Ուսումնասիրվել են աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները

ԴԻԼԻՋԱՆԻ Հ. ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ

Պետական ֆինանսավորմամբ իրականացվող ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման և ամրակայման աշխատանքները կշարունակվեն նաև 2023 թվականին:
 
Տարվա սկզբից մեկնարկած նորոգման և ամրակայման աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականին: ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հերթական այցն են իրականացրել թանգարան: Տեղում ուսումնասիրվել են աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները, քննարկվել նախագծի թերություններով պայմանավորված համադրման ենթակա աշխատանքներն ու անհրաժեշտ վերանայումները: 
 
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ ընթացիկ տարում նախատեսված էր իրականացնել հողային, հիմքերի ուժեղացման և նոր պատերի կառուցման աշխատանքներ: Առաջացած խնդիրների լուծման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները տեղում արված անհրաժեշտ չափումների և կատարված ուսումնասիրության հիման վրա որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություններին առաջարկել են սեղմ ժամկետում կազմել և նախարարություն ներկայացնել շտկված նախագծային փաստաթղթերի փաթեթը:
 
2022 թվականին նախատեսված աշխատանքներն արդեն ավարտված են, նորոգումը կշարունակվի 2023-24 թվականներին: