«Վրացական երազանքը» միակ կեղծավոր կուսակցությունն է Եվրոպայում». վրացի քաղաքագետ

ՊԱԱՏԱ ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼԻՆ ԻՐԱԿԼԻ ԿՈԲԱԽԻՁԵԻ ՄԱՍԻՆ

Քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին գնահատել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցն ու հանդիպումները Բրյուսելում։ Նրա խոսքով՝ Եվրոպայում միակ «եվրոպական փարիսեցիների» կուսակցությունը «Վրացական երազանքն» է, որը «մի բան է ասում, մեկ այլ բան՝ անում»։ PalitraNews հեռուստաալիքի «Ազատ ստուդիա» հաղորդման ժամանակ Զաքարեիշվիլին հայտարարել է, որ եվրոպացիները գիտեն՝ միայն խոսակցություններով Վրաստանը հաջողության չի հասնի, պետք է աշխատանք տանի:
 
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առաջին այցը դեպի Բրյուսել էր: Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի ութերորդ նիստից հետո Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ այս տարին «շատ լուրջ» փորձություն կլինի վրացական ժողովրդավարության համար։
 
- Վրաստան-ԵՄ ասոցացման խորհուրդը չափազանց կարևոր է Վրաստանի և Եվրամիության հարաբերությունների համար, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է մեր պատմական ձեռքբերումը՝ Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալը,- ասել է Վրաստանի վարչապետը։
 
Իրակլի Կոբախիձեն Բրյուսելում հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ստոլտենբերգն ընդգծել է, որ Վրաստանի օկուպացված տարածքների բռնակցման ցանկացած սպառնալիք անընդունելի է։ Նրա խոսքով՝ Վրաստանի համար կարևոր է շարունակել և ընդլայնել ներքին բարեփոխումները, ինչպես նաև պաշտպանել ժողովրդավարական արժեքները։
 
Պաատա Զաքարեիշվիլի. -[Իրակլի Կոբախիձեն] լավ տեսք ուներ, ճիշտ էր խոսում։ Եթե միայն չլիներ նախկին Կոբախիձեն, ում Եվրոպայում շատ լավ են ճանաչում: Այն նույն Կոբախիձեն, ով իշխող կուսակցությունը դուրս բերեց «Շառլ Միշելի համաձայնագրից» (ընդդիմության հետ), որն իր դերը խաղաց համամասնական ընտրակարգի ընդունման բանավեճում (կուսակցությունների՝ խորհրդարան մտնելու հինգ տոկոսի արգելքը իջեցնելու մասին), ինչպես նաև «Գավրիլովի գիշերին» (2019թ. հունիսի 20-ին Թբիլիսիում խաղաղ ցուցարարների ցրում) իր մասնակցությամբ։ Բայց Կոբախիձեն այս անգամ եկավ «լավ դեմքով»։ Եվ եվրոպացիները համաձայնեցին նրան նման հնարավորություն տալ։ Սակայն ամեն ինչ կգնահատվի ոչ թե խոսակցություններով, այլ նրանով, թե Վրաստանն ինչպես կկատարի իր պարտավորությունները։
 
Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ինչպես են լկտիաբար փորձում ԿԸՀ-ն դնել «Վրացական երազանքի» լիակատար վերահսկողության տակ։ Ո՞ր Եվրոպայի մասին եք խոսում, սրանք եվրոպական փարիսեցիներն են։
 
Եվրոպայում կա «եվրասկեպտիկներ» տերմինը։ Նրանք չեն թաքցնում իրենց թերահավատությունը, կեղծավոր չեն, և եթե հիմա իրենց դուր չի գալիս Եվրոպան, ապա դրա մեջ սուտ չկա, քանի որ բացահայտ ասում են, որ չեն սիրում Եվրոպան։ Եվրոպայում միակ կեղծավոր կուսակցությունը «Վրացական երազանքն» է, որն ասում է մի բան, անում՝ մեկ այլ բան։
 
«Վրացական երազանքը» կանի ամեն ինչ, որպեսզի այդ վերապահումները, օրինակ՝ դատական բարեփոխումները կամ ապակենտրոնացումը, չլինեն։ Կգան ընտրություններ, և դատարանը նորից նույնն է լինելու, և ավելի վատ, քանի որ ընտրություններից հետո որոշ հարցեր պետք է լուծվեն դատարանում։ Ուստի եվրոպացիներն էլ գիտեն, որ միայն խոսակցություններով ու խոստումներով Վրաստանը հաջողության չի հասնի, իրական աշխատանք է պետք։
 
«Վրացական երազանքը» ոչ մի լումայի ներդրում չունի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում, մենք դրան հասել ենք մեր ժողովրդի և Ուկրաինայի հերոսությամբ. Եվրոպան մեզ կարգավիճակ տվեց, որպեսզի մենք ավելի պաշտպանված լինենք Ռուսաստանից։
 
Չի բացառվում, որ բանակցությունները սկսվեն վերապահումներով, բայց ընտրությունները պետք է արդար անցկացվեն։
 
Հնարավոր է, որ ինը պայմաններից մի քանիսը չկատարվեն, բայց ընտրությունները կգերազանցեն դրան: Եթե ընտրությունները աղետալի կերպով կեղծվեն, եվրոպացիների համար շատ դժվար կլինի բանակցություններ սկսել մեզ հետ։
 
Կոբախիձեն շատ կեղծավոր հայտարարություններ է արել: Եվ ես գրեթե ոչ մի բանի հետ համաձայն չեմ, բացի նրանից, որ ոչ իրենց կատարած աշխատանքի արդյունքում ձեռք բերված հաջողությունը՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը, յուրացրել, վերագրել են իրենց, ցանկացած արատավոր կառավարիչ նույնը կաներ:
 
Այստեղ ամենաանընդունելին ու ամոթալին այն է, որ իշխանությունները պնդում են, թե Վրաստանի հասարակության մեջ բևեռացում չկա։ Ի վերջո, հենց նրանք թույլ չտվեցին նախագահին մասնակցել երկրի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու տոնակատարությանը։ Ինչո՞ւ նրանք այդ տոնին չէին հրավիրել (նախկին նախագահ) Գիորգի Մարգվելաշվիլիին: Ինչո՞ւ նրանք նույնիսկ չհիշատակեցին (նախկին նախագահ) Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս առաջնորդներն իրենց ներդրումն են ունեցել, որ Վրաստանը ձեռք բերի թեկնածուի կարգավիճակ: Եթե բևեռացում չկա, ապա ինչո՞ւ նրանց անունները չեն հնչեցնում։ Ի վերջո, դա համապետական տոն էր, ոչ թե իշխող կուսակցության միջոցառում։ Այնպես որ, իհարկե, կա բևեռացում նրանց բոլոր քայլերի մեջ, հատկապես նախագահի հետ կապված»։
 
Աղբյուր՝ JAMnews
Թբիլիսի