Ալեքսեյ Նավալնիի կյանքի վերջին երկու տարիները

Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի դաշնային պատժիչ ծառայության տվյալներով՝ փետրվարի 16-ին գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Գերատեսչությունից հայտնել են, որ նա զբոսանքից հետո վատ է զգացել իրեն և կորցրել է գիտակցությունը։
 
Ռուսաստանի քարոզչությունը վարող RT հեռուստաալիքը հայտնել է, թե իբր քաղաքական գործչի օրգանիզմում թրոմբ է պոկվել։ Baza-ն գրում է, որ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է տեղական ժամանակով մոտ 13։00-ին (Մոսկվայի ժամանակով մոտ 11։00-ին), բժիշկները փորձել են օգնել նրան, սակայն ժամը 14։17 նա մահացել է։ Նախկինում ընդդիմադիրը հայտնել էր, որ տուգանային մեկուսարանի կանոնադրության համաձայն՝ իրեն դուրս են բերում զբոսանքի առավոտյան ժամը 6:30։ Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի հանրային վերահսկողության հանձնաժողովը պնդում է, որ Նավալնիից առողջական բողոքներ չեն ստացել։
 
Երեք տարի առաջ Նավալնին վերադարձել էր Ռուսաստան՝ «Նովիչոկ»-ով թունավորվելուց և Գերմանիայում վերականգնողական բուժում անցնելուց հետո։ Դրանից հետո նա անմիջապես զրկվել էր ազատությունից՝ սկզբում հայտնվելով քննչական մեկուսարանում, ապա՝ գաղութում։
 
Novaya Gazeta Europe-ի նյութն այն մասյին, թե ինչ է կատարվել Նավալնիի հետ վերջին երկու տարում։
 
Հայցեր
 
Մեկ օր առաջ՝ փետրվարի 15-ին, Նավալնին գաղութից տեսազանգով մասնակցել էր իր գործերից մեկի վերաբերյալ լսումներին:
 
Տեսագրության մեջ քաղաքական գործիչն առողջ տեսք ունի և ծիծաղում է։ Դատարանն էլ մերժեց հայցը։
 
Նավալնին մի քանի դատական գործ էր ներկայացրել գաղութի դեմ, որտեղ խախտվել էին նրա իրավունքները։ Քաղաքական գործիչն ու նրա փաստաբանները բազմիցս դիմել են դատարաններ՝ գաղութում պահման պայմանների վերաբերյալ բողոքներով, օրինակ՝ այն կանոնների վերաբերյալ, ըստ որոնց թույլ էր տրվում ընդամենը 15 րոպե հատկացնել սնվելու համար, խցում երկուսից ավելի կրոնական գրքեր պահելու արգելքի (տուգանային մեկուսարանում՝ մեկից ավելի), ինչպես նաև տուգանային մեկուսարանում պահման ժամկետների վերաբերյալ։
 
Ընտանեկան տեսակցությունների արգելքի դեմ բողոքի վերաբերյալ վերջերս կայացած լսումների ժամանակ Նավալնին ասել էր, որ 18 նամակ իրեն չի տրվել «ցենզուրայի» պատճառով, այդ թվում՝ կնոջ և դստեր նամակները: Նամակների առգրավման ակտում հղում է կատարվել դրանցում իբր ծայրահեղական մտքերի առկայությանը։
 
«Նա չի տեսել իր կնոջը և երեխաներին մեկուկես տարի, ինչպեսև նաև չի կարողացել հեռախոսով խոսել նրանց հետ մոտավորապես նույնքան ժամանակ», - ընդգծել են Նավալնիի գործընկերները։
 
Տուգանային մեկուսարան և գաղութներ
 
Նավալնին ավելի քան երեք տարի անցկացրել է ազատազրկման վայրերում։ Փետրվարի 14-ին նրան ուղարկել էին տուգանային մեկուսարան, որտեղից նա դուրս էր եկել մի քանի օր առաջ։ Սա քաղաքական գործչի 27-րդ դեպքն էր տուգանային մեկուսարանում հայտվելու, որտեղ նա, ընդհանուր առմամբ, անցկացրել է մոտավորպես 300 օր։
 
Տուգանային մեկուսարան ուղարկելու հիմքերի թվում էին, օրինակ, այն, որ քաղաքական գործիչը «սխալ է ներկայացել», «պարբերաբար արձակել է կալանավորի համազգեստի վերին կոճակը», հրաժարվել է «լվալ ցանկապատը», երբ գտնվել է արդյունաբերական գոտում, «վատ է մաքրել բակը և վիրավորել է բանտապահին՝ լեյտենանտ Նեյմովիչին, դիմելով նրան «լեյտենանտ Նեյմովիչ», այլ ոչ թե իր անունով և հայրանունով»։
 
2023 թվականի հունվարին ընդդիմադիրը հիվանդացել էր տուգանային մեկուսարանում՝ ջերմությունն էր բարձրացել, հազ էր սկսվել։ Նավալնիի խոսքով, իր մոտ բանտարկյալ էին տեղավորել, որը մինչ այդ մեկ օր անցկացրել էր բժշկական բաժանմունքում, որտեղ բուժվում էին գրիպով հիվանդներ։ «Կարծես նրան օգտագործում են որպես մանրէաբանական զենք»- նկատել էր քաղաքական գործիչը։
 
Այդ ժամանակ ռուս բժիշկները դիմեցին նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով դադարեցնել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին ստորացնել և նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել․ «Ալեքսեյ Նավալնիի կալանքի պայմանները և նրա արտաքին տեսքը մեզ մոտ մեծ անհանգստություն են առաջացնում նրա կյանքի և առողջության համար»։ Մի քանի օր անց փաստաբան Վադիմ Կոբզևը հայտնեց, որ Նավալնիին պատժախցում սկսել են հակաբիոտիկներ տալ։
 
Իսկ 2023 թվականի փետրվարի սկզբին Կոբզևը պարզաբանեց, որ Նավալնիին ի վերջո հակաբիոտիկների «հսկայական չափաբաժիններ» են տվել, ինչի պատճառով նա ստամոքսի հետ կապված բարդություններ է ունեցել և 7 կգ նիհարել է։
 
Սեպտեմբերի վերջին քաղաքական գործչին մեկ տարով տեղափոխել էին միասնական խցային տիպի հաստատություն, որտեղ ազատազրկման պահման ամենախիստ պայմաններն են գործում: Սա մեկուսացման ամենադաժան ձևն է։
 
Դեկտեմբերի սկզբին Նավալնին անհետացել էր՝ քաղաքական գործչի համախոհներն ու հարազատները չգիտեին նրա գտնվելու տեղը: Միաժամանակ նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր, որ անհետանալուց որոշ ժամանակ առաջ Նավալնին հիվանդացել էր խցում՝ գլխապտույտ էր ունեցել և ընկել հատակին։ Ըստ Յարմիշի, գաղութի անձնակազմն անմիջապես մոտեցել էր, իջեցրել մահճակալը, պառկեցրել Ալեքսեյին և կաթիլային միացրել:
 
«Մենք չգիտենք, թե դա ինչ էր, բայց հաշվի առնելով, որ նրան զրկել են սնունդից, պահել պատժախցում՝ առանց օդափոխության և նվազագույնի են հասցրել քայլելու ժամանակը, կարծես սովից է ուշաթափվել։ Այդ դեպքից հետո փաստաբանները տեսել են Ալեքսեյին, նա համեմատաբար լավ է եղել»,- գրել էր մամուլի քարտուղարը։
 
Դեկտեմբերի 25-ին Նավալնիի թիմը հայտնել էր, որ ընդդիմադիրը հայտնաբերվել է Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի IK-3-ում՝ «Բևեռային գայլ» գաղութում, որը Ռուսաստանի հյուսիսում գտնվող ամենահեռավոր կալանավայրերից է։
 
Հաջորդ օրը Նավալնին գրել էր իր առաջին նամակը նոր գաղութից, խոսել տեղափոխության «բավականին հոգնեցուցիչ» 20 օրերի մասին և ավելացրել. «Ինձ համար մի անհանգստացեք։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է»։
 
Թունավորում և վերադարձ Ռուսաստան
 
2020 թվականի օգոստոսին Նավալնիին թունավորվել էին։ Քաղաքական գործիչը վատ էր զգացել Տոմսկից Մոսկվա չվերթի ժամանակ՝ ինքնաթիռը շտապ վայրէջք էր կատարել Օմսկում։ Մի քանի օր անց՝ օգոստոսի 22-ին, նրան տեղափոխեցին գերմանական «Շարիտե» կլինիկա։ Գերմանիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի անկախ լաբորատորիաները հայտարարեցին, որ ընդդիմադիրը թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով, ավելի ուշ այդ եզրակացությունը հաստատեցին Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները։
 
2021 թվականի հունվարի 17-ին Նավալնին Բեռլինից վերադարձավ Մոսկվա։ Այդ օրը «Վնուկովո» օդանավակայանում համախոսհների խումբը սպասում էր քաղաքական գործչին։ Սակայն վայրէջքից քիչ առաջ ինքնաթիռը շրջվել էր և շարժվել դեպի Շերեմետևո օդանավակայան։ Սահմանային հսկողություն անցնելիս ընդդիմադիրը բերման ենթարկվեց, ապա ուղարկվեց քննչական մեկուսարան։
 
2022 թվականի մարտին ընդդիմադիրը դատապարտվեց ինը տարվա ազատազրկման՝ «խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» մեղադրանքով։ Բացի այդ, Նավալնին քրեական պատասխանատվության ենթարկվեց Իվ Ռոշեի գործով։ Նա երեքուկես տարվա ազատազրկման դատապարտվեց խարդախության և փողերի լվացման մեղադրանքով՝ ի վնաս ֆրանսիական կոսմետիկական ընկերության ռուսական ստորաբաժանման։
 
Օգոստոսին Մոսկվայի քաղաքային դատարանը Նավալնիին դատապարտեց 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում՝ «ծայրահեղական խմբավորում» ստեղծելու գործով։ Այդ ժամանակ գաղութի անձնակազմը նույնիսկ թույլ չտվեց քաղաքական գործչի ծնողներին՝ Լյուդմիլային և Անատոլիին, մտնել դահլիճ՝ դատավճռի հրապարակման ժամանակ։
 
Դեկտեմբերի սկզբին Նավալնին հայտարարեց, որ իր դեմ նոր քրեական գործ է հարուցվել՝ ատելության դրդապատճառով վանդալիզմի հոդվածով (Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մաս): Պատճառը չէր նշվում։
 
Ընդդիմադիրին մեղադրանքներ էր առաջադրվել նաև այլ հոդվածներով։ Օրինակ՝ քաղաքացիների իրավունքները ոտնահարող ՀԿ-ի ստեղծման, ծայրահեղական խմբավրում ստեղծելու մասին հոդվածներով։ Նավալնին հետապնդվում էր նաև հիմնադրամների և շտաբերի աշխատանքների համար։
 
Ընդդիմադիր գործչին մեղադրանք է առաջադրվել «ծայրահեղական կոչերի» մասին հոդվածով՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» նախկին օպերատորի թվիթի պատճառով լրագրող Իրինա Սլավինայի ինքնահրկիզման մասին։ Նավալնին հետապնդվել է անչափահասների ներգրավման մասին հոդվածով այն բանի համար, որ նրա հանրահավաքներին մասնակցել են 18 տարեկանից ցածր տարիքի անձինք։ Նրան մեղադրում էին «նացիզմի վերականգնման» մասին հոդվածով՝ Նավալնիի վրա հարձակումից հետո Վոլգոգրադի շտաբի կողմից պատրաստված կոլաժի պատճառով։ Դրա վրա պատկերված էր «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանը՝ ծածկված կանաչով (զելյոնկա)։
Աղբյուր՝ JAMnews