«Մեզ հետ շանտաժի լեզվով են խոսում»

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԱՄՆ-Ի ԱՌԱՋԱՐԿԻՆ

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝
ի պատասխան «MEGOBARI Act» օրինագծի, ըստ որի՝
Վրաստանը ԱՄՆ-ից կստանա մուտքի արտոնագրերի ազատականացում, տնտեսական և ռազմական աջակցություն և այլ «բոնուսներ»,
եթե հրաժարվի իր հակաժողովրդավարական կուրսից։ Վրաստանի կառավարությունն այս առաջարկն ընկալել է որպես շանտաժ։
 
«Վրացական երազանքի» հայտարարության մեջ ընդգծվում է, որ ամերիկյան օրինագիծը դեռ չի ընդունվել, դրա ընդունման հեռանկարը «շատ մշուշոտ է»։
 
Կուսակցությունը հավելում է, որ վերջին տարիներին Վրաստանի վերաբերյալ նմանատիպ հատուկ օրինագծեր արդեն երկու անգամ նախաձեռնվել են ԱՄՆ Կոնգրեսում, սակայն ոչ մի արդյունք։ «Վրացական երազանքի» դիտարկմամբ՝ նոր օրինագիծն արդեն պարարտ հող է ստեղծել «վրացական արմատականների կողմից շահարկումների համար»։
 
- Նախ պետք է նշել, որ թե՛ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը, թե՛ ամերիկացի պաշտոնյաների քննադատությունն ունեն իրենց օբյեկտիվ պատճառները։ Վրաստանը երկար տարիներ ստիպված է եղել ապրել, այսպես կոչված, բևեռացման ռեժիմում։ Այդ գործում առանցքային դեր են խաղացել արտերկրից ֆինանսավորվող ՀԿ-ները:
 
Ավելին, 2020 թվականի նոյեմբերից հասարակական կազմակերպություններն արդեն երկու անգամ փորձել են հեղափոխություն սկսել Վրաստանում։ Բացի այդ, այս տարիների ընթացքում մեր երկիրը մշտական հարձակումների առարկա է եղել մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների և պաշտոնյաների կողմից, որոնցից վրացական իշխանությունները ստիպված են եղել պաշտպանվել համարժեք հռետորաբանությամբ,- ասվում է հայտարարության մեջ։
 
Ըստ «Վրացական երազանքի»՝ վրաց-ամերիկյան հարաբերությունների բարելավումն ամբողջությամբ կախված է ամերիկյան կողմի ճիշտ գործողություններից։
 
- Իսկ դրա համար անհրաժեշտ են ոչ թե մշուշոտ հեռանկարով խոստումներ և վիրավորական շանտաժ, այլ վրացական պետության և ժողովրդի հանդեպ հարգանքի դրսևորում։ Ցավոք, մի շարք ամերիկացի քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ սխալը սխալի հետևից են թույլ տալիս և կրկին Վրաստանի հետ խոսում են շանտաժի լեզվով,- հայտարարում է կուսակցությունը։
 
Այդ վարկածի համաձայն՝ «ՀԿ-ների թափանցիկության մասին» հանրության շրջանում ոչ պոպուլյար օրենքն ընդունվել է «երկիրը հանդարտեցնելու» և երկրում հեղափոխությունը փաստացի կանխելու համար.
 
«2020 թվականից ի վեր ՀԿ-ներն արդեն երկու անգամ փորձել են հեղափոխություն սկսել երկրում, և մենք չենք կարող սպասել երրորդ փորձին»:
 
- Մեզ համար այս օրենքը ոչ թե առևտրի առարկա է, այլ Վրաստանի ինքնիշխանության պաշտպանության արդյունավետ միջոց, և մենք ոչ մի դեպքում չենք կարող առևտրի հանել երկրի ինքնիշխանությունը։ Մենք նաև չենք կարող անպատասխան թողնել Վրաստանի վրա անարդար հարձակումները։ Սա մեր պատասխանատվությունն է վրաց ժողովրդի առջև, ով մեզ տվել է երկիրը ղեկավարելու մանդատ,- ասված է հայտարարության մեջ։
 
«Երազանքը» կարծում է, որ Վրաստանի նկատմամբ պատշաճ վերաբերմունքը պետք է բոլորովին այլ կերպ արտահայտվեր, քան հիմա անում է ԱՄՆ-ը։ Մասնավորապես՝
ԱՄՆ-ը պետք է գործով ապացուցեր, որ Վրաստանի ռազմավարական գործընկերն է, մասնավորապես՝ Վրաստանի քաղաքացիներին տրամադրեր վիզային ռեժիմի ազատականացում և առանց որևէ պայմանի ստորագրեր ազատ առևտրի համաձայնագիր։ Ինչպես երևում է օրինագծից, ԱՄՆ-ը կարող էր դա անել ավելի վաղ, բայց անտարբեր վերաբերմունք դրսևորեց Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ։
 
ԱՄՆ-ը կարող էր գումար ներդնել վրացական տնտեսության մեջ, ինչպես վերջին անգամ արվեց 2009-2011 թվականներին, երբ Սաակաշվիլիի ռեժիմը պետք էր փրկել տնտեսական կոլապսից։
 
Միացյալ Նահանգները կարող էր ապահովել ՀԿ-ների վարքագծի փոփոխություն, մասնավորապես՝ դադարեցնելով վրացական կառավարության լեգիտիմությունը չճանաչելու նրանց քաղաքականությունը և հրաժարվելով հեղափոխական ծրագրերից։
ԱՄՆ-ը պետք է դադարեցներ Եվրամիության թեման օգտագործել որպես Վրաստանի դեմ մշտական շանտաժի գործիք, Վրաստանի հետ բանակցությունները բաց պահեր մինչև տարեվերջ՝ այդ կերպ վերականգնելով Վրաստանի նկատմամբ արդարությունը, ինչպես Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի ուղղություններով։
 
- Եթե նրանք այս ամենն անեն, ապա «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի կարիքը չի լինի, և մենք այլևս ստիպված չենք լինի արձագանքել անարդար հայտարարություններին։ Այնուամենայնիվ, եթե ՀԿ-ները չդադարեն հեղափոխության իրենց փորձերը, չդադարեն հարձակվել ուղղափառ եկեղեցու վրա, աջակցել կրոնական ծայրահեղականությանը, խրախուսել կրոնական երանգավորմամբ քաղաքական ինտերվենցիան, ԼԳԲՏ քարոզչությունը, թմրանյութերի քարոզչությունը, շարունակեն պետական ինստիտուտները խարխլելու փորձերը և խոչընդոտներ ստեղծեն տնտեսական նախագծերի համար, շարունակվեն մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների և պաշտոնյաների հարձակումները Վրաստանի հանդեպ, այդ դեպքում մեզ անհրաժեշտ կլինի այս օրենքը՝ հարձակումները կանխելու համար: Ըստ այդմ, այսօր «ՀԿ-ների թափանցիկության մասին» օրենքի ընդունումն այլընտրանք չունի։
 
Մեր գործընկերները կարող են որակապես վերականգնել հարաբերությունները առավելագույնը մեկ տարվա ընթացքում։ Եթե դա գիտակցեն, հարաբերությունները շատ արագ կբարելավվեն, բայց եթե շարունակեն գործել Վրաստանի հանդեպ նույն մոտեցմամբ, ապա վնաս կհասցնեն Վրաստանի և Ամերիկայի շահերին։
 
Ինչպես արդեն ասվել է՝ ամեն ինչ գործընկերների ձեռքում է, իսկ Վրաստանը, որպես փոքր երկիր, միակողմանի ոչինչ չի կարող փոխել։ Ուստի մեզ մնում է հուսալ, որ Ամերիկայում կհաղթի ռացիոնալ մտածողությունը, ինչից երկու երկրներն էլ միայն կշահեն,- ամփոփել է «Վրացական երազանքը»։
 
JAMnews․ Թբիլիսի