Մասշտաբային տոնական հանդիսություն` Պարի միջազգային օրվա առթիվ

Պարի միջազգային օրվա առթիվ երեկ՝ ապրիլի 29-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպվեց մասշտաբային տոնական հանդիսություն։ Այն կազմակերպել էր նորաստեղծ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Զարկ ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամի հետ համատեղ։ 
 
Միջոցառման մեկնարկը տրվեց կարմիր գորգի արարողությամբ․ կարմիր գորգով քայլեցին և միջոցառմանը մասնակցեցին Երևանի ավագանու անդամները, վարչական շրջանների ղեկավարները, այլ պաշտոնական այրեր, հասարական և մշակույթի գործիչներ։
 
Այնուհետև, համերգային երեկոյին հանդես եկան Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» պետական անսամբլը (հիմնադիր, գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նորայր Մեհրաբյան) , Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը (ստեղծագործական խմբի ղեկավար Գրիգոր Ոսկանյան, գլխավոր բալետմայստեր Գարիկ Խաչիկյան) և Պարի պետական անսամբլը (գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյան, երաժշտական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հայկ Գրիգորյան), ինչպես նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջը (տնօրեն Դավիթ Գալստյան) և Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ազգային բալետային խումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան)։ Ներկայացվեցին նաև տեսաշարեր՝ նվիրված պարարվեստի ոլորտի նվիրյալներին։ Նշենք, որ 2023 թվականը հոբելյանական է․ նշվում են Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակը, Էդվարդ Մանուկյանի 115-ամյակը, Թերեզա Գրիգորյանի 100-ամյակը, Ազատ Ղարիբյանի 100-ամյակը, Արտյուշա Կարապետյանի 95-ամյակը, ինչպես նաև Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի 85-րդ և Պարի պետական անսամբլի 65-րդ հոբելյանները։ 
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթի խոսքում առանձնահատուկ կարևորեց նման տոնական միջոցառման անցկացումը։ 
 
- Այսօր ևս մի հրաշալի առիթ է, որ մեծարենք պարը։ Պարն արվեստի այն լեզուն է, որը հասկանալի է բոլորին՝ անկախ կրոնական, ազգային պատկանելիությունից, անկախ բոլորիս տարբերություններից։ Պարը մեր ազգային ինքնության մի մասն է, որը ուղեկցել է մեզ ողջ պատմության ընթացքում։ Շատ ուրախ եմ, որ մեր մշակութային քաղաքականության շրջանակներում հետևողականորեն աջակցում ենք ամենատարբեր համույթներին, կոլեկտիվներին, երիտասարդ կատարողներին, պարուսույցներին, և որ աջակցությունը դրսևորվում է նաև պարի հանրահռչկմամբ արտերկրում։  Վստահ եմ, որ այս ոլորտում շատ անելիքներ ունենք, և միշտ պետք է հիշենք ոլորտի երախտավորներին, ովքեր ձևավորել են լավագույն ավանդույթները,-նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
 
Նախարարի խոսքով՝ մենք շատ անուններ են լսելու, որոնք շարունակելու են պահել պարարվեստի ոլորտի երկարամյա ավանդույթներն ու բարձր որակը։ 
 
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը միջոցառման ընթացքում ընթերցեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղերձի խոսքը, ով երախտագիտության խոսք էր հղել պարային կոլեկտիվներին ու պարարվեստի ներկայացուցիչներին։ 
 
- Շնորհավորում եմ պարարվեստի ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ տոնի կապակցությամբ։ Ուրախ եմ, որ նման մասշտաբային միջոցառմամբ նշեցինք այս կարևոր իրադարձությունը։ Էլ ավելի առանձնահատուկ ուրախ եմ, որ երեկոյին հանդես եկան Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կոլեկտիվները։ Նորաստեղծ կենտրոնն ակտիվ գործունեություն է ծավալելու՝ ի նպաստ ոլորտի զարգացման,-նշեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, ով ևս կարևորեց նման միջոցառման իրականացումը։