Հավաքական Արևմուտքը «ծնկի է եկել» Ապշերոնի սուլթանի առջև

Ինչպես հայտնի է 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հանդիպմանը քննարկվելու են հիմնականում տնտեսական բնույթի հարցեր:
 
Նախքան հանդիպումը ապրիլի 3-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևին է զանգահարել Էնթոնի Բլինքենը, իսկ ապրիլի 4-ին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Վերջիններս սուլթանին հավաստիացրել են, որ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունենալիք հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։
 
Վերջին 33 տարիների ընթացքում դժվար է վկայակոչել մի ժամանակահատված, երբ հավաքական արևմուտքը փորձի այսքան սիրաշահել օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանին:
 
ԱՄՆ պետական քարտուղարի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի վերոնշյալ վարքագծի դրդապատճառները լավագույնս բնութագրում են Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի վերջերս Բաքվում հնչեցրած որոշ հայտարարություններ: 
 
2024թ. մարտի 18-ին աշխատանքային այցով գտնվելով Բաքվում և հարցազրույց տալով օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, մասնավորաբար, հայտարարել է.
 
- Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար կարևոր է նաև էներգետիկ անվտանգության տեսանկյունից, հատկապես, երբ Ռուսաստանը սկսեց արդյունավետորեն օգտագործել գազը որպես գործիք՝ փորձելով շեղել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Ուկրաինա իր լայնամասշտաբ ներխուժումից: Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար չափազանց կարևոր էր հրաժարվել ռուսական գազից։ Այս առումով, Ադրբեջանից մատակարարումների ավելացումը թույլ է տվել Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին վերացնել իրենց կախվածությունը Ռուսաստանից՝ որպես գազ մատակարարող։ Այս ամենն արվել է շատ արագ, արդյունավետ և բավականին հաջող՝ հաշվի առնելով շատ ծանր հանգամանքները։ Այժմ անհրաժեշտություն կա ավելի մեծացնել ադրբեջանական գազի արտահանումը մոտավորապես 12 միլիարդից մինչև 20 միլիարդ խորանարդ մետր, ինչը կազմում է Եվրոպայում գազի սպառման զգալի մասը, և որոշ դաշնակիցների համար Ադրբեջանի գազը շատ կարևոր է:
 
Բացի բնական գազի մատակարարումից, ողջունում եմ նաև էլեկտրահաղորդման գծերի միջոցով էլեկտրաէներգիայի արտահանման աշխատանքների մեկնարկը։ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ուղղակի արտահանումն է՛լ ավելի կմեծացնի նրա նշանակությունը՝ որպես Եվրոպայի, ինչպես նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար էներգիա մատակարարող երկիր։
 
Ահա թէ, որն է «ժողովրդավար» ԱՄՆ-ի և Եվրոպայի լռության պատճառը, երբ ինը ամիսներ շարունակ արցախահայությանը սովահար անելուց հետո, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, հինգերորդ անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, 2023թ. սեպտեմբերի 19-ին չորրորդ անգամ դիմելով ագրեսիայի, երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը` ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ:
 
Փաստորեն կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի համար կարևոր ու առաջնահերթ դեր ունեն ամեն նյութականը, այլ ոչ թե ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, որոնք այդքան թմբկահարվում են: 
 
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ