ՌԴ-ի ինչի՞ն է պետք հյուպատոսությունը հայաթափված Ստեփանակերտում
ԿԱՐԾԻՔ ԲԱՔՎԻՑ․ JAMnews
Ռուսաստանը ցանկանում է 2024 թվականին գլխավոր հյուպատոսություն բացել հայաթափված Ստեփանակերտում (ադրբեջանցիները քաղաքն անվանում են Խանքենդի)։ Ադրբեջանի խորհրդարանի միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Կարասինի խոսքով՝ դա «թույլ կտա վերացնել փոխադարձ հյուպատոսական ներկայության մեջ առկա անհավասարությունը»։
Ներկայումս Ռուսաստանը դիվանագիտական մակարդակով Ադրբեջանում ներկայություն ունի միայն Բաքվում գտնվող իր դեսպանատան տեսքով։ Երկրի այլ քաղաքներում ռուսական հյուպատոսություններ չկան։
Մյուս կողմից՝ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնությունում ունի երեք հյուպատոսական գրասենյակ՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում։
JAMnews-ի ադրբեջանական խմբագրությունը այս հարցի վերաբերյալ մեկնաբանության է խնդրել քաղաքական մեկնաբան Հաջի Նամազովից։
Փորձագետի կարծիքով՝ Ղարաբաղում Ռուսաստանի հյուպատոսության անհրաժեշտություն չկա.
- Ղարաբաղում Ռուսաստանի քաղաքացիներ չկան։ Ընդհանրապես չկան։ Իսկ ռուսական կողմի ցանկությունը կարելի է գնահատել այսպես՝ Ռուսաստանը չի ուզում դիրքեր կորցնել Ադրբեջանի այս հատվածում, մասնավորապես՝ իր խաղաղապահ ուժերի դուրսբերումից հետո։ Բայց սա պե՞տք է Ադրբեջանին։ Հարցը հենց դա է։ Կարծում եմ՝ ոչ։
Վերջին 30 և ավելի տարիների ընթացքում Ռուսաստանը Ադրբեջանում իր ներկայության համար կուլիսային պայքար է մղում Թուրքիայի հետ: Բայց նա ամբողջությամբ պարտվել է այդ պայքարում: Եվ այստեղ խոսքը նույնիսկ դիվանագիտական ներկայության մասին չէ։
Տեսեք՝ Թուրքիան երեք հյուպատոսական գրասենյակ ունի Ադրբեջանում: Դրանք գտնվում են Բաքվում, Գյանջայում և Նախիջևանում։ Այստեղ ամեն ինչ ավելի քան տրամաբանական է, քանի որ Ադրբեջանում ապրում և աշխատում են Թուրքիայի քաղաքացիներ, նրանք պետք է լուծեն իրենց փաստաթղթային հարցերը։ Գյանջան գտնվում է երկրի արևմտյան մասում, լոգիստիկայի տեսանկյունից այնտեղ առանձին հյուպատոսություն ունենալն արդարացված է։ Նախիջևանը դեռևս ուղիղ ցամաքային կապ չունի երկրի մնացած մասի հետ, այստեղ ևս ամեն ինչ ճիշտ է։
Թուրքիան և Ադրբեջանն արդեն պայմանավորվել են Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին, ինչը զգալիորեն կհեշտացնի Թուրքիայի այն քաղաքացիների կյանքը, որոնք ներգրավված են ազատագրված տարածքների վերականգնման աշխատանքներում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ թուրքական ընկերությունները մեծ ծավալի աշխատանքներ են իրականացնում Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում։
Թվում է, թե ի՞նչ կապ ունի Ռուսաստանը այս ամենի հետ։ Երկու երկրների միջև գործում է առանց վիզայի ռեժիմ, այսինքն՝ Ադրբեջանի քաղաքացիներին Ռուսաստանի դեսպանություն պետք չէ։ Երկրում շատ քիչ ՌԴ քաղաքացիներ կան, և նրանք իրենց հարցերը հեշտությամբ լուծում են Բաքվի դեսպանատան հյուպատոսական բաժնի միջոցով։ Բայց Ղարաբաղում [ՌԴ քաղաքացիներ] գործնականում չկան։
Եթե նույնիսկ Ստեփանակերտում հյուպատոսություն բացվի, այդ հաստատության աշխատակիցները պարզապես ժամավաճառությամբ են զբաղվելու։
Այստեղ անհրաժեշտ է նշել ևս մեկ կարևոր մանրամասն։ Դա վերաբերում է երկրում փափուկ ուժի առկայությանը։
Այս առումով Ռուսաստանը Ադրբեջանում աշխատելու տեղ ունի։ Այո, երկրում կան բազմաթիվ դպրոցներ և բուհեր, որոնք կրթություն են իրականացնում ռուսերենով։ Այստեղ, կարծես թե, Ռուսաստանը առանձնահատուկ անելիք չունի։ Ծնողները պատրաստակամորեն ուղարկում են իրենց երեխաներին դպրոցների ռուսական հատված, երբեմն այնտեղ նույնիսկ բավարար տեղեր չեն լինում, քանի որ վերջին շրջանում ռուսերենին տիրապետող մանկավարժների իրական պակաս կա։ Բայց այդ ամենը պետական մակարդակով է, կառավարվում է Ադրբեջանի կառավարության կողմից։ Այստեղ ռուսական դպրոցներ կամ լիցեյներ չկան։ Բայց թուրքականները բավականին շատ են։
Անցյալ տարի Ռուսաստանը Բաքվում ռուսական դպրոցներ բացելու ցանկություն էր հայտնել, սակայն մինչև հիմա գործը տեղից չի շարժվել։
Այս ամենը նշանակություն ունի նաև Ադրբեջանի առանձին հատվածներում երկրի դիվանագիտական ներկայության անհրաժեշտության համար։ Ռուսաստանը, չնայած աշխարհագրական հարևանությանը և Ադրբեջանի վրա ունեցած ազդեցությանը, այստեղ իրական ներկայություն չունի։
Անկեղծ ասած՝ դա լիովին համապատասխանում է ադրբեջանական հասարակության տրամադրություններին։ Ադրբեջանը տրամագծորեն հակառակ վերաբերմունք ունի Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ։ Եվ դա ակնհայտ է բոլորի համար։