Ո՞վ է Վրաստանի նոր վարչապետը

ՓԱՍՏԵՐ ԻՐԱԿԼԻ ԿՈԲԱԽԻՁԵԻ ՄԱՍԻՆ

45-ամյա Իրակլի Կոբախիձեն Վրաստանի նոր վարչապետ դարձավ այն բանից հետո, երբ փետրվարի 8-ին երկրի խորհրդարանը պաշտոնապես հաստատեց նրա նշանակումը այդ պաշտոնում։ Կոբախիձեն այս պաշտոնում փոխարինում է Իրակլի Ղարիբաշվիլիին։
 
Նախկինում Կոբախիձեն զբաղեցնում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը։ Այժմ նրա տեղը զբաղեցրել է նախկին վարչապետ Ղարիբաշվիլին։ Այսինքն՝ նրանք փոխվել են դերերով իշխանական կառույցներում։
 
Ո՞վ է Իրակլի Կոբախիձեն, ինչո՞վ է հայտնի Վրաստանում
և ինչպիսի՞ քաղաքական անցյալ ունի
 
Իրակլի Կոբախիձեն կրթությամբ իրավաբան է, սահմանադրական իրավունքի մասնագետ, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր։ 2006 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան Գերմանիայի Դյուսելդորֆի համալսարանում։
 
Կոբախիձեի հայրը՝ Գիա Կոբախիձեն, նույնպես քաղաքական գործիչ է եղել՝ երրորդ և չորրորդ գումարման պատգամավոր, խորհրդարանի նախագահի տեղակալ, մինչև 2015 թվականը՝ Նինո Բուրջանաձեի ռուսամետ «Ժողովրդավարական շարժման» առաջնորդներից մեկը։ Սակայն այժմ Կոբախիձե ավագն այլևս քաղաքականությամբ չի զբաղվում։
 
Իրակլի Կոբախիձեն ակտիվորեն ներգրավված է վրացական քաղաքականության մեջ` սկսած 2014-2015 թվականներից։
 
Նրա հայտնվելը քաղաքական ասպարեզում կապված էր նույն Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, որն իր հերթին «Վրացական երազանքի» հիմնադիր, օլիգարխ, Վրաստանի ստվերային կառավարիչ Բիձինա Իվանիշվիլիի ամենամոտ մարդկանցից է։
 
2015 թվականին Կոբախիձեն նշանակվեց «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար՝ փոխարինելով Իրակլի Ղարիբաշվիլիի ազգական Զվիադ Ջանքարաշվիլիին այն բանից հետո, երբ սկսվեցին հասարակական անկարգություններ, և «Ղարիբաշվիլիի կլանը» մեղադրվեց կոռուպցիայի մեջ։
 
Դրանից հետո Կոբախիձեն արագորեն առաջ է շարժվում կարիերայի սանդուղքով, ինչը նշանակում է, որ նա վայելում է Իվանիշվիլիի հատուկ վստահությունը։
 
 «Գավրիլովի գիշերը»
 
2016 թվականի խորհրդարանական ընտրություններում Կոբախիձեն արդեն երրորդն էր «Վրացական երազանքի» ընտրական ցուցակում, իսկ կուսակցության հաղթանակից հետո դարձավ խորհրդարանի խոսնակ։
 
2019 թվականին Կոբախիձեն հրաժարական տվեց խոսնակի պաշտոնից։ Ավելի ճիշտ, նա ստիպված եղավ հրաժարական տալ, այսպես կոչված, «Գավրիլովի գիշեր»-ից հետո։
 
2019 թվականի հունիսի 20-ին ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը ժամանել էր Թբիլիսի՝ մասնակցելու Ուղղափառ քրիստոնյաների միջազգային խորհրդարանական վեհաժողովին։ Այդ վեհաժողովի ժամանակ նա նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, ինչը հրահրել էր բողոքի ցույցեր՝ հազարավոր մարդկանց մասնակցությամբ։ Ուժայինները դաժան կերպով ցրեցին այդ ցույցերը, և անկարգությունների երկրորդ օրը՝ 2019 թվականի հունիսի 21-ին, Կոբախիձեն հրաժարական տվեց։
 
2021 թվականի հունվարի 16-ին՝ այն բանից հետո, երբ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականությունից երկրորդ անգամ հեռանալու մասին, Կոբախիձեն ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ։
 
Իմպիչմենտ, սահմանադրական փոփոխություն, բևեռացում
 
Բացի «Գավրիլովի գիշեր»-ից, Իրակլի Կոբախիձեի անվան հետ են կապված մի շարք այլ կարևոր քաղաքական իրադարձություններ և հակասություններ, որոնք տեղի են ունեցել Վրաստանում վերջին տարիներին։
 
Օրինակ՝ 2023 թվականի աշնանը Կոբախիձեն նախագահ Զուրաբիշվիլիի դեմ իմպիչմենտի գործընթացի գլխավոր նախաձեռնողներից էր։ «Վրացական երազանքը» Զուրաբիշվիլիին մեղադրում էր Սահմանադրությունը խախտելու մեջ և դիմել էր Սահմանադրական դատարան։
 
Ի վերջո, իմպիչմենտ տեղի չունեցավ, բայց այս դրվագը բացասաբար ազդեց Վրաստանի միջազգային իմիջի վրա և մտավ երկրի պատմության մեջ՝ որպես նախագահին իմպիչմենտի ենթարկելու առաջին փորձ։
 
Իրակլի Կոբախիձեն նաև 2023 թվականի մարտի իրադարձությունների ակտիվ մասնակից էր, երբ «Վրացական երազանքը» լոբբինգ արեց «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի ընդունելը։
 
Ինչպես հիշեցնում է «Ազատություն» ռադիոկայանը, Կոբախիձեն հաճախ իր հակառակորդներին, այդ թվում՝ նախագահ Զուրաբիշվիլիին «լրտեսներ» և «գործակալներ» էր անվանում։
 
Կոբախիձեն նաև այն մարդկանցից մեկն էր, որոնք ակտիվորեն բարձրաձայնում էին դավադրության տեսություններ այն մասին, թե գոյություն ունի ինչ-որ «գլոբալ պատերազմի կուսակցություն», որի նպատակն է Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ:
 
Օրինակ՝ «օտարերկրյա գործակալների» դեմ գործողությունների վերաբերյալ Կոբախիձեն հայտարարեց, որ այդ ցույցերի հետևում կանգնած են ընդդիմադիր «Ազգային շարժումը» (Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը) և Գլոբալ պատերազմի կուսակցությունը, որի նպատակն է բռնությամբ տապալել իշխանությունը, Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ և երկրորդ ճակատ բացել:
 
Մեկնաբանելով վրացի մի քանի դատավորների դեմ ԱՄՆ պատժամիջոցները՝ Կոբախիձեն պնդեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի որոշման հետևում «կոռուպցիոն գործընթացներ են»։
 
Կոբախիձեի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո վրացական լրատվամիջոցները հիշեցնում են նաև նրա ոչ կոռեկտ հայտարարությունները լրագրողների և ընդդիմախոսների հասցեին։
 
Փորձագետները համակարծիք են, որ Վրաստանի ներքաղաքական կյանքում բևեռացումը մաքսիմալ սրվեց այն ժամանակաշրջանում, երբ իշխող թիմի առաջնորդը Իրակլի Կոբախիձեն էր։
 
Իսկ ապաբևեռացման մասին արևմտյան գործընկերների կոչին Կոբախիձեն հաճախ արձագանքում էր՝ ասելով, որ «ապաբևեռացումն անհնար է այս ընդդիմության հետ», և «մինչև 2024 թվականը «Վրացական երազանքի» կառավարության ողջ ուշադրությունը սևեռված կլինի «ապազգայնացման» վրա։
 
Այս քաղաքական գործչի զինանոցում կան նաև բազմաթիվ բանավոր հարձակումներ ոչ կառավարական հատվածի, օտարերկրյա դեսպանների և օտարերկրյա գործընկերների վրա։ Օրինակ՝ նա է հնչեցրել «ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը վնասում է վրաց-ամերիկյան հարաբերություններին» արտահայտությունը։ Նաև ԵՄ նախկին դեսպան Կարլ Հարցելի հեռանալուց հետո Կոբախիձեն հայտարարել է, որ Հարցելը «միայն բացասական դեր է խաղացել Եվրամիության և Վրաստանի հարաբերություններում»։
 
2023 թվականի աշնանը «Վրացական երազանքը» Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) մեղադրել է «բռնի իշխանափոխության» սցենարը խթանելու մեջ։ Իսկ Իրակլի Կոբախիձեն, որը 2000-ականների սկզբին աշխատում էր USAID-ում, ասել է. «Մենք պետք է բացատրություն ստանանք, թե ինչու է ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորել մի դասընթաց, որի անմիջական նպատակը Վրաստանում հեղափոխության նախապատրաստելն է»:
JAMnews
Թբիլիսի