«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը

«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը։ Փառատոնն այս տարի տեղի ունեցավ ապրիլի 3-26-ը ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում՝ լեցուն դահլիճներում։ Հանդիսատեսը մեծ ջերմությամբ ընդունեց փառատոնային ութ համերգները, որոնք տեղի ունեցան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում և Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում։
 
- Ուրախ ենք, որ ունկնդիրը ոգևորությամբ և հետաքրքրությամբ ընդունեց փառատոնային համերգները։ Ի դեպ, «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալից գործեր։ Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ այս տարի ևս բազում հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ, ինչպես նաև նորարարական նախաձեռնություններ իրականացվեցին,-նշում են փառատոնի նախաձեռնող «Քառորդ տոն» մշակութային ՀԿ-ից։
 
Փառատոնի բացման համերգը տեղի ունեցավ ապրիլի 3-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում․ անկրկնելի ելույթ ունեցավ դաշնակահար և կոմպոզիտոր Իվ Էգոյանը (Կանադա)։ Նա հանդես եկավ նաև վարպետության դասով։ 
 
Ապրիլի 7-ին ՀԲԸՄ-ում անցկացվեց՝ երաժշտագետ և  ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանի (Միացյալ Թագավորություն) մասնակցությամբ։ Իսկ ապրիլի 9-ին փառատոնային թիմն ուղևորվեց Գյումրի․ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում Իվ Էգոյանը ներկայացրեց ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։
 
Ապրիլի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Յուրի Կասպարովի (Ռուսաստանի Դաշնություն), Արամ Հովհաննիսյանի և երաժշտագետ Սվետլանա Սարգսյանի մասնակցությամբ։ Նույն օրը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ասոնանս» անսամբլը ներկայացրեց ժամանակակից երաժշտություն։ Յուրի Կասպարովը հանդես եկավ վարպետության դասով։ Իսկ ապրիլի 14-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնը հյուրընկալեց դաշնակահար Լորանս Մխիթարյանին (Բելգիա)։ 
Փառատոնը հարթակ հանդիսացավ նաև սկսնակ արվեստագետների համար․ ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 17-ին ելույթ ունեցան ԵՊԿ ուսանողներն ու շրջանավարտները։ 
 
Ապրիլի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մենահամերգով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը, իսկ ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 22-ին ելույթով հանդես եկան ջութակահար Կարեն Շահգալդյանը, թավջութակահար Դմիտրի Պրոկոֆևը և դաշնակահար Նատալիա Սոկոլովսկայան։ 
 
Փառատոնն ամփոփվեց «Ասոնանս» անսամբլի գեղեցիկ համերգով ապրիլի 26-ին։ 
«Խաչմերուկներ 2023» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալից գործեր։ Ընդ որում՝ դրանց զգալի մասն առաջին անգամ է կատարվում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան և համաշխարհային պրեմիերաների համար։  Փառատոնը մշտապես նպատակ ունի ապահովելու համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում։
 
Ծրագիրն ամեն տարի հնարավորություն է ստեղծում հայ երաժշտասեր հասարակության համար՝ մշտապես տեղեկացված լինելու արդի ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին և միտումներին, ինչպես նաև նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աջակցությամբ։