2023 թ․-ին ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ 40 որոշում է ընդունել

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԸ

2023 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 40 որոշում է կայացրել Ադրբեջանից ստացված հայցադիմումների հիման վրա։ Այս որոշումներից 38-ում հայտնաբերվել է առնվազն մեկ խախտում: Այս մասին հայտարարել է ՄԻԵԴ-ի նախագահ Սիոֆրա Օ’Լիրին Ստրասբուրգում կայացած ամենամյա ասուլիսի ընթացքում։
 
JAMnews-ը մանրամասնում է, որ Ադրբեջանի վերաբերյալ կայացված որոշումների մեծ մասում հայտնաբերվել է արդար դատաքննության իրավունքի խախտում։ Սա արտացոլվել է 10 որոշումներում։
 
8 վճիռներով ՄԻԵԴ-ը ճանաչել է ազատության և անձնական անձեռնմխելիության, անձնական կյանքի հարգանքի, 6-ը՝ միավորվելու ազատության, 5-ը՝ սեփականության, 4-ը՝ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու, 3՝ արտահայտվելու ազատության, 3՝ կյանքի, 1՝ արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքների խախտումներ։
 
Ընդհանուր առմամբ, 2023 թվականին ՄԻԵԴ-ն, ըստ էության, ընդունել է 1014 որոշում։
 
Ռուսաստանն ու Թուրքիան առաջատար են
 
Ամենաշատ՝ 217 որոշումներ կայացվել են Ռուսաստանի դեմ։ Այս որոշումներում արձանագրվել են ամենամեծ թվով խախտումներ ազատության և անձեռնմխելիության (168 որոշում), խոշտանգումների չենթարկվելու (156) և արդար դատաքննության իրավունքի (138)։
 
Ռուսաստանին հաջորդում է Թուրքիան՝ 78 որոշումներով։ Թուրքիայի վերաբերյալ կայացված որոշումներում նույնպես արձանագրվել են ազատության և անձնական անձեռնմխելիության (16 որոշում) և արդար դատաքննության իրավունքի (17) խախտումների ամենաշատ դեպքերը։
 
2023 թվականին ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ 25 որոշում է հրապարակել, իսկ Վրաստանի մասին՝ 17։ Հայաստանի մասով հայտնաբերվել են կյանքի իրավունքի ամենամեծ թվով խախտումները (11 որոշում), իսկ Վրաստանի մասով՝ խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և խտրականության չենթարկվելու իրավունքի խախտումներ (4 որոշում)։
 
Դիմումներ, որոնք քննարկման ենթակա գործերի ցանկում չեն
 
Կառավարության միակողմանի հայտարարության համաձայն՝ 2023 թվականին Ադրբեջանից ուղարկված 111 դիմումների քննարկումը կասեցվել է։ Այս դեպքերում կառավարությունն ընդունել է խախտումները, որոնց մասին հայտարարել են քաղաքացիները։ 2022 թվականին կառավարության միակողմանի հայտարարության հիման վրա ավարտվել է Ադրբեջանից ուղարկված 55, իսկ 2021 թվականին՝ 4 դիմումի քննարկում։
 
2023 թվականին Ադրբեջանից ուղարկված 154 դիմումների քննարկումն ավարտվել է կողմերի միջև փոխադարձ համաձայնություններով, և դիմումները դուրս են եկել քննարկման ենթակա գործերի ցանկից։ Այս ցուցանիշը 2021 թվականին կազմել է 67, իսկ 2022 թվականին՝ 64։
 
Նոր հայցեր
 
2023 թվականին գրանցվել է նոր դիմումների թվի նվազում. 2022 թվականին ընթացք է տրվել 45․500 նոր դիմումի, իսկ 2023 թվականին այս ցուցանիշը նվազել է՝ հասնելով 34․650-ի։ Այդ հայցադիմումներից 438-ը վերաբերում է Ադրբեջանին։ 2021 թվականին այս ցուցանիշը կազմել է 425, 2023 թվականին՝ 389։
 
2023 թվականին ամենամեծ թվով՝ 8341 դիմումներ ստացվել են Թուրքիայից։ Ընթացք է տրվել 2531 հայցադիմումի Ուկրաինայից, 2821-ի՝ Ռումինիայից, 2469-ի՝ Հունգարիայից։
 
Դատարանը քննել է Հայաստանից 147, Վրաստանից՝ 156 դիմում։
 
Դիմումներ, որոնք սպասում են քննարկման
 
Դիմումների քանակը, որոնք ՄԻԵԴ-ում սպասում են դիտարկման, նվազել է․ 2022 թ․-ին 74․650 առկախված դիմում է եղել, իսկ 2023 թ․-ին այս ցուցանիշը նվազել է՝ հասնելով 68․450-ի։
 
Թուրքիան առաջատարն է ՄԻԵԴ-ում քննվող դիմումների քանակով։ Այս պահին 68․450 հայցադիմումներից 23․397-ն ուղղված է Թուրքիայի դեմ։ Սա բոլոր դիմումների ավելի քան 34 տոկոսն է:
 
Քննարկման են սպասում Ռուսաստանից 12․453 դիմում, Ուկրաինայից՝ 8737, Ռումինիայից՝ 4171, Իտալիայից՝ 2743 և Հունաստանից՝ 2429։
 
Ադրբեջանը 7-րդ տեղում է՝ 1877 հայտով։
 
Հայաստանից 836, Վրաստանից՝ 185 հայտ է քննարկման սպասում։
 
Առավել հաճախ խախտված իրավունքները
 
2023 թվականին ՄԻԵԴ-ն ամենամեծ թվով խախտումներն արձանագրել է արդար դատաքննության (372), ազատության և անձեռնմխելիության (348), ինչպես նաև խոշտանգումների և դաժան վերաբերմունքի անթույլատրելիության (344) իրավունքների խախտումներ։