Ի նպաստ արտաբյուջետային միջոցների աճի

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվող նոր ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկա¬յացնող երաժշտական և պարային խմբերը, ինչը կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը:
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ», «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
 
Միաձուլման արդյունքում հնարավոր կլինի մեկտեղել և կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները: Ըստ այդմ՝ գերազանցապես կրկնվող վարչական հաստիքների կրճատման շնորհիվ հնարավորություն կընձեռվի առավել հավասարակշռված քաղաքականություն վարել կազմակերպության եկամտային հատվածի մեծացման ու աշխատանքի դիմաց կատարվող վարձատրության մասով։ Պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկմամբ  նախատեսվում է էապես բարձրացնել նշյալ կոլեկտիվների հանրային ճանաչելիության մակարդակը, ընդլայնել արտաբյուջետային միջոցները և նվազեցնել կախվածությունը պետական բյուջեից: Նախաձեռնության  նպատակն է նաև էապես բարձրացնել ժողովրդական երաժշտության և պարի հանրային վարկանիշը:
 
Միավորվող ՊՈԱԿ-ների հետ քննարկվել են միաձուլմամբ վերակազմավորվելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները: Ըստ այդմ՝ կազմակերպությունների գործունեության ուղղվածությունը հակասություն չունի, և վերակազմավորումը հնարավորություն կտա լիարժեքորեն ծավալելու միասնական գործունեություն:
 
Միաձուլումը կնպաստի հայկական ժողովրդական ժանրում միասնական քաղաքականության արդյունավետ կիրարկմանը: Կազմակերպություններում կգործի ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որը կապահովի ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող 6 ստեղծագործական կազմակերպությունների համերգային գործունեությունը, կկարգավորի դրանց տոմսային տնտեսությունը, կզբաղվի կազմակերպությունների գովազդատեղեկատվական գործունեությամբ:
 
Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ կընդգրկվեն նաև ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս 3 ստեղծագործական խմբեր, որոնք այժմ գործում են «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի համակարգմամբ. դրանք են՝ «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը», «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթը» և Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը:
 
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, և պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսվում:
 
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 22-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։