Ժողովրդական վարպետի վկայականի շնորհում

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել ժողովրդական վարպետի կարգավիճակը հաստատող վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:
 
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ նշյալ վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արվեստի (մետաղի, քարի, փայտի գեղարվեստական մշակման, խեցեգործության, թաղիքագործության, գեղարվեստական գործվածքի (ասեղնագործություն, ժանեկագործություն, գորգագործություն, կարպետագործություն և այլն)) ոլորտներում ստեղծագործող անձանց, որոնք գեղարվեստական ստեղծագործության իրեր են պատրաստում՝ ժողովրդական ավանդույթներին համապատասխան:
 
Միջոցառման ընթացքում տարբեր տարիքի 16 վարպետներ ժողովրդական վարպետի կարգավիճակը փաստող վկայականներ են ստացել: Տեղի է ունեցել նաև ժողովրդական ստեղծագործության աշխատանքների ցուցադրություն, որի ընթացքում վարպետները ներկայացրել են իրենց աշխատանքները: Հատկանշական է երիտասարդ ստեղծագործողների մասնակցությունը՝ որպես ավանդույթի նորովի մեկնաբանությունների և արդիականացման դրսևորում:
 
Գործընթացի իրականացումն ուղղված է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու կենսունակության ապահովմանը՝ խթանելով ժողովրդական արհեստների և արվեստի ոլորտներում աշխատող վարպետների ստեղծագործականությունը և ազգային ավանդույթների փոխանցման շարունակականությունը: