Վրաստանի վարչապետը պնդում է՝ իրեն սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդարով

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ եվրահանձնակատարներից մեկը հեռախոսազրույցի ընթացքում իրեն սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով՝ որպես օրինակ բերելով Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի մահափորձը։
 
- Մասնավորապես, ինձ հետ զրույցում եվրահանձնակատարը թվարկեց մի շարք միջոցներ, որոնք արևմտյան քաղաքական գործիչները կարող են ձեռնարկել թափանցիկության մասին [օտարերկրյա գործակալների մասին] օրենքի վետոյի հաղթահարումից հետո, նշեց՝ տեսաք, թե ինչ եղավ Ֆիցոյի հետ, Դուք նույնպես պետք է շատ զգույշ լինեք,- պատմել է Կոբախիձեն։
 
Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայիսի 15-ին։ 71-ամյա գրող Յուրաջ Ցինտուլան մի քանի անգամ կրակել է նրա վրա, սակայն վարչապետը ողջ է մնացել։
 
Ֆիցոն հաճախ էր քննադատում ՆԱՏՕ-ի և Արևմուտքի քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ և հայտարարում, որ Սլովակիան չի վավերացնի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության փաստաթղթերը։
 
- Հասարակությունը հետևում է թափանցիկության օրենքի շուրջ զարգացումներին և տեսնում է, որ մի շարք օտարերկրյա բարձրաստիճան քաղաքական գործիչներ չեն խուսափում վրաց ժողովրդին և նրա ընտրված կառավարությանը բացահայտ շանտաժի ենթարկելուց։ Մենք վաղուց սովոր ենք նման վիրավորական շանտաժի, և այն, ըստ էության, կորցրել է իր արդիականությունը թե՛ հասարակության, թե՛ իշխանությունների համար,- ասել է Իրակլի Կոբախիձեն՝ հավելելով, որ նույնիսկ այս ամենի ֆոնին սպառնալիքը, որը հնչեցվել է եվրահանձնակատարի հետ զրույցում, ապշեցրել է իրեն։
 
Կոբախիձեն այս անգամ էլ չի զլացել հիշատակել, այսպես կոչված, «Գլոբալ պատերազմի կուսակցությունը»՝ խորհրդավոր կազմակերպություն, որը, ըստ Վրաստանի կառավարության, ձգտում է նրան, որ պատերազմն Ուկրաինայում հնարավորինս երկար ձգվի և տարածվի նաև այլ երկրների վրա։
 
- Ցանկանում եմ ընդգծել, որ, ըստ նախնական տեղեկությունների, Սլովակիայի վարչապետի վրա հարձակման հետևում կանգնած են հետախուզական ծառայությունները այն երկրներից մեկի, որոնք սերտորեն կապված են «Գլոբալ պատերազմի կուսակցության» հետ։
 
Ռոբերտ Ֆիցոյի մահափորձի հետ անցկացված զուգահեռը մեզ հիշեցնում է, որ ի դեմս «Գլոբալ պատերազմի կուսակցության»՝ գործ ունենք չափազանց վտանգավոր ուժի հետ, որն ամեն ինչ կանի Վրաստանում քաոս մտցնելու համար։
 
Բայց ես վստահ եմ, որ նրանց ծրագրերն այս անգամ ևս հաջողությամբ չեն պսակվի, և Վրաստանն անպայման կպահպանի խաղաղությունն ու քաղաքական կայունությունը,- հայտարարել է Կոբախիձեն։
 
JAMnews․ Թբիլիսի