանքի և փորձառության մասին:
 
Նա դիպչում էր մարմնիս։ Բայց դրանք պատահական հպումներ չէին։ Ես շշմած նստել էի և շոկից չէի կարողանում հասկանալ՝ ինչ անել: Մտքերն իմ գլխում պտտվում էին խելագար արագությամբ, ես նույնիսկ չէի կարող ենթադրել, որ մարդը, որը նախորդ օրը մեզ հետ Բախ էր լսում և խոսում վեհ սիրո և «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» գործի մասին [Բախի ստեղծագործությունը], կարող է իրեն ինչ-որ անբարո բան թույլ տալ: Ես պարզապես չէի կարող հավատալ կամ չէի ուզում հավատալ դրան:
 
Հեռանալիս նա ինձ ասաց, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ, հիանալի էր և հուզիչ, որ ես առանձնահատուկ եմ, որ ես էներգիայի աղբյուր եմ, որ ունեմ գեղեցիկ մարմին և կուրծք, ամուր և գեղեցիկ ոտքեր, և որ մենք պետք է գաղտնի պահենք մեր հանդիպումները»,- «Ազատություն» ռադիոկայանին պատմել է կինը։
 
Հոդվածում պատմվում են ևս երեք կանանց պատմություններ։
 
Ինչ վերաբերում է միտրոպոլիտին, ապա լրագրողի հետ հանդիպման ժամանակ նա չհերքեց, որ Լելա Կուրտանիձեին Փարավնի լճում լողալ է սովորեցրել, թեև պնդում է, որ սեռական ոտնձգություն չի եղել։
 
«Ինչպե՞ս կարելի է լողալ սովորեցնել առանց մարմնին դիպչելու»,- ասել է նա լրագրողին։
 
«Դուք ներգրավվում եք վատ գործի մեջ։ Կարծես եկեղեցու դեմ հերթական ալիքն է բարձրացել, բայց եկեղեցին նման է դարավոր կաղնու, որին միջատները չեն կարող վնասել։ Ինչպես ասել է Տերենտի Գրանելին. «Հիմա, միգուցե, բամբասանքն էլ ինձ կեղտով կպչի»,- նշել է միտրոպոլիտը։
 
Սա առաջին դեպքն է, երբ մի քանի կանայք հրապարակայնորեն մեղադրում են վրաց ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան անդամին սեռական բռնության մեջ:
 
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համաձայն՝ երկար տարիներ Վրաստանի ուղղափառ եկեղեցին եղել է երկրի ամենահեղինակավոր և ազդեցիկ կազմակերպությունը:
 
62-ամյա Նիկոլոզ Պաչուաշվիլին ամենաբարձր աստիճանի եպիսկոպոս է, միայն կաթողիկոս-պատրիարքն է նրանից կոչումով բարձր։
 
Վրաստանի անվտանգության ծառայության՝ 2021 թվականին արտահոսք եղած գրառումներում, որոնք հիմնականում նկարագրում են հոգևորականների անձնական կյանքի դիտարկման մանրամասները, Նիկոլոզ Պաչուաշվիլիի մասին ասվում է.
 
«Միտրոպոլիտը բնութագրվում է որպես կիրթ, գիտուն ու ճկուն մարդ… Նրա բացասական կողմը համարվում է իգական սեռի նկատմամբ վերաբերմունքը։ Հայտնի է, որ նա ինտիմ հարաբերություններ ունի երիտասարդ կանանց ու միանձնուհիների հետ, որոնք թեմում ուխտագնացություններ են իրականացնում»: