Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջանի նախագահական ընտրություններին

Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորները հայտարարություն են տարածել՝ փաստելով, որ Եվրախորհրդարանը որոշել է դիտորդներ չուղարկել փետրվարի սկզբին Ադրբեջանի նախագահական ընտրություններին:
 
- Եվրոպական խորհրդարանը չի դիտարկելու ընտրությունների գործընթացը և, հետևաբար, չի մեկնաբանի ոչ բուն գործընթացը, ոչ էլ դրա արդյունքները,- ասվում է փաստաթղթում:
 
Ասել է թե՝ պատգամավորներից և ոչ մեկը իրավասու չի դիտարկել Ադրբեջանում ընթացող ընտրությունները և մեկնաբանել դրանք։
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարեց 2024 թվականի փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ 
 
Մի քանի օր անց՝ դեկտեմբերի 19-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց Իլհամ Ալիևի թեկնածությունը՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ 
Ադրբեջանի նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով: Վերջին անգամ նախագահական ընտրությունները երկրում անցկացվել են 2018 թվականի գարնանը, հաջորդը նախատեսված էր 2025 թվականին:
 
Պատահական զուգադիպությամբ, թե՞ որոշակի վերաբերմունք ընդգծելու նպատակով այս հայտարարությանը հաջորդեց ԵՄ զգուշացնումն Ադրբեջանին առ այն, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։
 
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարություններին։ 
 
- Մենք սերտ կապի մեջ ենք եղել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ՝ առանց հոգնելու կրկնելով մեր աջակցությունը երկու երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հիմնախնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն։ Մեր հաղորդակցության ուղիները մնում են բաց։ ԵՄ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները Ադրբեջանին հստակ ուղերձներ հաղորդելու, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների վրա։ Մենք մնում ենք հաստատուն այս դիրքորոշման մեջ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շարունակում են իրենց ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատման համար,- ասել է Ստանոն։