Հայ գրողի անվան մրցանակ՝ օտարազգիներին

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐ

Արդեն երկու տասնամյակ Կանադայում գործում է Հյուսիսային Ամերիկայի գրողների միությունը՝ կազմավորված նշանավոր բանասեղծ Եվգենի Եվտուշենկոյի ջանքերով։ Միության հիմնական առաքելությունը աշխարհի տարբեր երկրների ռուսալեզու գրողների համախմբումն է։ Գործունեության տարիներին Միությունն իր բաժանմունքներն է ստեղծել աշխարհի մի շարք երկրներում՝ ինչպես հետխորհրդային, այնպես էլ՝ եվրոպական։ Թեպետ ՀԱԳՄ կազմում քիչ չեն նաև հայազգի գործիչները, այնուամենայնիվ, Հայաստանում Միությունը բաժանմունք չուներ մինչ 2022 թվականի մարտ ամիսը։ Սա, թերևս, պայմանավորված է հայազգի գործիչների՝ սփյուռքում բնակվելու հանգամանքով։
 
Այսպես, Միության պատվավոր անդամ, դրամատուրգ Մուշեղ Մխիթարյանի (Մխիթար Մոս-Մուշեղյան) ջանքերով 2022 թվականի մարտին կազմավորվեց Միության հայկական բաժանմունքը։ Բաժանմունքի կազմավորման նպատակով հիմնադիր ղեկավարի առաջարկի համաձայն Միության անդամություն ստացան ՀՀ վաստակավոր արտիստուհի, դրամատուրգ Բյուրեղիկ Մնեյանը, Մշակույթի գործիչների միության նախագահ, գրող Գուրգեն Բալայանը, դրամատուրգ Գուրգեն Միքայելյանը, բանաստեղծներ՝ Արգամ Ափրիկյանն ու Իրինա Արամյան-Մկրտչյանը, արձակագիր, Արցախի «Ստեփանակերտ» թերթի գլխավոր խմբագիր Սոֆյա Սարգսյանը, կանադահայ բանաստեղծ, երգահան Գրիգոր Բանանցը․․․ Գուրգեն Բալայանը նշանակվեց բաժանմունքի ղեկավարի տեղակալ։ Միության հանդեպ հետաքրքրությունը ի սկզբանե մեծ էր և մեծ է նաև այսօր։ Քիչ չեն ստեղծագործողները, ովքեր ցանկություն են հայտնում միանալ բաժանմունքին, սակայն, գիտակցելով, որ բաժանմունքը ըստ էության ներկայացնում է հայկական ժամանակակից գրականությունը ռուսալեզու ընթերցողին, որպես դեսպան ու պատվիրակ, բաժանմունքի ղեկավարությունը խիստ ընտրողական մոտեցում է ցուցաբերում նոր անդամներ ընդունելու հարցում։ 
 
Բաժանմունքի կազմավորումից հետո կարճ ժամանակ անց Մ․ Մխիթարյանը հանդես եկավ առաջարկությամբ․ կազմել և հրատարակել ՀԱԳՄ անդամ դրամատուրգների ստեղծագործություններն ամբողջացնող՝ «Современная драматургия» գիրքը։ Միության վարչությունը, բավարարելով Մ․ Մխիթարյանի առաջարկությունը, նշանակեց վերջինիս գրքի խմբագիր և համակազմող։ Երկրորդ համակազմողը եղավ Միության վարչության նախագահ Գենադի Նորդը, ով գրքում զետեղված ողջույնի խոսքում գրում է․ «…Մեզ համար սա առաջին փորձն է, սակայն ես վստահ եմ, որ գիրքը հետաքրքրություն կառաջացնի ինչպես ընթերցողական, այնպես էլ մեր ստեղծագործող գործընկերների շրջանում։ Հույս ունեմ, որ նման ժողովածուների հրատարակությունները բարի ավանդույթ կդառնան ՀԱԳՄ-ում, և մեր մշակույթին կբերեն նոր երկրպագուներ։ Առանձնակի շնորհակալությունս եմ հայտնում գրքի կազմման գործում իմ համախոհ Մուշեղ Մխիթարյանին․ այս հրատարակությունն ամբողջապես նրա վաստակն է…»։
 
Գրքում ներկայացվեցին Շարշենբայ Աժիբեկովը, Գուլսիֆատ Շախուդին և Կերեզբյուբյու Զարլիկովան՝ Ղրղզստանից,  Միխայիլ Անանովը և Անատոլի Լոբովը՝ Վրաստանից, Տատյանա Բոգոմոլովան և Տամարա Չերմոլովան՝ Ռուսաստանի Դաշնությունից, մեր հայրենակցուհի Մարինա Վարդանյանը և Գեորգի Ֆրումկերը՝ Ամերիկայից, Ռաիսա Մելնիկովան՝ Լիտվայից, Մուշեղ Մխիթարյանն ու Բյուրեղիկ Մնեյանը՝ Հայաստանից, Յուրի Տոբաչնիկովը՝ Իսրայելից․․․ 
 
Այս նախաձեռնության հիմնական նպատակը միջազգային գրական բարեկամության զարգացումն էր և կապը միևնույն ասպարեզի գործիչների մեջ, որոնք տարբերվում են ոչ միայն ազգությամբ, լեզվով, այլև մշակույթով և աշխարհընկալմամբ։ Գիրքը լույս տեսավ 2022 թվականի հոկտեմբերի 1-ին։  
 
Միությունն ունի նաև մի շարք ամենամյա գրական մրցույթներ և մրցանակներ, ինչպիսիք են Մարկ Տվենի անվան և «Սաթե հատիկ» մրցանակները․․․ 
 
2022 թվականին ՀԱԳՄ հայկական բաժանմունքի ղեկավար Մ․ Մխիթարյանի առաջարկությամբ Միության վարչությունը հաստատեց ևս մեկ մրցույթ, որը կրում է հայ ականավոր գրող, վիպասան, դրամատուրգ Վիլյամ Սարոյանի անունը։ Մրցույթին կարող են մասնակցել ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գրողներ, որոնք գրում են հայերեն և ռուսերեն լեզուներով։ Այս տարի Վիլյամ Սարոյանի անվան ամենամյա մրցույթն իրականացվում է առաջին անգամ, ու թեև դրանով պայմանավորված մրցույթի մասնակիցների թիվը այնքան էլ մեծ չէ, սակայն ունի լայն աշխարհագրություն։ Մրցույթին մասնակցության հայտեր են ստացվել  Ավստրալիայում, Վրաստանում, ԱՄՆ-ում, Վիետնամում, Մոլդովայում, Չինաստանում, Հնդկաստանում, Արցախում, Ռուսաստանում և Հայաստանում ապրող և ստեղծագործող հայ և օտարազգի գործիչներից։ 
 
ՀԱԳՄ նախագահ Գենադի Նորդի որոշմամբ մրցույթի նախագահ է նշանակվել Մուշեղ Մխիթարյանը, իսկ մրցատյանի անդամներ՝ Բյուրեղիկ Մնեյանը, Սոֆյա Սարգսյանը և Գուրգեն Բալայանը։ Ըստ մրցույթի կանոնակարգի՝ հավակնորդների 30 հոգանոց երկար ցուցակը (Լոնգ լիստ) հրապարակվեց հոկտեմբերի 7-ին, հեկտեմբերի 27-ին հրապարակվեց մրցանակի հավակնորդների կարճ ցուցակը (Շորտ լիստ), իսկ դեկտեմբերի 1-ին հայտնի դարձան մրցույթի հաղթողները՝ անվանակարգերի Առաջին, Երկրորդ և Երրորդ հորիզոնականներում։ Բոլոր անվանակարգերը և դրանցում հաղթանակած բոլոր գործիչներին չթվարկելու համար, նշենք միայն առաջին հորիզոնականը զբաղեցրած գործիչների աշխարհագրությունը՝ Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Մոլդովա, Չինաստան․․․   
 
Այսպիսով, պատմություն դարձավ մի պատմական իրողություն, երբ հայ գրողի անվան մրցանակ ստացան օտարազգիները, որոնք դրան սպասում էին մեծ ոգևորությամբ և ընդունեցին նույնքան մեծ հուզմունքով ու երախտագիտությամբ։
 
Նարե ԱԿԱՆՑ
Մշակույթի գործիչների միության 
անդամ, բանաստեղծուհի