Անվանակոչումներ

Ռ․ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԼՍԱՐԱՆՆԵՐՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ ԵՆ ԱՆՎԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ

Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը: 
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն այցելել են երաժշտական քոլեջ՝ մասնակցելու վերանորոգված լսարանների բացմանն ու անվանակոչմանը: Դրանք անվանակոչվել են երաժշտարվեստի երախտավորների, մեծանուն կոմպոզիտորների անուններով, որոնք նաև կրթօջախի շրջանավարտներն են եղել, այդ թվում՝ Լուսինե Զաքարյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Գեորգի Մինասովի, Ռաֆայել Մանգասարյանի, Բորիս Սակկիլարիի: Լսարաններ են անվանակոչվել նաև  մերօրյա կոմպոզիտորներ Արմեն Բուդաղյանի և Ռոբերտ Ամիրխանյանի անուններով, որոնք ներկա էին միջոցառմանը: Նորաբաց լսարաններից յուրաքանչյուրում քոլեջի սաները ներկայացրել են տվյալ երախտավորի ստեղծագործություններից ընտրված կատարումներ:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է քոլեջի մանկավարժական կազմին և ուսանողներին կառույցի 100-ամյակի կապակցությամբ և ընդգծել. «Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն այն կառույցներից է, որի գործունեությունը և պատմությունը վերաճել են կրթական բովանդակությունից և ձեռք են բերել մշակութաբանական նշանակություն, որովհետև սա թրծարան է, որից դուրս են գալիս մեր մշակութային, հոգևոր կյանքը հարստացնող ստեղծագործողները: Ըստ էության՝ նման կառույցների գործունեությամբ է, որ մենք մեզ կարող ենք համարվել քաղաքակիրթ հասարակություն»: 
 
Փոխնախարարը փաստել է՝ երաժշտական կրթօջախները չափազանց կարևոր օղակ են կրթական համակարգում և գտնվում են պետական հոգածության ներքո: 
 
Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի տեղեկացմամբ՝ կատարված նորոգման աշխատանքներն իրականացվել են բարերարների աջակցությամբ՝ որպես նվեր 100-ամյա երաժշտական ուսհաստատությանը: Հավելենք, որ վերանորոգվել են քոլեջի 8  լսարաններ և դահլիճը: