Խոստումնալից մեկնարկով և նորանոր նշաձողեր հաղթահարելու վճռականությամբ

Ապրիլին նշվեց Մշակույթի գործիչների միության գործունեության մեկամյակը։ Մշակույթի գործիչների միությունը կազմավորվել է 2022 թվականի ապրիլին՝ գրողներ Գուրգեն Բալայանի (Գուրգեն Լոռեցի), Սուրիկ Գրիգորյանի  (Սուրեն Գրիգոր), Մուշեղ Մխիթարյանի  (Մխիթար Մոս-Մուշեղյան), Հրանտ Ղազարյանի (Հրանտ Հորիզոն), Ռուբեն Մարուխյանի և Գևորգ Սարգսյանի նախաձեռնությամբ, 2022 թվականի ապրիլին։ Միության հիմնադիր նախագահ է ընտրվել Գուրգեն Բալայանը։ 
 
2022-2023 թվականներին նորակազմ ստեղծագործական միավորումը, այմուամենայնիվ, բավական մեծ հաջողություններ է հասցրել գրանցել՝ ինչպես գրատպության ու ժամանակակից ստեղծագործողներին հանրահռչակելու գործում, այնպես էլ միջազգային հարաբերությունների ստեղծման հարցում։ Այս ընթացքում տպագրվել են երեք մատենաշարեր՝ «Կածաններ» մատենաշարի առաջին և երկրորդ հատորները, որոնք ներկայացնում են 18-ից 40 տարեկան ստեղծագործողներին, «Գրական գանձարան» մատենաշարի ադրանիկ հատորը, որը ներկայացնում է ժամանակակից կրտսեր, միջին և ավագ սերունդների գրողների տարաժանր ստեղծագործությունները, հնարավորություն ստեղծելով սկսնակ գրողներին ճանապարհ անցնել ավագների հետ ու սովորել նրանցից և «Գրականությունը միասնության կամուրջ» մատենաշարի առաջին և երկրորդ հատորները, որոնք, ի տարբերություն նախորդ մատենաշարերի ներկայացնում են նաև օտարազգի գրչընկերներին։ Գրքի առաջին հատորը հայազգի գործընկերների կողքին ներկայացրեց գրողների՝ Ռուսաստանից, մոլդովայից, Տաջիկստանից և վյետնամից։ Ներկայում, ընթացքի մեջ է մատենաշարի երկրորդ հատորը, որի աշխարհագրությունը ևս բավական լայն է՝ Հայաստան, Արցախ, Ռուսաստանի Դաշնություն, Ավստրալիա, Ֆրանսիա, Դանիա, Կանադա և այլուր։
 
Միությունն ակտիվ է նաև միջազգային համանման կառույցների հետ համագործակցության հարցում և կապեր է պահում Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի, Ռուսաստանի գրողների միության և այլ՝ օտարազգի և հայկական կառույցների հետ Հայաաստանում և հայկական սփյուռքում։ Այս կառույցների շարքում են Երգրծաբանների համահայկական միությունը, Կալիֆորնիայի հայ գրողների միությունը, Հայ դրամատուրգների միությունը, Հյուսիսային Ամերիկայի գրողների միությունը, Ռուսական բանաստեղծների Միությունը, Մոլդովալի Ալեքսանդր Պուշկինի անվան գրողների միությունը․․․․ բարեկամության հուշագրեր է կնքել Երգիծաբանների համահայկական միության, Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի, Նովոսիբիրսկի Վ․ Վիսոցկու անվան ամենամյա փառատոնի հետ։
     
Միության անդամների քանակն այսօր հասնում է շուրջ յոթ տասնյակի, որոնց թվում են ականավոր հայ և օտարազգի արվեստագետներ Հայաստանից և սփյուռքից։ 
     
2023 թվականի մարտին, Միության նախագահ Գուրգեն Բալայանի նախաձեռնությամբ հրավիրվեց Միության արտահերթ համագումար, որի արդյունքում Միությունն անցավ կառավարման կոլեգիալ կարգի և ձևավորեց ինը հոգուց բաղկացած խորհուրդ։ Խորհրդի կազմում ընտրվեցին՝ Գուրգեն Բալայանը, Սուրիկ Գրիգորյանը, Գագիկ Անտոնյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Աիդա Մովսիսյանը, Սոֆյա Սարգսյանը, Արմենուհի Ծատուրյանը, Նելլի Ղարիբյանը և Նարինե Մակրտումյանը։ Սուրիկ Գրիգորյանը, Գագիկ Անտոնյանը և Նարեկ Մարտիրոսյանը նշանակվեցին Միության փոխնախագահներ, Նարինե Մակրտումյանը՝ Խորհրդի քարտուղար, իսկ Նելլի Ղարիբյանը հասարակության հետ կապերի պատասխանատու։ Խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում ստեղծվեցին Խորհրդին առընթեր Էթիկայի և Միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովներ։ Էթիկայի հանձնաժողովի նախագահ նշանակվեց բանաստեղծ, թարգմանիչ Գոռ Պողոսյանը, փոխնախագահներ՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Բյուրեղիկ Մնեյանը և բանաստեղծուհի Իրինա Արամյանը։ Միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ նշանակվեց դրամատուրգ Մուշեղ Մխիթարյանը, փոխնախագահներ՝ միության արտասահմանյան անդամներ՝ մոլդովաբնակ արվեստաբան Լյուդմիլա Կուլիկովան և Տատյանա Զիմիչը՝ Վլադիվոստոկից։
 
Ինչպես նշեցինք, Միությանը անդամակցում են բավական հեղինակավոր օտարազգի գործիչներ, որոնցից են Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի գրողների միության Ավստրալիայի տարածքային բաժանմունքի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սիդորովը, Ռուսաստանի գրողների միության Միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Նիկոլայ Ժդանով-Լուցենկոն, ով, ի դեպ հանդիսանում է Ռուսաստանի հայկական համայնքի հիմնի հեղինակը, երգ, որը վերջերս կատարեց նշանավոր բուլղարահայ երգիչ Բեդրոս Կիրկորովը։
   
Միջազգային բարեկամության շրջանակներում, Մշակույթի գործիչների Միությունը կարողանում է կապեր ստեղծել ու հնարավորություն տալ միութենական գրողներին հրատարակվելու նաև արտերկրում, որի վառ օրինակը Պյատիգորսկում հրատարակված «Էոլոսյան քնար», և Բուլղարիայում հրատարակված «Արտ-լիտերա» ալմանախներն են։
   
Խոստումնալից մեկնարկով և լայն թափով առաջ գնալու պատրաստակամությամբ նշեց իր մեկամյակը Մշակույթի գործիչների միությունը, միաժամանակ ամփոփելով «ԼիտՄոստ» գրական թարգմանության ամենամյա առաջին մրցույթի արդյունքները, իսկ առաջիկայում սպասվում է «Հայ գիր» Ամենամյա գրական մրցույթի ամփոփումը։ «Միասին կարող ենք ավելին» գաղափարախոսությունը որդեգրած միությունը խոստանում է նորանոր նշաձողերի հաղթահարում։
 
Նելլի ԳԵՂԱՄԱ