Սալոմե Զուրաբիշվիլին չի շնորհավորել Ալիևին

ԵՐԿՐԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՐԱՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՆ ՎՆԱՍ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՄԵՋ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վնասում է երկրին՝ ձեռնպահ մնալով Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ շնորհավորելուց։ Այս մասին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի և սպորտի նախարար Թեա Ծուլուկիանին, գրում է ՏԱՍՍ-ը։
 
- Պարոն Ալիևին հաղթանակի կապակցությամբ շնորհավորելուց ձեռնպահ մնացած Վրաստանի նախագահի լռությունը, կարծում եմ, վնասում է մեր երկրին։ Մենք ուզում ենք հիշեցնել մեր նախագահին, որ սա տարածաշրջան է, որտեղ աշխարհաքաղաքական ռիսկերն ու անվտանգային ռիսկերը մեծացել են վերջին տարիներին։ Վրաստանի կառավարությունն ամեն օր հոգ է տանում, որպեսզի ապահովագրի այդ ռիսկերը և այդ ֆոնին նախագահը, որը հանդիսանում է զորքերի գերագույն հրամանատարը, ձեռնպահ է մնում մեր հարևանին, գործընկերոջը, պետության ընկերոջը շնորհավորելուց ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Դա քաղաքական կարճատեսություն է հանդիսանում,- ասել է Ծուլուկիանին։
 
Նա հավելել է, որ Զուրաբիշվիլիի նպատակը պետք է լինի Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերությունների պահպանումն ու զարգացումը, սակայն նա անում է հակառակը։ Սալոմե Զուրաբիշվիլիին քննադատել է նաև Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։
 
- Ինձ համար անհասկանալի է այն անգործությունը, որ նախագահը ցուցաբերում է այս ուղղությամբ, քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ունենք ռազմավարական գործընկերություն և համագործակցություն Ադրբեջանի Հանրապետության հետ։ Մենք հատուկ հարաբերություններ ունենք Ադրբեջանի ղեկավարի հետ, որը մեկ անգամ չէ, որ նպաստել է մեր երկրների միջև հաջող նախագծերի իրականացմանը,- ասել է Չիկովանին կառավարության նիստից հետո ճեպազրույցում։
 
Աղբյուր՝  factor.am